Լրահոս
Օրվա լրահոսը

Նարեկ Սարգսյանի համոզմամբ` արտագաղթն ու սոցիալական վիճակի ծանր լինելը երեխաների դաստիարակության վրա բացասաբար են ազդում

Հունիս 01,2012 10:12

Լոռու մարզպետարանի ընտանիքի, կանանց եւ երեխաների իրավունքների պաշտպանության բաժնում այս տարվա առաջին եռամսյակի տվյալներով հաշվառված են 41 երեխաներ: Նրանցից 16-ը հանցագործություն կատարած երեխաներ են, 18-ը` իրավախախտ: 41 երեխաներից պարտադիր ուսուցումից դուրս մնացածները 5-ն են: Բաժնում մուրացկանությամբ զբաղվելու 2 դեպք է գրանցված:

Բաժնի պետ Նարեկ Սարգսյանի համոզմամբ, թեեւ այս երեխաներին հանցագործ աշխարհ դրդող պատճառները շրջապատի ազդեցությունն է եւ ինքնաճանաչման խնդիրը, այնուամենայնիվ, առաջնային դրդապատճառը սոցիալական անապահով վիճակն է:

«Քանի որ 13-17 տարեկան երեխաներն ունեն ինքնակայացման, ինքնաճանաչման խնդիր, ապա իրավախախտման եւ հանցագործությունների դեպքերի հիմնական պատճառը նաեւ շրջապատի ազդեցությունն է եւ ինքնաճանաչման խնդիրը: Սակայն սոցիալականը մնում է առաջնային պատճառ»:

Նա բացատրում է, որ սոցիալական վիճակի վատթարացումը, արտագաղթը ազդում են երեխաների լիարժեք դաստիարակության վրա:

«Երեխան պետք է ընտանիքում եւ հոր, եւ մոր դաստիարակությունը ստանա: Բայց քանի որ, մանավանդ գյուղական համայնքներում, տղամարդիկ մեկնում են արտագնա աշխատանքի, մայրն էլ ընդամենը փորձում է հոգալ ընտանիքի խնդիրները, ուստի երեխաները մնում են ուշադրությունից դուրս: Այդ երեխան կարող է մի օր դասի չհաճախել, մի օր փողոցում կռիվների մեջ մտնել, դիմել հանցագործությունների»,-բացատրում է Նարեկ Սարգսյանը` հավելելով, որ երեխաների դաստիարակության խեղաթյուրման գործում իր տեղն ունի նաեւ հեռուստատեսությունը:

«Ցավոք այսօր դրան նպաստում են նաեւ մեր հեռուստատեսությունը, բոլոր այն այլանդակ ֆիլմերը, որ իբր թե կյանքից վերցրած են, բայց նոր են փորձում կյանք մտնել, եւ մտնում էլ են»,- հավելում է զրուցակիցս:

Երեխաների իրավունքների պաշտպանության արդյունավետ մեխանիզմներ ունենալու համար, ըստ Նարեկ Սարգսյանի, անհրաժեշտ է ունենալ երեխայակենտրոն համակարգ, երբ մեկ երեխայի խնդիրը բոլորի ուշադրության կենտրոնում կլինի` թե պետական, թե հասարակական սեկտորի ներկայացուցիչների:

Նա նաեւ մատնանշում է մի շարք փոփոխությունների անհրաժեշտությունը.

«Դատական համակարգում բաց ունենք, անհրաժեշտ է գոնե ամեն ատյանում մեկ դատավոր զբաղվի կոնկրետ երեխաների հարցերով: Մեխանիզմը պետք է փոխվի: Կարծրատիպեր կան, որ հաղթահարել է անհրաժեշտ. ընտանիքը չի ուզում, որ երեխայի անունը դուրս գա, հոգեբանական ծառայությունները այսօր չեն դիտվում այնպիսին, ինչպիսին որ պիտի լինեն, նաեւ դպրոցները այսօր շատ խիստ դժվարությամբ են ընդունում հոգեբանին ու սոցիալական աշխատողին, քանի որ նրանք վեր են հանելու այն բացերը, ինչը կա եւ ընտանիքում եւ դպրոցում»:

Նրա կարծիքով, միայն օրենքներ գրելով հնարավոր չէ երեխաների իրավունքների պաշտպանության հիմնախնդիրները լուծել. «Մինչեւ վերոնշյալ կարծրատիպերը չհաղթահարենք, ինչ ռազմավարություն ուզում ենք մշակենք, ինչ օրենք ուզում ենք գրենք, ինչ միջազգային կոնվենցիայի էլ որ միանանք, միեւնույն է, մենք ունենք լոկալ խնդիրներ, մենք մինչեւ տեղում մեր լոկալ խնդիրները չլուծենք, չուժեղացնենք մեր խնամակալության եւ հոգաբարձուների խորհրդի աշխատանքները, դպրոցները, ընտանիքները, սոցիալական շատ խնդիրներ չլուծենք, օրենքի տողով մենք հարցեր չենք լուծի: Մենք պետք է այնպիսի օրենքներ ունենանք, որ համահունչ լինեն այդ պահին տիրող իրավիճակին»:

Անուշ ԲՈՒԼՂԱԴԱՐՅԱՆ

Վանաձոր

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930