Լրահոս
Օրվա լրահոսը

Համանախագահները եկան, Ադրբեջանը զորավարժությունները սկսեց

Հուլիս 12,2012 10:30

Բաքվի լրատվամիջոցների հաղորդմամբՙ Ադրբեջանը ծավալուն զորավարժություններ է սկսել «մերձճակատային գոտում, որոնք կտեւեն մեկ շաբաթ»: Զորավարժությունները անցնում են պաշտպանության նախարար Սաֆար Աբիեւի անմիջական ղեկավարությամբ, ծրագրվում է, որ այդ ընթացքում «կօգտագործվեն արդիական տեխնիկա եւ սպառազինություն»:

Հարցը, որ այս առթիվ հրատապ է, մեկն է` ինչ կապ կա զորավարժությունների եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների տարածաշրջանային վերջին այցի, որ դեռեւս չի ավարտվել, միջեւ: Հնարավոր է, Բաքվում այդ զորավարժությունները ծրագրվել էին ավելի վաղ, քան հայտնի էր դարձել, որ համանախագահները կժամանեն Ադրբեջան, ԼՂՀ եւ Հայաստան: Չի բացառված, սակայն, որ «մերձճակատային գոտում» ուժի ցուցադրումը հետեւանք է միջնորդներից Ադրբեջանի «խոր հիասթափության», եւ այդ ձեւով պաշտոնական Բաքուն եւս մեկ անգամ ցուցադրում է ոչ կառուցողական վերաբերմունք:

Ըստ երեւույթին, ադրբեջանական կողմը «ուժի ցուցադրություն» է կազմակերպել, որպեսզի ընդգծի, թե «միջնորդության ջանքերը ապարդյուն են»: Բաքվում խիստ անհանգստացած են, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները «խախտում են պարիտետը» եւ չեն ուզում հանդիպել «ԼՂ ադրբեջանական համայնքի ներկայացուցիչների հետ»:

Իրոք, վերջին շրջանում «ԼՂ ադրբեջանական համայնքի ներկայացուցիչները» չեն արժանանում Ադրբեջան այցելող պաշտոնյաների ուշադրությանը:

Դա, ինչ խոսք, ադրբեջանական կողմի ընկալմամբ, «անարդարություն է»: Պաշտոնական քարոզչությունը, թերեւս սպառած լինելով ինքնորոշման իրավունքի դեմ բոլոր «հակափաստարկները», սկսել է շրջանառել գաղափար, որ, «այո՛, Լեռնային Ղարաբաղի բնակչությունը կարող է ինքնորոշվել, բայց արդյունքները պետք է նկատի առնվեն առանձին-առանձին»:

Մի «տեսաբան», որ ինքնությունը թաքցրել էր, նույնիսկ մեջբերել էր ԱՄՆ էքս նախագահ Քլինթոնի` կանադական Քվեբեկի առաջնորդներին ուղղված խոսքը. «Եթե դուք մտածում եք ձեր անկախության մասին, ապա չպետք է մոռանաք նաեւ փոքրամասնության իրավունքները»: Ակնարկը պարզ է` «եթե ԼՂ հայերն անկախություն են ուզում, ապա չպետք է մոռանան նաեւ նախկինում այնտեղ ապրած ադրբեջանցի փոքրամասնության իրավունքները»:

Ռուսներն ասում են, որ «մահակը երկու ծայր ունի»: Եվ նույն «տրամաբանությամբ» կարելի է ասել, որ Ադրբեջանն էլ իր անկախությունը պարտավոր էր պայմանավորել մի ամբողջ խումբ էթնիկական փոքրամասնությունների իրավունքներով, ինչը չի արվել: Ավելին, իրեն «բազմազգ եւ բազմամշակութային» անվանող երկիրը սահմանմադրությամբ ունիտար է: Մի իրավական համակարգ, որը լիովին բացառում է էթնիկ փոքրամասնությունների ամենատարրական իրավունքների իրացումը, քանի որ Ադրբեջանում «բոլորը ադրբեջանցի են» սկզբունքն է դրված պետական իշխանության եւ հասարակական ինքնակազմակերպման, նույնիսկ քաղաքական եւ հոգեւոր-մշակութային ինստիտուտների ձեւավորման հիմքում:

Ինքնադրսեւորման երկակիությունը Ադրբեջանի համար դարձել է կայուն կենսակերպ: Դա արտացոլվում է գրեթե բոլոր ասպարեզներում: Այդ երկրում նույնիսկ մարզամշակութային լուրերին է «հայրենասիրական» երանգավորում տրվում: Ադրբեջանական մամուլում կարելի է կարդալ, մասնավորապես, այդ բնույթի տեղեկատվություն. «Ջախջախիչ հաղթանակ տանելով հայի հանդեպՙ ադրբեջանցի մարզիկը նվաճեց …»:

Հոգեգարության նման մթնոլորտ ձեւավորող իշխանությունը, հասկանալի է, չէր կարող բաց թողնել առիթը եւ համանախագահների տարածաշրջանային այցը «չհամեմեր» լայնածավալ զորավարժություններով: Ընդսմին` դրանք ուղեկցելով «մերձճակատային գոտի», «արդիական զինտեխնիկա եւ սպառազինություններ» որակումներով: Չէր կարող նկատել չտալ, որ «զորավարժությունները ղեկավարում է անձամբ պաշտպանության նախարար գեներալ-գնդապետ Սաֆար Աբիեւը»:

Տպավորություն է ստեղծվում, թե խոսքը նորօրյա «Մակեդոնացու» մասին է, որի միայն ներկայությունը «մերձճակատային գոտում ահուսարսափ է տարածելու» ԼՂՀ պաշտպանության բանակի վրա: Սրանք, ինչ խոսք, էժանագին քարոզչության հերթական դրսեւորումներ են: Ավելի բնութագրական է, որ մինչ համանախագահները եւս մեկ անգամ հատեցին ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գիծը` խորհրդանշելով, որ այն դիմակայության գծից կարող է եւ պետք է վերածվի երկու ժողովուրդների եւ հասարակությունների միջեւ բարիդրացիական հարաբերությունների սկզբնակետի, Ադրբեջանն էլ իր հերթին «մերձճակատային գոտում» զինավարժություններ սկսեց: Դա հստակ ազդանշան է, որ խաղաղության ճանապարհը Իլհամ Ալիեւի կողմից եւս մեկ անգամ մերժվել է:

Պետք է սպասել միջնորդների արձագանքին:

Վահրամ ԱԹԱՆԵՍՅԱՆ

«Ազգ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031