Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՄՆ պետդեպարտամենտը՝ Ստեփան Հովակիմյանի գործով

Մայիս 31,2012 13:35

«Մոսկվա» կինոթատրոնում 2010թ. հունվարին տեղի էր ունեցել գողություն: 5 մլն դրամ էր պակասել դրամարկղից: Կենտրոնի ոստիկանության բաժին տարվեցին Ստեփան Հովակիմյանն ու Վահրամ Քերոբյանը: Ստեփանը խոշտանգումների արդյունքում տվեց ինքնազրպարտիչ ցուցմունքներ, որոնք դրվեցին մեղադրանքի հիմքում: Մայիսի 30-ին Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում նշանակվել է հերթական դատական նիստը: Ստեփան Հովակիմյանի եւ Վահրամ Քերոբյանի պաշտպանները բացարկ են հայտնել նախագահող դատավոր Մխիթար Պապոյանին: Մինչ դատաքննությունը, տեղեկացանք, որ ԱՄՆ պետդեպարտամենտն իր վերջին զեկույցում անդրադարձել է այս գործին:

«Չնայած օրենքն արգելում է նման գործելակերպը, անվտանգության ուժերը պարբերաբար շարունակել են այդպես վարվել: Վկաները հայտնում են, որ ոստիկանները ծեծել են քաղաքացիներին ձերբակալության եւ հարցաքննության ժամանակ: Իրավապաշտպան հասարակական կազմակերպությունները (ՀԿ) պատրաստել են նմանատիպ հայտարարություններ, սակայն նաեւ նշում են, որ ոստիկանության վատ վերաբերմունքի շատ դեպքեր չեն հայտարարվում, հետապնդումների վախից: Ըստ իրավապաշտպան կազմակերպությունների, շատերը, ովքեր տեղափոխվել են բանտ ոստիկանությունից,  հայտարարել են, որ, ցուցմունքներ կորզելու նպատակով, ոստիկանությունում ենթարկվել են խոշտանգումների, ճնշումների կամ սպառնալիքների: Հայտնել են, որ չարաշահումները հիմնականում տեղի են ունեցել ոստիկանության բաժանմունքներում, որտեղ չկա հասարակական հսկողություն, բայց ոչ բանտերում կամ ոստիկանության ժամանակավոր ազատազրկման կառույցներում, որոնք հսկվում են»:

Պետդեպը նաեւ արձանագրում է. «Օրինակ, մայիսի 17-ին Քաղաքացիական հասարակության ինստիտուտը կոչ է արել արդար դատավարություն իրականացնել Ստեփան Հովակիմյանի եւ Վահրամ Քերոբյանի գործով, ովքեր պնդում են, որ  Երեւան քաղաքի կենտրոնում գտնվող կինոթատրոնի գողության վերաբերյալ խոստովանությունը գրվել է ոստիկանությունում շարունակական ֆիզիկական եւ հոգեբանական բռնության ենթարկվելու արդյունքում: Քաղաքացիական հասարակության ինստիտուտը պահանջել է անկախ հետաքննություն իրականացնել ամբաստանյալների խոշտանգումների մասին հայտարարությունների վերաբերյալ եւ վերջ դնել գործի հիմքում միայն ինքնախոստովանական ցուցմունքներ դնելու պրակտիկային: Ըստ փաստաբանի, Հովակիմյանը մի քանի անգամ անօրինական տարվել է Երեւանի Կենտրոն համայնքի ոստիկանության բաժանմունք եւ ենթարկվել է ֆիզիկական եւ հոգեբանական բռնության՝ խոստովանություն կորզելու նպատակով: Հովակիմյանը խոստովանել է այն բանից հետո, երբ ոստիկանները սպառնացել են սեռական ոտնձգություններ կատարել եւ «բերել» իր ընկերուհուն: Ըստ փաստաբանի, գողության ենթադրյալ տուժողը հաղորդում է ներկայացրել հանցագործության վերաբերյալ միայն այն բանից հետո, երբ Հովակիմյանը խոստովանել է, այսինքն՝ ոստիկանությունը իրականացրել է հետաքննությունը նախքան հանցագործության մասին հաղորդում կազմելը»:

Ինչ վերաբերում է հետաքննությանը, ապա Պետդեպը արձանագրում է. «Դիտորդները պնդում են, որ խոշտանգումների հայտարարության վերաբերյալ իրականացված հետաքննությունը անարժանահավատ է, իսկ դատարանը անտեսում է Հովակիմյանի հայտարարությունները, որ այդ խոստովանությունը ստացվել է խոշտանգումների արդյունքում»:

Հիշեցնենք, որ այս գործը Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում է շուրջ 22 ամիս, փոխվել են մեկ դատավոր, պաշտպաններ, իսկ սայլն առաջ չի գնում: Կալանքի տակ պահելու ողջամիտ ժամկետն անգամ անցել է:

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031