Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում սկսվել է մանկահասակ երեխայի 21-ամյա մորը այրած Գեւորգ Թադեւոսյանի դատավարությունը:
Այս տարվա հունվարի 20-ին 51-ամյա գյումրեցի Գեւորգ Թադեւոսյանն իր աղջկա պատիվը փրկելու համար սպանել, այնուհետեւ պոլիտեխնիկական ինստիտուտի նախկին շենքի կիսանկուղային հատվածում այրել էր 8 ամսական երեխայի մոր՝ 21-ամյա Մարի Դավթյանի դին: Ըստ նախաքննական չորս ցուցմունքների՝ ամբաստանյալին զայրացրել է այն փաստը, որ Մարին, մտերիմ լինելով իր դստեր՝ 20-ամյա Ալվարդ Թադեւոսյանի հետ, նրան ներքաշում էր մարմնավաճառության մեջ: Եվ երբ հերթական անգամ Մարի Դավթյանը փորձել է տնից դուրս կանչել Ալվարդին՝ երեխային մի քանի ժամով պահելու պատրվակով, Գեւորգ Թադեւոսյանը հետեւել է Մարիին, հասել է նրա տնակ, որը, ի դեպ, գտնվում է իրենց թաղում՝ Սավոյան փողոցում, եւ այնպես է խփել նրա աջ ծնոտին, որ վերջինս ուշաթափվել ու այլեւս գիտակցության չի եկել: Այնուհետեւ Գեւորգ Թադեւոսյանը դին քարշ է տվել նախկին պոլիտեխնիկական ինստիտուտի տարածք ու նախապատրաստվել է այրել: Իր հետ վերցրել է «սկոչ», 25 կգ-անոց ալյուրի պարկ, ջերմուկի շիշ, ցելոֆոնե տոպրակ, դիզվառելիք: Մարիի ձեռքերը, ոտքերը, վիզը սկոչով կապելով, գլխին ցելոֆոնե տոպրակ անցկացնելով՝ այրել է կնոջը: Նշենք, որ Մարիի խնամքին եղել են 2 անչափահաս երեխաներ. ոչ միայն իր նորածին՝ 8 ամսական դուստրը, այլեւ քույրը, որին մոր մահից հետո նա հանձնել էր կուսանոց: Մարի Դավթյանը ամուսին չի ունեցել, 10 օրով հարս է գնացել Փանիկ գյուղ ու ամուսնալուծվել:
Այսօր ամբաստանյալը՝ Գեւորգ Թադեւոսյանը, պնդում էր, որ Մարիին սպանողը ինքը չի եղել, որն էլ ապշեցրեց ինչպես դատը նախագահող դատավոր Էդուարդ Մանուկյանին, այնպես էլ դատախազ Սալոյանին: Վերջիններս հարցրին, թե այդ դեպքում ինչո՞ւ նախորդ դատական նիստի ժամանակ կիսախոստովանություն արեց: Գեւորգ Թադեւոսյանը մեղքը բարդում էր Մարիի հարեւանի՝ Օնիկի վրա՝ պնդելով, որ հենց նա է Մարիին սպանել: Դատարանը ստիպված եղավ հրապարակել նրա 4 նախաքննական ցուցմունքները, որտեղ Գեւորգ Թադեւոսյանն ամենայն մանրամասնությամբ խոստովանում էր, թե ինչ դաժանությամբ է այրել իր դստեր ընկերուհուն: Վերջինս նաեւ զղջում էր իր արածի համար: Ցուցմունքներն էլ գրված էին հենց նրա ձեռքով:
Կարդացեք նաև
Նշենք, որ Գեւորգ Թադեւոսյանի աղջկա՝ Ալվարդ Թադեւոսյանի պատճառով արդեն երկրորդ մարդասպանությունն է տեղի ունենում Գյումրիում, ընդ որում՝ զոհերին սպանում են նույն ձեռագրով՝ այրելով: Մոտ 4 տարի առաջ նույն տեղում՝ պոլիտեխնիկական ինստիտուտի կիսաքանդ առաջին հարկում ողջ-ողջ այրեցին մի տղամարդու, որն իբրեւ թե փորձել էր «ձեռ գցել» Ալվարդին: Իսկ սպանողները 4-ն էին՝ Ալվարդի եղբայրը, եղբոր ընկերը, նախկին ամուսինը՝ Անատոլի Բորիենկոն, որը Գյումրու քաղաքապետարանում ձեւակերպված էր որպես փողոցի հավաքարար, եւ սկեսրայրը: Հիմա վերջիններս գաղութում են:
Այսօր գլխավոր հերոսուհին՝ Ալվարդ Թադեւոսյանը, այնպիսի մի հիստերիայի մեջ ընկավ դատարանի դահլիճում, որ կարգադրիչները ստիպված եղան նրան դուրս հանել միջանցք, որտեղ եւ ընկնելով գետնին՝ գոռում էր: Սակայն կարճ ժամանակ անց նրան հրավիրեցին ներս՝ վկայություն տալու, նա էլ իր հոր պես պնդում էր, թե մարդասպանը Օնիկն է: Ստիպված եղան ընթերցել նրա նախաքննական ցուցմունքը եւս, որից պարզ դարձավ, որ 20-ամյա այս աղջիկը Մարի Դավթյանի հետ ծանոթ է եղել Գյումրու թիվ 3 գիշերօթիկ դպրոցից, աշակերտական տարիներից, սակայն մտերմացել է վերջերս, Մարիի հետ 2000 դրամով կլիենտների է սպասարկել Գյումրու կայարանում գտնվող պարի դպրոցում: Դպրոցի պահակը՝ Լյովա պապիկը, անծանոթ տղաների է բռնացրել, անընդհատ զանգահարել է Մարիին ու իր կաբինետը նրանց տրամադրել: Ինչեւէ, Ալվարդ Թադեւոսյանը հոր պես պնդում էր, որ ցուցմունքը գրել է նախաքննական մարմնի ճնշման տակ, ինքը անբարոյականությամբ երբեք չի զբաղվել, այլ պահել է Մարիի երեխային, որպեսզի վերջինս զբաղվի այդ գործով: Ալվարդ Թադեւոսյանը, ըստ նախաքննական ցուցմունքի, նաեւ ականատես է եղել, թե ինչպես է հայրը այրում Մարիի դիակը, բացի այդ՝ խոստովանել է, որ Մարիի մահից մեկ շաբաթ առաջ նրա տնակը այրել է իր ձեռքերով: Իսկ պատճառը, ըստ նրա, եղել է այն, որ գաղութում գտնվող իր նախկին ամուսինը՝ Անատոլի Բորիենկոն, զանգահարել է Մարիի հեռախոսին ու հայտնել, որ բաժանվելու է Ալվարդից ու ամուսնանալու է Մարիի հետ: Ալվարդը դատավոր Էդուարդ Մանուկյանին խնդրում էր, որ զգուշացնի Մարիի հարեւան Օնիկին հեռու մնա իրենից: Ըստ նրա՝ Օնիկը իրեն անընդհատ սպառնում է, վախեցնում է, թե՝ քեզ Մարիի օրը կգցեմ: «Աղջիկ ջան, դու նմանատիպ մի դեպքով անցել ես որպես գլխավոր հերոս, ես քեզ անգիր գիտեմ, քո մոտ վախ չկա, էդ ի՞նչ արեցիր քիչ առաջ: Եվ հետո, եթե էդքան վախենում ես՝ այստեղից հենց դուրս եկար, գնա ոստիկանություն, ասա՝ ինձ փրկեք Օնիկից, դատարանը այդ հարցերով չի զբաղվում»,- խորհուրդ տվեց Էդուարդ Մանուկյանը: Այնուհետեւ որպես վկա հրավիրեցին Գեւորգ Թադեւոսյանի քրոջը՝ Լուսինեին, որը հայտարարեց, թե իբրեւ Մարիի հարեւանը՝ Օնիկի կին Մանուշը, մի անգամ իրեն կանչել է ու ասել, որ մարդասպանը ոչ թե քո եղբայրն է, այլ իմ ամուսինը: Դատարանը ստիպված եղավ որպես վկա հրավիրել թե՛ Օնիկին եւ թե՛ նրա կնոջը: Օնիկի կինը՝ Մանուշը, անեծքախառն երդում տվեց, որ ինքը ամբաստանյալի քրոջը՝ Լուսինեին, չի ճանաչում, ինչպե՞ս կարող էր նրան կանգնեցնել ու ասել, թե իր ամուսինն է մարդասպանը: «Եթե սուտ եմ ասում, իմ երեխուս դագաղը դնեմ, հորս ոսկորները գերեզմանից հանեմ ուտեմ, հարգելի քաղաքացի դատավոր, թե չէ՝ թող էդ Լուսյան իր ջուխտ եղբորը դագաղ դնի»,- հուզվեց վկայություն տվող կինը: Այնուհետեւ վկայություն տալու հերթը հասավ Օնիկին՝ Հովհաննես Սահակյանին, որը հայ-ռուս կազակների գլխավոր ատաման է: Վերջինս պնդեց, որ իր ընտանիքն է եղել Մարիի միակ պաշտպանը, նրա երեխային իր կինն է պահել, հետեւաբար՝ ինչպե՞ս կարող էր ինքը Մարիի հետ սեռական հարաբերության մեջ մտնել կամ նրան սպանել: «Դու օրենքից որ պրծնես, ինձանից չես պրծնի, բանտից դուրս արի, ես քո կոկորդն եմ կտրելու մանկահասակ երեխայի մորը սպանելու համար»,- Գեւորգ Թադեւոսյանին սպառնաց Օնիկը, ու սկսվեց մի իրարանցում, ճիչ: Դատը հետաձգվեց մեկ շաբաթով:
ՆՈՒՆԵ ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ



















































