Այս շաբաթ գործակարգավարականի ընթացքում քննարկված ծրագրեր
Կառավարության աջակցությամբ Երևանի քաղաքապետարանի կողմից գնված 45 տրոլեյբուսներից 22-ն արդեն Երևանում է, իսկ մնացածը տեղ կհասնի շուտով:
Դրանք փաստացի շահագործման հանձնելու պահից մայրաքաղաքի փողոցներից կվերանան հին տրոյեյբուսները:
Երևանում շարունակվում է ենթակառուցվածքային խոշոր ծրագրերի իրագործումը: Արդեն կայացել է Արտաշատի խճուղի-Մ2 հյուսիս-հարավ միջպետական ճանապարհը Նորագավիթի 1-ին փողոցին կապող տրանսպորտային հանգույցի շինարարության մրցույթը:
Ծովակալ Իսակովի և Արշակունյաց պողոտաները միմյանց կապող նոր ճանապարհահատվածի շինարարության նախապատրաստությունն ավարտական փուլում է: Շուտով կտրվի շինարարության մեկնարկը: Նոր ճանապարհը կարևոր նշանակություն կունենա մայրաքաղաքի երթևեկության ծանրաբեռնվածությունը նվազեցնելու գործում:
Կարդացեք նաև
Աջափնյակ վարչական շրջանում նախատեսվող մետրոյի կայարանի հարակից տարածքում նախատեսվում է իրագործել քաղաքաշինական ներդրումային խոշոր ծրագիր: Ծրագիրը մրցութային փուլում է: Նախագծով կարևորվում է ժամանակակից ավտոկայանատեղիների կառուցումը, որը հնարավորություն կտա բեռնաթափել Երևանի կենտրոնական հատվածները: Շարունակվում է մետրոյի «Աջափնյակ» կայարանի շինարարության նախապատրաստությունը:
Երևանի Ալբերտ Ազարյանի անվան մարմնամարզության նոր մարզադպրոցի շինարարությունն ընթանում է մեծ թափով, որից հետո մարզադպրոցը կստանա մարզական անհրաժեշտ գույք:
Մայրաքաղաքում կառուցվում և վերակառուցվում են նախակրթական մի շարք հաստատություններ: Մասնավորապես, Արաբկիր վարչական շրջանի Շրջանցիկ թունելի 42/1 հասցեում կկառուցվի նոր մսուր-մանկապարտեզ:
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի հ. 156 մանկապարտեզը սեյսմիկ տեսակետից վերազինելու, էներգաարդյունավետությունը բարելավելու և վերակառուցելու գործընթացն ավարտվում է: Ընթացքում է նաև Արաբկիր վարչական շրջանի հ. 24 և Ավան վարչական շրջանի մանկապարտեզների նոր շենքերի շինարարությունը: Նախակրթարանները կունենան 6-ական խումբ: Տանիքներում կտեղադրվեն 20 կՎտ հզորությամբ արևային ֆոտովոլտային համակարգեր: Բակային հատվածները կկանաչապատվեն, կկառուցվեն խաղահրապարակներ, ոռոգման նոր համակարգեր:
Նոր խարբերդ թաղամասում կկառուցվի մսուր-մանկապարտեզի նոր շենք:
Մայրաքաղաքում շարունակվում է փողոցների միջին նորոգման գործընթացը: Արդեն իսկ ավարտվել է Սարյան և Տիտոգրադյան փողոցների նորոգումը. փոխարինվել է ասֆալտբետոնե ծածկը, ուղղվել են դիտահորերի նիշերը, տեղադրվել են լողացող դիտահորեր:
Մայրաքաղաքում շարունակվում է կանգառասրահներում էլեկտրոնային չվացուցակներ տեղադրելու գործընթացը: Տարեսկզբից մինչև այժմ տեղադրվել է այդպիսի 6 կանգառասրահ, մինչև հունիսի վերջ նախատեսվում է տեղադրել ևս 6-ը: 2025թ. ընթացքում էլեկտրոնային չվացուցակներ են տեղադրվել ավելի քան 40 կանգառասրահներում:
Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ համայնքային մանկապարտեզներում 3-6 տարեկան երեխաների հուզական մտածողությունը զարգացնելու նպատակով իրագործվել է փորձնական ծրագիր: Այն հնարավորություն է տալիս երեխաներին ավելի լավ ճանաչելու և կառավարելու սեփական հույզերը: Բացի այդ, համապատասխան թեստերով վերլուծվել է երեխաների կարողությունները և ծրագրի արդյունավետությունը:
Երևանի Նորագյուղ թաղամասը կվերակառուցվի: ՀՀ կառավարության ապրիլի 23-ի ընդունված 567 որոշմամբ տարածքը ճանաչվել է հանրության գերակա շահ: Դրա հիման վրա կմեկնարկեն և կիրագործվեն տարածքում առկա գույքի գնահատման և փոխհատուցում տրամադրելու գործընթացները:
«Կասկադ» համալիրը վերակառուցելու և ««Կասկադ» մշակութային հանգույց» նախագիծն իրագործելու նպատակով գնահատվում է տարածքում առկա գույքը ու հստակեցվում դրանց դիմաց փոխահատուցում տրամադրելու գործընթացը:
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հասարակական կարգի պահպանության ծառայության աշխատակիցներին տրամադրվել է նոր արտահագուստ: Այսուհետ ծառայության դուրս եկող աշխատակիցներին քաղաքացիները կճանաչեն նոր համազգեստով:
Կենտրոն վարչական շրջանը «Կերոն» զարգացման հիմնադրամի և «Paper.evn»-ի հետ համատեղ մայիսի 4-ին Երևանի Միսաք Մանուշյանի անվան պուրակում բացեց «Հայ գյուտարարներ․ գիտությունը՝ ներսից դուրս» հանրային խաղահրապարակը։ Այն զբաղեցնում է շուրջ 700 քմ տարածք և համապատասխանում է անվտանգության բոլոր չափանիշներին։ Խաղահրապարակը նախատեսված է 3-12 տարեկան երեխաների համար, որոնք խաղի միջոցով հնարավորություն կունենան նաև բացահայտել գիտության աշխարհը։
Կենտրոն վարչական շրջանում գտնվող մի քանի բնակելի շենքերի վրա պատկերվել են հայկական մշակույթը ներկայացնող պատկերներ: Բացի այդ, Աբովյան-Պուշկին փողոցների հետիոտնային հատվածում պատկերվել է հայկական մշակութային գորգ՝ 1828 թվականի հայկական գորգի մոտիվներով:
«Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճը կվերակառուցվի և ամբողջությամբ կբերվի նախնական տեսքի: Սա քաղաքի ամենահետաքրքիր կառույցներից մեկն է:
Երևանի քաղաքապետարան


















































