Լրահոս
Օրվա լրահոսը

Գնդապետի դատին հարցեր կտան դատական հոգեբանին

Հունիս 06,2012 21:55

Հունիսի 5-ին Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում, դատավոր Զոյա Զաքինյանի նախագահությամբ, կայացել է  Իջեւանի գնդի  նախկին հրամանատար Սերգեյ Կարապետյանի եւ   նույն  գնդի գումարտակի նախկին հրամանատար Հրանտ Դալլաքյանի դատավարության հերթական նիստը:  Նիստում  շարունակվել  եւ ավարտվել է գործում առկա փաստաթղթերի 5 հատորների հրապարակումը: Գնդապետ Ս. Կարապետյանը դատարանում ցուցմունքներ չի տվել՝ հայտարարելով, որ ցուցմունքներ կտա միայն գործով 3 տուժողների ներկայությամբ: Վերջիններս նախկինում դատարանում ցուցմունքներ  են տվել, սակայն վերջին մի քանի նիստերին ներկա չեն եղել:  Դատարանը նրանց բերման ենթարկելու որոշում է ուղարկել,   ոստիկանությունից  հայտնել  են, որ գործով տուժող 3 երիտասարդները գտնվում են Ռուսաստանում:

Հաջորդ նիստը նշանակված է հուլիսի 2-ին: Հաջորդ նիստին դատարանում հարցեր կուղղեն սույն գործով ներգրավված  դատական հոգեբանին:  Հիշեցնեմ, որ  Իջեւանի գնդի նախկին հրամանատար Սերգեյ Կարապետյանը եւ գումարտակի նախկին  հրամանատար Հրանտ Դալլաքյանը  իրենց մեղավոր չեն համարում: Այս դատավարությունը սկսվել է 2011թ. դեկտեմբերի 8-ին: Քրեական գործի պատմությունը հետեւյալն է. Իջեւանի տարածաշրջանից չորս երիտասարդներ 2010թ. դեկտեմբերի 31-ին՝ տարեմուտից մի ժամ առաջ, ջերմության դեմ դեղորայք են տարել իրենց ընկերներից մեկի եղբորը, ով վերոհիշյալ զորամասում է ծառայում: Նրանց հանդիպել է զորամասի հրամանատար, գնդապետ Սերգեյ Կարապետյանը: Վերջինս զայրացել է նրանց այցից, հրամանատարի եւ երիտասարդների միջեւ վեճ եւ ընդհարում է եղել: Կարապետյանը նրանց բերման է ենթարկել իր աշխատասենյակ: Ահաբեկված տղաները ցատկել են նրա աշխատասենյակի երկրորդ հարկից: Դրա հետեւանքով Իջեւանի  Գետահովիտ գյուղի 20-ամյա  բնակիչ Տարոն Ենգիբարյանը գլխի ծանր վնասվածքներ էր ստացել, իսկ 21-ամյա Աշոտ Ուլիխանյանը՝ ձախ ոտքի կոտրվածք: Տարոնին տեղափոխել էին Իջեւանի հիվանդանոց, ապա՝ Երեւանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: 10 օր հետո գիտակցության չգալով՝ Տարոն Ենգիբարյանը մահացել է:

 

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930