
Հիշեցնենք, որ Թուրքիան չեղյալ է համարել բոլոր պատժամիջոցները Ֆրանսիայի հանդեպ, ողջունել Ֆրանսիայի հետ ջերմ հարաբերությունների փուլի սկիզբը: Այդ մասին հինգշաբթի օրը Փարիզում հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն, քանի որ Հայոց ցեղասպանությունը ժխտելու համար քրեական պատասխանատվություն սահմանող օրինագիծը Ֆրանսիայում ուժի մեջ չմտավ։ Համատեղ ասուլիսի ժամանակ Ֆրանսիայի արտգործնախարար Լորան Ֆաբիուսը ասել է, թե օրինագիծը դժվար թե վերականգնվի։
Նախորդ օրը թեմայի շուրջ Aravot.am-ի հետ զրույցում քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը պատասխանելով նույն հարցին նկատել էր, որ մեր դիվանագիտական կորպուսը պետք է լրջագույն սրբագրումներ կատարի իր աշխարհընկալումների մեջ. «Այդ հրճվողները լավ կանեն գոնե ներողություն խնդրեն հանրությունից` իրենց Գիքորի միամտության համար: Բավական է Հայաստան պետությունը եւ հայ ժողովրդին իրենց նման հիմար հրճվանքներով դնեն այսպիսի անհարմար իրավիճակների մեջ»: Դատելով Aravot.am-ին տրամադրած պատասխանից, ՀՀ ԱԳՆ-ում, փաստորեն, չեն պատրաստվում սրբագրումներ կատարել իրենց աշխարհընկալումների մեջ:
Ի դեպ, անրադառնալով սույն թեմային օրերս թուրքական «Անատոլու» գործակալությունն էլ մի տեղեկություն է տարածել, հաձայն որի, Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհուրդը համոզմունք է հայտնել, որ ինչպես Ֆրանսիայի նախկին նախագահ Սարկոզին, այնպես էլ նորընտիր նախագահ, դեմոկրատ Oլանդը` հավատարիմ նախընտրական շրջանում իր տված խոստման, պատրաստակամ է հարցի վերաբերյալ նոր օրինագիծ մշակելու հանձնարարականին: Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհուրդի հայտարարության համաձայն, նոր նախագիծն առանձնապես չի տարբերվելու հնից: Այս մասին, սակայն, Ֆրանսիայի նախագահի գրասենյակից պաշտոնական տեղեկատվություն չկա:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ


















































