«Ես ուզում եմ, որ այս ընտրությունները լինեն ոչ թե բաժանարար գծեր ստեղծելու, այլ մեր համայնքի ժողովրդավարական հասունությունը ցույց տալու հնարավորություն։ Կոչ եմ անում բոլորիս անցկացնել այս ընտրական գործընթացը ազատ, արդար, թափանցիկ և փոխադարձ հարգանքի մթնոլորտում։ Թող յուրաքանչյուր մասիսցի ազատորեն արտահայտի իր կամքը, թող հաղթի ոչ թե աղմուկը, ոչ թե թշնամանքը, այլ գաղափարը, աշխատանքը և ժողովրդի ազատ ընտրությունը։ Մեր համայնքը բոլորիս տունն է, և ընտրություններից հետո էլ մենք շարունակելու ենք ապրել կողք-կողքի, ուստի եկեք պահպանենք այն, ինչ ավելի թանկ է՝ մարդկային հարաբերությունները, համերաշխությունն ու համայնքի միասնականությունը։ Ինձ համար ցանկացած պաշտոնից վեր է»,- այսօր Մասիսում քարոզարշավի պաշտոնական արարողության ժամանակ իր ելույթում ասաց «Կառուցողական» դաշինքով համայնքապետի ընտրություններին մասնակցող Մասիսի նախկին քաղաքապետ, քաղաքապետի թեկնածու Դավիթ Համբարձումյանը։
Մանրամասները՝ տեսանյութում
Մասիսի գործող համայնքապետ Նորայր Հակոբյանը ևս հայտարարեց՝ նպատակն է զարգացնել, կառուցել Մասիս համայնքը․ «Այն, ինչ վերաբերում է համայնքի համաչափ զարգացմանը, մենք չենք զլացել և ներկայացրել ենք ծրագրեր և իրականացրել այդ աշխատանքները։ Մասնակցային բյուջետավորումը կառավարության կողմից ներդրվելուց հետո առաջինը Մասիս համայնքն է եղել, որ կարողացել է բնակիչների քվեարկության արդյունքում, մեր բնակիչների ներկայացրած ծրագրերի արդյունքում Մասիսի համայնքապետարան բերել որոշակի գումար և համատեղ իրականացնել այդ աշխատանքները։
Կարդացեք նաև
Միջազգային համագործակցություն՝ ՄԱԿ-ի զարգացման ծրագիր, GIZ, Սերբիայի դեսպանատուն, Ճապոնիայի դեսպանատուն, շվեդական տարբեր կազմակերպություններ, ամերիկյան կազմակերպություններ… Ես խնդրում եմ չհավատալ ստերին, դրանք ամենամանր ստերն են, որովհետև այլ բան չունեն խոսելու»։
Մանրամասները՝ տեսանյութում
Նելլի ԳՐԳՈՐՅԱՆ




















































