ՀՀԿ-ական պատգամավորի պատասխանը ՀՀԿ-ական մարզպետին
«Հա՜, ուշքս գնացել է, վախեցած եմ»,- «Առավոտի» հարցին՝ Ձեզ շա՞տ է վախեցրել մարզպետի սպառնալիքը, հեգնանքով պատասխանեց Թալինի նախկին քաղաքապետ, ՀՀԿ-ական պատգամավոր Մնացական Մնացականյանը: Հիշեցնենք, որ նախօրեին «Առավոտին» տված հարցազրույցում Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանն անդրադառնալով Թալինի քաղաքապետի ընտրություններում կուսակցական կարգապահությունը խախտած եւ ՀՀԿ-ի՝ Սարգիս Արամյանի թեկնածությունը սատարելու որոշմանը չենթարկված Մնացական Մնացականյանի գործունեությանը՝ ասել էր, որ նրան կպատժեն լեռնցու օրենքներով: Պարոն Մնացականյանի կարծիքով՝ լեռնցու օրենքով պատժողը դաստիարակությունից չի խոսում, հետեւաբար մարզպետը պետք է ընտրի՝ կամ դաստիարակությունը, կամ լեռնցու օրենքը: «Եթե լեռների օրենքով նայենք, բնության մեջ ամենավտանգավոր կենդանին վախեցած ոչխարն է, որ գուլխը խփում է պատերին եւ չի իմանում՝ որտեղ ինչ է խոսում, ինչ է ասում»: Հետաքրքրվեցինք՝ ինչո՞ւ ՀՀԿ-ական պատգամավորի եւ ՀՀԿ-ական մարզպետի «ջուրը մի առվով չի հոսում», այն դեպքում, երբ ժամանակին նրանք բավական լավ հարաբերությունների մեջ էին: «Իմ ջուրը ժողովրդի հետ է հոսում: Ես տասը տարի ղեկավարել եմ այդ համայնքը, ես լավ ճանաչում եմ էդ ժողովրդին, ժողովուրդն էլ ինձ է լավ ճանաչում: Ես երբեք ժողովրդի կամքին ու տրամադրությանը հակառակ բաներ չեմ անի: Եթե մարզպետն իր անձնական ամբիցիաներով է առաջնորդվում, ես չեմ պատրաստվում իմ ամբիցիաները փաթաթել ժողովրդի վզին»,- ասաց Մնացականյանը: Դիտարկմանը, որ մարզպետի ամբիցիաները ՀՀԿ-ի ամբիցիաներն էին, քանի որ Սարգիս Սահակյանը պաշտպանում էր կուսակցության կողմից առաջադրված թեկնածուին, ՀՀԿ-ական պատգամավորը հակադարձեց. «Էդ թեկնածուն հենց այնպես չի ծնվում: Մարզպետն ասում է՝ ես տեղյակ չեմ, բայց էդպես չի, ներկայացվում է եւ այլն: Ես թեկնածուի մասին ոչինչ չունեմ ասելու: Նա նորմալ, խելոք, թալինցի տղա ա: Իսկ լեռնցու օրենքները եւ դաստիարակությունը մարզպետը կարող է հանգիստ փաթաթել իր վզին ու ման գալ»:
Մնացականյանը հավաստիացնում է, որ կուսակցական ղեկավարության հետ խնդիրներ չի ունեցել: Նաեւ պարզաբանում է, թե ինչու է ինքը սատարել Վորոշ Խաչատրյանին. «Իմ պաշտպանած թեկնածուն եթե չպայքարեր, հաստատ ուրիշ պատկեր էր լինելու: Ուրիշ կուսակցության թեկնածուն էր անցնելու: ժողովրդի տրամադրությունը հենց էդպիսին էր»: Մնացականյանը նկատի ունի ԲՀԿ-ի կողմից առաջադրված Վազգեն Խաչատրյանին: «Առավոտը» պարոն Մնացականյանից հետաքրքրվեց՝ միգուցե ՀՀԿ-ականները հատուկ «խաղի մեջ մտցրին» Վորոշ Խաչատրյանին եւ շինծու ներկուսակցական ինտրիգ «խաղացին», որպեսզի ԲՀԿ թեկնածուի ձայնե՞րը «փախցնեն»: Վերջինս սրտնեղեց. «Ես հատուկ խաղի մեջ չեմ մտցրել: Էդ մարդը շատ արժանի թեկնածու էր եւ լավ գիտի համայնքային գործը, եւ ժողովուրդն է իրեն լավ ճանաչում: Ընդհանրապես, ես հատուկ խաղեր չեմ անում: Ինչ անում եմ՝ անում եմ պարզ, բոլորի աչքի առաջ, առանց ամբիցիաների»: Հարցին՝ ինչո՞վ իրեն չէր բավարարում ԲՀԿ թեկնածուն, թող արդար ընտրապայքարում նա հաղթեր, Մ. Մնացականյանը պատասխանեց. «Ես ի սկզբանե ասել եմ, որ պետք է արդար մրցակցություն լինի, եւ ով որ կընտրվի, առաջինը ես եմ շնորհավորելու այդ մարդուն»: Սարգիս Արամյանին Մնացական Մնացականյանը դեռ չի շնորհավորել. «Չեմ տեսել, բայց որ տեսնեմ՝ հաստատ կշնորհավորեմ»: Դիտարկմանը՝ դա նշանակում է, որ արդար մրցակցությո՞ւն է ընթացել, Մնացականյանը հակադարձեց. «Ամեն դեպքում, ընտրատեղամասերում ոչ մի կեղծիք, արտառոց բան չի եղել, մարդիկ գնացել եւ քվեարկել են: Թե դրսում ով է ստիպել, ով է վախեցրել, ում են գործից ազատել, ինչ են արել՝ իրենց խնդիրն է, եւ էդ հարցերի հասցեատերը ես չեմ: Ժողովուրդը ամեն ինչ տեսել է, թե ինչ է կատարվել»: Թե ինչո՞ւ փաստեր չեն արձանագրվել եւ համապատասխան բողոքներ չեն ներկայացվել, մեր զրուցակիցը ասում է. «Ամեն ինչ էլ արձանագրվել է: Եթե տեղամասում կեղծիք չկա՝ ես պաշտոնապես ո՞նց բողոք ներկայացնեմ: Ես ի՞նչ գիտեմ՝ մարզպետը ո՞ւմ ա կանչել ասել՝ քեզ գործից կազատեմ, ո՞ր մանկավարժին ա վախեցրել, ի՞նչ ա արել: Բոլորն էլ տեսել են, ժողովուրդը տեսել է: Թալինի ընտրությունները երեւի ինդիկատոր էին ՀՀ ընտրությունների»: Այս համատեքստում ի՞նչ տիպի ընտրություններ են սպասվում աշնանը, ՀՀԿ-ական պատգամավորը դժվարացավ կանխատեսել: Միայն ասաց, որ կցանկանար, որ մարդիկ հատկապես համայնքի ղեկավարին ընտրեին առանց «կողմնակի տրամադրությունների»: Նրա կարծիքով՝ անկախ կուսակցական պատկանելությունից՝ բոլորն էլ իրավունք ունեն առաջադրվելու կամ որեւէ թեկնածուի սատարելու: Իր այս մոտեցումները Մնացականյանը փոխանցել է կուսակցական ղեկավարությանը եւ առիթը բաց չի թողնելու՝ նորից ասելու. «Ես ՀՀԿ անդամ եմ եւ իրավունք ունեմ իմ կարծիքն ասելու: Ասել եմ ու նույն ձեւով ասելու եմ»:
Կարդացեք նաև
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ



















































