Լրահոս
Օրվա լրահոսը

Ընտրակեղծիքների թարմ օրինակներ. ընտրակաշառք բաժանողի մեքենայի համարով դատախազությունը հանցագործին չի գտնում

Հուլիս 04,2012 15:46

Այսօր «Սիվիլիթաս» հիմնադրամը կազմակերպել էր հանրային բանավեճ՝ ընտրությունների մասին ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի վերջնական զեկույցի շուրջ: «Իրավունքի Եվրոպա» միավորման տնօրեն Լուսինե Հակոբյանը նշեց, որ ընտրությունները վերջացել են, բայց դա դեռ չի նշանակում, որ ամեն ինչ վերջացել է. «Կան դասեր, որոնք մենք քաղել ենք»:

Նա պատմեց, որ խորհրդարանական ընտրություններին թիվ 17 ընտրատարածքի 27 ընտրատեղամասում է ինքը եղել, որտեղ բազմաթիվ ընտրախախտումներ է տեսել, լինելով փաստաբան, իմացել է իր անելիքները. «Դատի տվեցինք, բոլոր փուլերով անցանք, պահանջեցինք արդյունքները անվավեր ճանաչել այդ ընտրատեղամասի, անվավեր չճանաչեցին»: Իր արձանագրած խախտումների մասին Լուսինե Հակոբյանը մասնավորապես պատմեց, որ այդ օրը Դիմիտրով գյուղի գյուղապետը վստահված անձ է հանդես եկել, չնայած Սահմանադրությամբ պետք է միայն իր՝ գյուղապետի լիազորությունները կատարեր, այլ ոչ թե վստահված անձի. «Գյուղապետարանի աշխատակիցն էլ հանդես էր գալիս որպես ՏԸՀ-ի քարտուղար ու ընդհանրապես ոչ մի խախտում չէր գրանցում: Կազմակերպված խմբավորում էր գործում, ցուցում էին տալիս, թե կոնկրետ  ում օգտին պետք է քվեարկեն»:

ԱԺ նախկին պատգամավոր, «Ժառանգության» անդամ Անահիտ Բախշյանը, հարցին՝ ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ը «ընտրություններն անցել են ազատ, արդար» ասելու բնավորությունը թարգե՞լ է, թե՞ դա պետք է ընկալել՝ քամին փչում է, ամեն ինչ անցնում է, պատասխանեց. «Հայաստանին պատժելու մահակը ձեռքին պահած նրանք ասում են՝ կամ դու կանցկացնես նորմալ ընտրություններ, կամ մենք վարկը չենք տա, եւ մերոնք անհամբեր սպասում են, ուզում են, որ նախագահական ընտրություններն ավելի լավը լինեն, քան խորհրդարանական ընտրությունները: Մեր պետությունը լուրջ վտանգի տակ է: Բիզնեսը եւ քաղաքականությունը իրարից տրանջատելու վարչապետի ու նախագահի խոստումները հիշեք, հիշեք, թե վարչապետը Բրյուսելում ինչ ելույթ ունեցավ, ես երբ լսեցի՝ ասեցի՝ յա՛, կարո՞ղ  ինչ-որ բան փոխվի, բայց ոչինչ էլ չփոխվեց, իսկ Հարսնաքարի դեպքը եկավ ասելու, որ ոչ միայն չի փոխվել, այլեւ քաղաքացիական հասարակությունն է ոտքի կանգնել ու ասում է՝ հերիք է, մենք ենք լինելու»:

Հարցին՝ այն, որ Գյումրիում ՀՀԿ-ն չհաղթեց, Վանաձորում հաղթեց անկուսակացական մեկը, կարելի՞ է ասել, որ մեր երկրորդ, երրորդ քաղաքներում ընտրություններն այլ կերպ են ընթանում՝ «ԳԱԼԱ» հեռուստաընկերության տնօրեն Կարինե Հարությունյանը պատասխանեց, որ Շիրակի մարզում 2008-ի նախագահական ընտրություններին գործող նախագահը ամենաքիչ տոկոսն էր գրանցել՝ մյուս մարզերի համեմատությամբ: Նա նաեւ նշեց, որ քաղաքացիական հասարակությունը ակտիվ է Գյումրիում, որ տաքսիստները ալիք են բարձրացրել եւ այլն: Տիկին Բախշյանը հետաքրքրվեց, որ եթե ոտքի է կանգնել հասարակությունը, ինչո՞ւ «Ժառանգությունը» չհաղթեց, հաղթեց ԲՀԿ-ն: Ի պատասխան՝ Կարինե Հարությունյանը նշեց պատճառը՝ ընտրակաշառքները. նա պատմեց, որ  երթուղային տաքսիից ընտրակաշառքը բաժանելու տեսանյութը հրապարակելուց հետո դատախազությունից ստացել են պաշտոնական նամակ, թե տրամադրեք տեսանյութը, թեեւ այն տեղադրված էր youtube-ում. «Հետո մեզ գրեցին՝ թե կարո՞ղ է ճանաչում եք ինչ-որ մեկին, սա զավեշտ էր, երբ մեքենայի համարները մեծ ցույց էինք տալիս, ասում են, թե չենք ճանաչում»: Տիկին Հարությունյանը փաստեց, որ մինչ օրս դատախազությունը ոչ մի քայլ չի ձեռնարկել:

Տիկին Բախշյանը նույնպես հիշեց օրինակներ, որ ընտրակաշառքի մասին  ահազանգելուց հետո անուն-ազգանուն, նկարը տրամադրելուց հետո նորից անընդհատ կանչում են ցուցմունքի ու այդպես էլ մատը մատին չեն տվել:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031