«Միասնության թեւերի» կուսակցության վարչապետի թեկնածու Արման Թաթոյանը քվեարկեց Երեւանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում գտնվող 7/50 ընտրատեղամասում։
«Ես, մեր քաղաքացիներին դիմելով, մեկ բան եմ խնդրում՝ այս ընտրություններն իսկապես պատմական նշանակություն ունեն։ Մենք այսօր որոշում ենք մեր ապագան, մենք որոշում ենք մեր երեխաների համար, թե ինչ երկիր ենք ունենալու։ Շատ ավելի վատ է, երբ դու ունենում ես հնարավորություն՝ փոփոխություն անելու, արդարություն հաստատելու, քայլ անելու եւ բաց ես թողնում այդ հնարավորությունը։ Ես ուզում եմ, որ այս ընտրությունները չլինեն բաց թողնված հնարավորություն մեզ համար։ Մարդը քվեախցիկում իր խղճի հետ մենակ է, ես խնդրում եմ, որ նրանք հաշվի առնեն՝ ով իսկապես կարող է երկիրը ղեկավարել, ով է հասկանում պետությունից, ով է պատկերացնում՝ ինչ է նշանակում պետական կառավարման համակարգ»,- քվեարկությունից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Թաթոյանը։
Նա ասաց, որ ահազանգեր կան ընտրախախտումների մասին․ «Դրանց շատ ուշադրությամբ հետեւելու ենք բոլոր ընտրատեղամասերում՝ նաեւ համագործակցելով մեր գործընկերների, լրագրողների ու դիտորդների հետ, որպեսզի արձանագրենք խախտումները։ Բոլոր հնարավորություններն օգտագործելու ենք, ամեն ինչ անելու ենք, որ մեր քաղաքացու քվեն չգողացվի։ Բայց սրա գլխավոր լուծումը ո՞րն է, որ շատ մարդիկ գնան քվեարկեն, չմտածեն՝ դե լավ, ինձանից կախված չէ»։
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Հարցին, թե հետընտրական պրոցեսներին պատրա՞ստ են, Արման Թաթոյանը պատասխանեց․ «Մենք ցանկացած հետընտրական պրոցեսի էլ պատրաստ ենք։ Ինչ տարբերակ էլ լինի, մենք պատրաստ ենք։ Իհարկե, օրինականության, սահմանադրականության շրջանակներում մենք լիարժեք գործադրելու ենք բոլոր միջոցները, սա չի քննարկվում»։
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ


















































