Լրահոս
Օրվա լրահոսը

ՄՈՌԱՑՎԱԾ ՆԱԽՆԻՆԵՐԻ ՍՏՎԵՐՆԵՐԸ

Հունիս 29,2012 14:11

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

ԳԻՐՔ ՏԱՍՆՉՈՐՍԵՐՈՐԴ

Գլուխ տասնվեցերորդ

ՄՈՌԱՑՎԱԾ ՆԱԽՆԻՆԵՐԻ ՍՏՎԵՐՆԵՐԸ

Եվ երբ Ջոնն արհամարհանքով Ջավախյանին ասում էր՝ «ձեր գեղի Մանուկի մասին ենք խոսում», Հայկունին փռթկացնելով  Ջավախյանին հարցնում էր՝ «ձեր գեղը վաբշե ֆուտբոլիստ տվել ա՞, ադա», եւ Ջավախյանը մի քիչ մտածելուց հետո ասում էր՝ «վայ թե երկրորդ լիգայում կամանդ ունեցել ենք», եւ Օրթախը ժպտալով Ջավախյանին ասում էր՝ «ուրեմն, Սեմերջյան Մանուկը ձեր գեղում էլ խաղացած կըլնի», եւ Ջավախյանը մի քիչ մտածում ու լուրջ-լուրջ ասում էր՝ «էդ մինը հաստատ չեմ կարա ասեմ», եւ Արիկը փռթկացնելով ասում էր՝ «արդեն սավսեմ եք չափազանցնում», եւ Օրթախը զարմացած հարցնում էր՝ «ի՞նչն ենք չափազանցնում», եւ Արիկը խորամանկ ժպտալով ասում էր՝ «Մանուկը Սայուզի երկրորդ լիգայում էր խաղում, իսկ Ջավախյանենց գեղի կլուբը հազիվ Հայաստանի երկրորդ լիգայում խաղացած ըլնի», եւ Ջավախյանը մի քիչ մտածում ու ժպտալով Արիկին ասում էր՝ «փաստորեն, խոստովանեցիր, որ Սեմերջյանը երկրորդ լիգայում ա խաղեր տվել», եւ Արիկը մի քիչ մտածում ու ասում էր՝ «հիմնականում երկրորդ լիգայում ա խաղացել», եւ Ջավախյանը խորամանկ ժպտալով ասում էր՝ «որ երկրորդ լիգայում ա խաղ արել, բա ո՞նց ա Մեսխիին պադկատ արել», եւ Ջոնն արհամարհանքով նայում էր Ջավախյանին ու քամահրանքով ասում էր՝ «դու լավ կանես՝ ձեր գեղի կլուբից խոսաս», եւ Ջավախյանը մի քիչ մտածում ու լրջանալով ասում էր՝ «որ ճիշտն ուզում եք իմանաք, մեր գեղը Սեմերջյանից էլ վենձ  ֆուտբոլիստ ա աշխարհին տվել», եւ Ջոնը քմծիծաղով Ջավախյանին հարցնում էր՝ «ձեր  էդ վենձ ֆուտբոլիստն ո՞վ ա», եւ Ջավախյանը լրջանալով պատասխանում ու ասում էր՝ «դարպասապահ Սերգեյ Զատիկյանը», եւ Ջոնը մի քիչ մտածում ու քամահրանքով Ջավախյանին հարցնում էր՝ «էդ երբվանի՞ց ա Ալավերդին  ձեր գեղը», եւ Ջավախյանը պատասխանում ու ասում էր՝ «անձամբ Զատիկյանն Ալավերդի ա ծնվել, բայց իրա նախնիները մեր Շնողից են», եւ Օրթախը Ջավախյանի խոսքի վրա նայում էր Հայկունուն ու քմծիծաղով ասում էր՝ «մոռացված նախնիների ստվերները» եւ մի քիչ մտածում ու քմծիծաղով ավելացնում էր՝ «Սեմերջյանը քսաներորդ դարի լավագույն ֆուտբոլիստն ա, Փարաջանովն էլ՝ լավագույն կինոռեժիսորը», եւ Հայկունին լրջանալով ասում էր՝ «Սեմերջյանի մասին բան չեմ կարա ասեմ, բայց Փարաջանովը հաստատ քսաներորդ դարի լավագույն կինոռեժիսորն ա» եւ մի քիչ մտածում ու ավելի լրջանալով ավելացնում էր՝ «ընդ որում՝ ոչ թե Հայաստանի մասշտաբով, այլ՝ ամբողջ աշխարհի», եւ չնայած Սադոյան Արշակը «Տրիումֆի» էդ վեճերին հազվադեպ էր ներկա լինում, բայց եթե ներկա էր լինում, Հայկունուն ասում էր՝ «էդ արդեն չեղավ», եւ Հայկունին զարմացած հարցնում էր՝ «ի՞նչը չեղավ», եւ Արշակը, որ էդ անգամ ներկա էր, ժպտալով Հայկունուն ասաց «Սեմերջյանի հարցը չավարտած՝ Փարաջանովին եք անցնում», եւ Հայկունին  նայեց Օրթախին ու ասաց՝ «Արշակը ճիշտ ա ասում», եւ Օրթախը հարցրեց՝ «ի՞նչն ա ճիշտ ասում», եւ Հայկունին մի քիչ մտածեց ու ասաց՝ «մի թեման չպրծած՝ մյուսին եք անցնում», եւ Արիկը փռթկացնելով Արշակին ասաց՝ «դու ռեգլամենտին  հետեւի, որ էլի թեման չփոխեն» եւ Ջավախյանին նկատողություն անելով ավելացրեց՝ «ոչ մի Զատիկյան. Սեմերջյանից ենք խոսում», եւ Ջավախյանն ասաց՝ «Զատիկյանն էլ պակաս ֆուտբոլիստ չի էղել» եւ մի քիչ մտածեց ու Ջոնին հարցրեց՝ «սխալ ե՞մ ասում», եւ Ջոնը բավական երկար մտածեց ու ասաց՝ «Զատիկյանը շատ լավ վռատար էր, բայց Մանուկը շատ մեծ ա», եւ Ջավախյանը փռթկացնելով Ջոնին հարցրեց՝ «որ էդքան վենձ ա, բա ինչի՞ ա անումը Մանուկ», եւ մինչ Ջոնն արհամարհանքով ու փիլիսոփայորեն կլռեր, Արշակը ծիծաղը զսպելով  Ջավախյանին ասաց՝ «թեմայից շեղվում ես, պարոն արձակագիր», եւ Ջավախյանը զարմացած հարցրեց՝ «ե՞րբ եմ շեղվել», եւ Արշակը Ջավախյանին ասաց՝ «Ջոնը Սեմերջյանից ա խոսում, դու՝ Զատիկյանից», եւ Արիկը փռթկացնելով ասաց՝ «խեղճ Ջոնը ե՞րբ ա խոսացել», եւ Ջոնը ներողամտորեն ժպտալով ասաց՝ «Զատիկյանն էլ իրա չափով ա մեծություն» եւ մի քիչ մտածեց ու Ջավախյանին նայելով ավելացրեց՝ «ես չգիտեի, որ Սերգեյը Շնողից ա», եւ Հայկունին զարմացած հարցրեց՝ «Սերգե՞յն ով ա», եւ Ջոնը պատասխանեց ու ասաց՝ «Զատիկյանը», եւ Ջավախյանն ասաց՝ «իրա նախնիներն են Շնողից», եւ Անանիան նայեց Օրթախին ու փռթկացնելով ասաց՝ «մոռացված նախնիների ստվերները», եւ Հայկունին թարս նայեց Անանիային ու ասաց՝ «լավ կանեք՝ ձեր հասկացած բաներից խոսաք», եւ Օրթախը ծիծաղելով ասաց՝ «մենք ի՞նչ մեղք ունենք, որ էդ մարդու նախնիները Շնողից են», եւ Հայկունին հարցրեց՝ «ո՞ր մարդու», եւ Օրթախը փռթկացնելով պատասխանեց ու ասաց՝ «Սերգեյի», եւ  Արիկը Ջոնին ասաց՝ «Ջոն ջան, արի համաձայնվի, որ Զատիկյանն էլ էր մեծություն», եւ Ջոնը բավական երկար մտածեց ու ասաց՝ «Զատիկյանը մնում ա Զատիկյան, Մանուկը՝ Մանուկ», եւ Հարությունյան Հայկունին ժպտալով Ջավախյանին հարցրեց՝ «Զատիկյանն էն ա՞, որ Մոսկվայի մետրոն պայթացրել էր», եւ Ջավախյանը փռթկացնելով պատասխանեց ու ասաց՝ «մետրոն պայթացնողի անումը ոչ թե Սերգեյ էր, այլ՝ Ստեփան», եւ Ջոնն ասաց՝ «խեղճ Ստեփանի վրա շառ էին արել, դուք էլ թութակի պես կրկնում եք», եւ Օրթախը ժպտալով ասաց՝ «Ջոնն էդ մետրոն  պայթացնողին էլ ա մեծություն համարում», եւ Ջավախյանը փռթկացնելով Ջոնին հարցրեց՝ «բայց մի հարցիս տհենց էլ չպատասխանեցիր», եւ Ջոնը հարցրեց՝ «ո՞ր հարցիդ», եւ Ջավախյանը փռթկացնելով ասաց՝ «որ ինքն էդքան վենձ էր, բաց ինչի՞ էր անումը Մանուկ», եւ ես Ջավախյանին ասացի՝ «ամեն ինչ զավեշտի ես վերածում», եւ Արիկն ասաց՝ «սաղ մեղավորն Արշակն ա», եւ Արշակը զարմացած հարցրեց՝ «իմ մեղքը ո՞րն ա», եւ Արիկը ժպտալով ասաց՝ «ռեգլամենտին  չես հետեւում», եւ Արշակը շիվարած հարցրեց՝ «ես մեղավո՞ր եմ, որ թեմայից շեղվում եք», եւ Ջավախյանը հարցրեց՝ «ո՞վ ա թեմայից շեղվում», եւ Արշակը Ջավախյանին պատասխանեց ու ասաց՝ «մեկը՝ դու», եւ Ջավախյանը զարմացած հարցրեց՝ «ես ե՞րբ եմ թեմայից շեղվել», եւ Անանիան փռթկացնելով Արշակին ասաց՝ «Լեւոնը շատ ճիշտ հարց ա տալիս», եւ Արշակը զարմացած հարցրեց՝ «ի՞նչ Լեւոն», եւ Անանիան պատասխանեց ու ասաց՝ «Ջավախյան Լեւոնը», եւ Օրթախը փռթկացնելով Անանիային ասաց՝ «որ Լեւոն ես ասում, Արշակը վատանում ա», եւ  Անանիան զարմացած հարցրեց՝ «ինչի՞ ա վատանում», եւ Հայկունին ժպտալով ասաց՝ «որովհետեւ Արշակի համար մի հատ Լեւոն գոյություն ունի», եւ Անանիան ժպտալով ասաց՝ «Ջավախյան Լեւոնը շատ ճիշտ ու շատ տրամաբանական հարց ա տալիս», եւ Արշակը հարցրեց՝ «ի՞նչ հարց ա տալիս», եւ Անանիան փռթկացնելով հարցրեց՝ «Սեմերջյանը որ էդքան մեծ ա, բա ինչի՞ ա անունը Մանուկ», եւ Արիկը փռթկացնելով ասաց՝ «որ իրա  ծնողներն իրա անունը Մանուկ են դրել, էդ վախտ իրանց մտքներով չի անցել, որ էդ էրեխեն էդքան մեծ ֆուտբոլիստ ա դառնալու», եւ Արշակն ասաց՝ «ամեն ինչ  զավեշտի եք վերածում», եւ Ջավախյանն ասաց՝ «Արշակը ճիշտ ա ասում», եւ Արիկը զարմացած հարցրեց՝ «ի՞նչն ա ճիշտ ասում», եւ Ջավախյանը փռթկացնելով ասաց՝ «ամեն ինչ զավեշտի եք վերածում», եւ Արշակը թարս նայեց Ջավախյանին ու ասաց՝ «մեկն ըլնի՝ քեզ ասի», եւ Ջավախյանը փռթկացնելով Արշակին հարցրեց՝ «Մարտիրոս Սարյանի պատմությունը չես լսե՞լ», եւ Արշակը հարցրեց՝ «էդ ի՞նչ պատմություն ա», եւ Ջավախյանը փռթկացնելով ասաց՝ «էլի Մանուկի հետ ա կապված», եւ Արշակը զարմացած հարցրեց՝ «Մարտիրոս Սարյա՞նը Մանուկի հետ ինչ կապ ունի», եւ Ջավախյանը փռթկացնելով ասաց՝ «էդ սավսեմ ուրիշ Մանուկ ա» եւ մի քիչ մտածեց ու փռթկացնելով ավելացրեց՝ «շատ ուժեղ պատմություն ա», եւ Արշակը հարցրեց՝ «էդ ի՞նչ պատմություն ա», եւ Ջավախյանը ժպտալով նայեց ինձ ու թախանձագին խնդրեց՝ «չես պատմի՞», եւ ես ժպտալով Ջավախյանին ասացի՝ «ռեգլամենտից շեղվում ես», եւ  Արշակն ինձ  հարցրեց՝ «էդ ի՞նչ պատմություն ա», եւ ես ժպտալով ասացի՝ «թեմայի հետ ոչ մի կապ չունի», եւ Հայկունին մի քիչ մտածեց ու ասաց՝ «եթե իմ իմացած պատմությունն ա, շատ ուժեղ պատմություն ա», եւ Արշակն ինձ հարցրեց՝ «էդ ի՞նչ պատմություն ա», եւ ես ժպտալով ասացի՝ «ռեգլամենտից շեղվում ես», եւ Արշակը մեծահոգաբար ժպտալով ինձ ասաց՝ «եթե էդքան հետաքրքիր պատմություն ա, կարամ ընդմիջում հայտարարեմ՝ պատմես», եւ Հայկունին ասաց՝ «շատ հետաքրքիր պատմություն ա», եւ Արշակը մի քիչ մտածեց ու ժպտալով  ինձ հարցրեց՝ «եթե էդքան հետաքրքիր պատմություն ա, ինչի՞ վեպիդ մեջ չես գրել», եւ Հայկունին Արշակին հարցրեց՝ «ի՞նչ գիտես, որ չի գրել. կարող ա՞ ծերից ծեր կարդացել ես», եւ Արշակը մի քիչ մտածեց ու փռթկացնելով ասաց՝ «էդքանը կարդալ կըլնի՞», եւ Հայկունին ժպտալով ինձ հարցրեց՝ «էդ պատմությունը վեպիդ մեջ չես գրե՞լ», եւ Օրթախն իմ փոխարեն պատասխանեց ու ասաց՝ «չէ», եւ Հայկունին Օրթախին հարցրեց՝ «դո՞ւ որտեղից գիտես», եւ Օրթախը ժպտալով ասաց՝ «Արմենի վեպը մեջներիցդ մենակ ես եմ ծերից ծեր կարդում», եւ Ջոնը ժպտալով ասաց՝ «ես էլ եմ կարդում», եւ Ջավախյանն ասաց՝ «ես էլ եմ մինումեջ կարդում», եւ Ջոնը ժպտալով Ջավախյանին ասաց՝ «դու մենակ էն հատվածներն ես կարդում, որոնք քո մասին են», եւ Ջավախյանը փռթկացնելով ասաց՝ «որովհետեւ ամենահաջող հատվածները դրանք են», եւ Հայկունին ծիծաղելով Ջավախյանին ասաց՝ «Արմենը քո մասին ավելի լավ ա գրում, քան՝ դու», եւ Ջավախյանը մի քիչ մտածեց ու փռթկացնելով ասաց՝ «իմ մասին ա գրում, դրա համար էլ Ջոնն ու Աբոն կարդում են», եւ Հայկունին ժպտալով ինձ հարցրեց՝ «էս Սեմերջյանի պատմությունը չես գրելո՞ւ», եւ Արիկը ժպտալով ինձ ասաց՝ «Սեմերջյանի էս պատմությունը  որ գրես, Ջոնը հաստատ կնեղանա», եւ ես ժպտալով Արիկին ասացի՝ «ընդհակառակը. Ջոնը նեղանում ա, որ էդ պատմությունը չեմ գրում», եւ Արիկը ժպտալով Ջոնին հարցրեց՝ «ճիշտ ա՞ ասում», եւ Ջոնը միանգամայն լուրջ պատասխանեց ու ասաց՝ «հա» եւ մի քիչ մտածեց ու ինքնագոհ ժպտալով ավելացրեց՝ «Արմենը որ Մանուկի էս պատմությունը գրի, կարդացողները կհասկանան, որ մեջներիցդ մենակ ես եմ ֆուտբոլ հասկանում», եւ ես ժպտալով ասացի՝ «Աբոն էլ ա մի գլուխ ինձ համոզում, որ Սեմերջյանի էս պատմությունը գրեմ», եւ Հայկունին ժպտալով ինձ հարցրեց՝ «բա ինչի՞ չես գրում», եւ ես ժպտալով ասացի՝ «որովհետեւ էդ պատմությունը չի ավարտվել. ընթացքի մեջ ա», եւ Հայկունին մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «չի ավարտվել՝ մի օր կավարտվի», եւ Ջավախյանն ասաց՝ «ամեն ինչ էլ վերջ ունի» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «ոչ մեկս էլ հավերժական չենք», եւ Արիկը ծիծաղելով ասաց՝ «մենակ Մանուկն ա հավերժական», եւ Ջոնը թարս նայեց Արիկին ու հարցրեց՝ «քո արեւին ձեռ ե՞ս առնում», եւ Ջավախյանը Ջոնին ասաց՝ «ինչի՞ ա ձեռ առնում. փաստորեն, քո ասածն ա ասում», եւ Ջոնը թարս նայեց Ջավախյանին ու հարցրեց՝ «ի՞նչ ա ասում», եւ Ջավախյանը ժպտալով Ջոնին ասաց՝ «ասում ա՝ Մանուկը հավերժական ա», եւ Ջոնն արհամարհական նայեց Ջավախյանին, մի քիչ մտածեց ու ասաց՝ «Մանուկը մի քանի պարամետրերով ա մեծ ֆուտբոլիստ», եւ Արիկը ժպտալով հարցրեց՝ «ի՞նչ  պարամետրերով ա մեծ», եւ Ջոնը թարս նայեց  Արիկին ու ասաց՝ «հազար անգամ ասել եմ, բայց գլուխդ չի մտել», եւ Արշակը ժպտալով Ջոնին ասաց՝ «մի անգամ էլ ասա՝ մենք էլ իմանանք», եւ Ջոնը թարս նայեց Արշակին,  մի քիչ մտածեց ու ասաց՝ «քաղաքի տղա ես ու ստադիոնի մոտ էլ մեծացել ես. դու առանց իմ ասելու պիտի Մանուկի արժանիքներն իմանայիր», եւ Արշակը մի քիչ մտածեց ու արդարանալով ասաց՝ «Մանուկի արժանիքները գիտեմ, բայց քո ասած էդ պարամետրերը չգիտեմ» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «ասա՝ մենք էլ իմանանք», եւ Ջոնը մի քիչ  մտածեց ու տրտնջալով ասաց՝ «հազար անգամ ասել եմ, բայց մոռանում եք», եւ Հայկունին ժպտալով Ջոնին ասաց՝ «մի անգամ էլ որ ասես, էլ չենք մոռանա», եւ Օրթախը ժպտալով ասաց՝ «ես հեչ էլ չեմ մոռացել. լավ էլ հիշում եմ», եւ Հայկունին ժպտալով Օրթախին հարցրեց՝ «ի՞նչն ես հիշում», եւ Օրթախը փռթկացնելով պատասխանեց ու ասաց՝ «էդ պարամետրերը», եւ Արշակը նեղսրտած ասաց՝ «չեք կարա՞ էդ պարամետրերից գոնե մեկնումեկն ասեք», եւ Օրթախը ժպտալով Ջոնին հարցրեց՝ «ես ասե՞մ», եւ Ջոնը մի քիչ մտածեց ու ասաց՝ «ասա», եւ Օրթախը մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «փաստորեն, էդ պարամետրերից մեկի մասին արդեն ասեցինք» եւ մի քիչ էլ մտածեց ու փռթկացնելով ավելացրեց՝ «առաջին պարամետրը պադկատն ա», եւ Ջոնը թարս նայեց Օրթախին ու ոչինչ չասաց, եւ Օրթախը Ջոնին հարցրեց՝ «ճիշտ չեմ ասո՞ւմ», եւ Ջոնը մի քիչ մտածեց ու Օրթախին ասաց՝ «ճիշտ ես ասում, բայց ինչի՞ ես ծիծաղելով ասում», եւ Օրթախը ծիծաղելով Արշակին հարցրեց՝ «ծիծաղելը ռեգլամենտով արգելված ա՞», եւ Արշակը  փռթկացնելով պատասխանեց ու ասաց՝ «չէ», եւ Ջոնը մի քիչ մտածեց ու ասաց՝ «թե լուրջ ենք խոսալու՝ խոսանք», եւ Հայկունին ժպտալով Ջոնին ասաց՝ «լուրջը պոզովպոչով ա՞ ըլնում» եւ մի քիչ մտածեց ու ժպտալով Օրթախին հարցրեց՝ «ասում ես՝ առաջին պարամետրը պադկատն ա՞», եւ Օրթախը փռթկացնելով ասաց՝ «ես չեմ ասում. ես ընդամենը Ջոնի ասածն եմ կրկնում», եւ Ջոնը թարս նայեց Օրթախին ու ասաց՝ «խնդրում եմ՝ իմ ասածներն առանց ծիծաղելու կրկնես», եւ Հայկունին ժպտալով Օրթախին հարցրեց՝ «բա երկրորդ պարամե՞տրը որն ա», եւ Օրթախը ժպտալով Ջոնին հարցրեց՝ «ասե՞մ», եւ Ջոնը  մի քիչ մտածեց ու Օրթախին ասաց՝ «ասա, բայց՝ առանց ծիծաղելու», եւ Օրթախը մի քիչ մտածեց ու ծիծաղելով Ջոնին ասաց՝ «ախր էդ երկրորդ պարամետրը շատ դժվար ա առանց ծիծաղելու ասել», եւ Ջոնը մի քիչ մտածեց ու Օրթախին ասաց՝ «որ փորձես՝ կարող ա ստացվի», եւ Հայկունին ժպտալով Օրթախին ասաց՝ «դե ասա, Աբո. ո՞ւմ  ես սպասում», եւ Օրթախը մի քիչ մտածեց ու փռթկացնելով ասաց՝ «երկրորդ պարամետրը աուդ գցելն ա», եւ Հայկունին մի քիչ մտածեց ու ասաց՝ »այսինքն», եւ Օրթախը մի քիչ մտածեց եւ ծիծաղը մի կերպ զսպելով ասաց՝ «Սեմերջյան Մանուկը ձեռով աուդից ընենց էր գնդակը հակառակորդի տուգանային հրապարակ շպրտում, որ հարձակվողը հեշտուհանգիստ գլխով գոլ էր խփում», եւ Հայկունին ժպտալով Օրթախին հարցրեց՝ «ըտենց դեպք էղել ա՞», եւ Օրթախը ժպտալով պատասխանեց ու ասաց՝ «հա», եւ Հայկունին ժպտալով Օրթախին հարցրեց՝ «աչքովդ տեսել ե՞ս», եւ Օրթախը մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «Ջոնն ա իրա աչքով տեսել» եւ փռթկացնելով ավելացրեց՝ «ես Ջոնի պատմածով եմ ասում», եւ Ջոնը մի քիչ մտածեց ու Հայկունուն ասաց՝ «որ Մանուկն աուդից  ձեռով գնդակը շպրտում էր հակառակորդի տուգանային հրապարակ, Աբոն չէր կարա տենար, որովհետեւ էդ թվերին Երեւանում չէր», եւ Հայկունին ժպտալով Ջոնին հարցրեց՝ «ո՞վ Երեւանում չէր», եւ Ջոնը մի քիչ մտածեց ու ասաց՝ «Աբոն ու բոլորդ» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «բացի Արշակից ու Շեկոյան Արմենից», եւ Հայկունին ժպտալով Ջոնին հարցրեց՝ «որ Երեւանում չէինք, բա ո՞ւր էինք», եւ Ջոնը մի քիչ մտածեց ու ասաց՝ «չգիտեմ» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «երեւի ձեր ծննդավայրերում էիք», եւ Հայկունին մի քիչ մտածեց ու լրջանալով Ջոնին հարցրեց՝ «կարող ա՞ քո ծննդավայրը Երեւանն ա», եւ Ջոնը մի քիչ մտածեց ու ասաց՝ «ծննդավայրս Երեւանը չի, բայց դպրոցը Երեւանում եմ ավարտել», եւ Ջավախյանը ծիծաղելով ասաց՝ «Ջոնն իրանց դպրոցի լուսամուտից տեհել ա՝ ոնց ա Մանուկը Մեսխիին պադկատ անում», եւ Անանիան փռթկացնելով ավելացրեց՝ «տեսել ա՝ ոնց ա Մանուկն ավուդից գնդակը շպրտում հակառակորդի հրապարակ», եւ Ջոնը թարս նայեց Անանիային ու ասաց՝ «ոչ թե ավուդ, այլ՝ աուդ», եւ Արիկը փռթկացնելով Անանիային ասաց՝ «ոչ թե հակառակորդի հրապարակ, այլ՝ հակառակորդի տուգանայի՛ն հրապարակ», եւ Անանիան ժպտալով ասաց՝ «թող տուգանային ըլնի»:

 

Շարունակությունը՝ հաջորդ ուրբաթ:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել