Լրահոս
Օրվա լրահոսը

ԲՀԿ-ական պատգամավոր. «Վարագյանին երբեք չեմ սատարի, նա խոչընդոտում է անգամ իմ եկեղեցաշինությանը»

Օգոստոս 09,2012 21:32

ԲՀԿ-ն Շիրակի մարզի երկրորդ քաղաքի` Արթիկի քաղաքապետի պաշտոնի համար սեփական թեկնածու  չի առաջադրի: Այս մասին հենց նոր Aravot.am-ին տեղեկացրեց ԲՀԿ Արթիկ-Մարալիկ տարածքային խորհրդի նախագահ, ԱԺ պատգամավոր  Մուշեղ Պետոյանը: Ըստ նրա` թեև իրենց կուսակցությունը սեփական թեկնածու չի ունենա, սակայն ձեռնպահ էլ չի մնա քաղաքում կատարվող ընտրություններին. կսատարեն նրան, ում ծրագիրը արժանահավատ կհամարեն: «Թող առաջադրումներն ավարտվեն, տեսնենք ով է առաջադրվում, ինչ ծրագրեր ունեն, ըստ այդմ էլ կսատարենք որևէ մեկին», -ասաց պատգամավորը:

Մեր այն հարցին` եթե ԲՀԿ-ն, ասենք թե, հավանի գործող քաղաքապետ, ՀՀԿ-ական Խաչատուր Վարագյանի կամ  նախկին քաղաքապետ Հմայակ Աբրահամյանի ծրագրերը, կսատարե՞ն արդյոք նրանցից որևէ մեկին, պատգամավորն ասաց. «Վարագյանին երբեք չեմ սատարի, միանշանակ չեմ օգնի նաև Հմայակ Աբրահամյանին, այս երկուսից որևէ մեկի համար որևէ քայլ չեմ անի: Ասեմ, որ այն խոսակցությունները, թե Արթիկի նախկին քաղաքապետ Հմայակ Աբրահամյանը Աժ ընտրությունների ժամանակ սատարել է ինձ, հերյուրանք են: Նա ԱԺ ընտրությունների ժամանակ մեր շատ հարգարժան մարզպետ Աշոտ Գիզիրյանի ցուցումով ջանք ու եռանդ չէր խնայում ՀՀԿ-ի համար: Նա երբեք ինձ չի պաշտպանել, երբեք էլ չի պաշտպանելու, ես նրա աջակցության կարիքն էլ չունեմ, դա ամբողջ հասարակությունը գիտի: Նրա հետ հարաբերություններ ընդհանրապես  չկան: Չեմ հասկանում որտե՞ղ է եղել իր աջակցությունը, նա իր նախկին թիմն էլ չունի, նա, որպես հանրապետական,  ինձ չէր կարող աջակցել, Մխիթար Վարագյանին էլ  չէր ուզում աջակցել»:

Մուշեղ Պետոյանը նաև ասաց, որ Արթիկի նախկին քաղաքապետը` Հմայակ Աբրահամյանը,  2007 թվականի ԱԺ ընտրությունների ժամանակ «ատամներով» իր դեմ է դուրս եկել` աջակցելով իր մրցակցին` Մխիթար Վարագյանին, ով ներկայիս քաղաքապետի եղբայրն է: Հիշեցնենք, որ այս տարվա ԱԺ ընտրությունների ժամանակ ևս ԲՀԿ-ական Մուշեղ Պետոյանը մրցակցում էր ԱԺ 10 տարվա պատգամավոր Մխիթար Վարագյանի հետ, սակայն մեծամասնական ընտրակարգում  հաղթեց նրան: Մուշեղ Պետոյանը չի պատրաստվում  սատարել  նաև գործող քաղաքապետ Խաչատուր Վարագյանին, քանի որ,  իր ձևակերպմամբ,  որքան էլ անձնական հարաբերություններդ մի կողմ  դնես և փորձես աշխատել, միևնույն է, Վարագյանի հետ անհնար է, չի ստացվի: «Մի փաստ ասեմ, պատկերացրեք, Արթիկի եկեղեցին խոնարհված վիճակում է, ես ուզում եմ, որ այն անպայման վերանորոգվի, այդ նպատակով տարբեր հիմնարկների մոտ 450 հոգու հրավիրատոմս ուղարկեցի, որպեսզի գան Մշակույթի տան դահլիճ, քննարկենք, հանգանակություն կազմակերպենք ու վերջապես մեր սրբավայրը վերանորոգենք: Վերջը ես ժողովրդի պատգամավորն եմ ու, անկախ նրանից, ով է ինձ ձայն տվել, ով է իմ դեմ դուրս եկել, պիտի մտածեմ բոլորի համար: Ես հրավիրատոմս ուղարկեցի  նաև քաղաքապետին` Խաչատուր Վարագյանին, բայց հերիք չէ  չբարեհաճեց ներկայանալ, մի բան էլ  այնպես արեց, որ կիրակի օրը  կազմակերպված հանդիպումը ձախողի, դահլիճը տրամադրեց  երկուշաբթի, որպեսզի մարդիկ աշխատանքի մեջ լինեն ու չկարողանան ներկայանալ: Էդքանից հետո նրա հետ համագործակցել կլինի՞: Դեռ շատերը կառաջադրեն իրենց թեկնածությունը` կուսակցական կամ անկուսակցական, տեսենք ով արժանի կլինի, նրան էլ  կսատարենք», -հայտարարեց ԲՀԿ-ի Արթիկ-Մարալիկ տարածքային խորհրդի նախագահը:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031