«Ալենը սխալվում է, որովհետև այդ տարիներին շատ մեծ աշխատանք է կատարվել այն ժամանակվա ղեկավարության, մասնավորապես՝ Յակով Զարոբյանի կողմից։ Ամենակարևորն այն է, որ հայ ժողովուրդը 50 տարվա լռությունից հետո ոտքի կանգնեց։
ԽՍՀՄ իշխանությունները բացարձակապես չէին կարողանում տիրապետել իրավիճակին։ Հայ ժողովրդին հանգստացնելու միակ միջոցը, հատկապես այն պայմաններում, երբ արդեն բարձրացվել էին Հոլոքոստի խնդիրները, որոշակի քայլերի դիմելն էր։ Իրոք, Լեմկինը մեծ աշխատանք կատարեց՝ հենց Հայոց ցեղասպանության օրինակի հիման վրա ապացուցելով և ձևակերպելով, թե ինչ է ցեղասպանությունը։
Այդ տարիների համար սա կարևոր քայլ էր ոչ միայն հայ ժողովրդի, այլև ողջ մարդկության համար։ Այն որևէ կապ չուներ ԽՍՀՄ այն մոտեցման հետ, թե հայ ժողովուրդը պետք է մշտապես հիշի ռուս ժողովրդին։
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրն իր բոլոր բաղադրիչներով միանգամայն այլ գաղափար է արտահայտում։ Երևի թե Ալեն Սիմոնյանը լավ չի պատկերացնում և չի հասկացել, թե ինչ է իրենից ներկայացնում հուշարձանն ընդհանրապես։ Հուշարձանը դրա մասին չէ։ Դա անտեղյակության հետևանք է»,- Aravot.am-ին ասաց ճարտարապետ Անահիտ Թարխանյանը՝ մեկնաբանելով ԱԽ քարտուղար Ալեն Սիմոնյանի հայտարարությունը, թե «ԽՍՀՄ ղեկավարությունը 1960-ականներին թույլ տվեց, որ մենք Ծիծեռնակաբերդի հուշահամալիր կառուցեինք, որովհետև դրա նպատակն այն է եղել, որ մենք մշտապես նայենք, ամեն օր գնանք ու հիշենք, որ եթե չլինի ռուս եղբայրը, ապա կգան և նոր ցեղասպանություն կանեն»։
Կարդացեք նաև
«Ափսոս, որ մեր այսօրվա ղեկավարությունը լավ չի պատկերացնում հայ ժողովրդի և ԽՍՀՄ-ի պատմությունը»,- հավելեց Թարխանյանը։
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ



















































