Լրահոս
Օրվա լրահոսը

Հաքերները կոտրել են «Pussiy Riot»-ի գործով վճիռ կայացրած դատարանի կայքը

Օգոստոս 21,2012 20:37

Հաքերները երեքշաբթի օրը հարձակում են կատարել «Pussiy Riot» ֆեմինիստական փանք-ռոք խմբի մասնակիցների գործով վճիռ կայացրած դատարանի համացանցային կայքի վրա՝ խարխլելով կայքի աշխատանքը:

Մոսկվայի Խամովնիչեսկի շրջանի դատարանն անցյալ ուրբաթ օրը փանք-ռոք խմբի երեք մասնակիցներին՝ Եկատերինա Սամուցևիչին, Նադեժդա Տոլոկոննիկովային և Մարիա Ալյոխինային դատապարտել է երկու տարվա ազատազրկման՝ Հիսուս Ամենափրկչի տաճարում փանք-ակցիա կազմակերպելու համար:

Դատարանի կայքում երեքշաբթի օրը սակայն տեղադրվել են «Ազատությու՛ն «Pussy Riot»-ին» կարգախոսները: Բացի դրանից, կայքի որոշ բաժինների տեքստը փոփոխվել էր և պարունակում հայհոյանքներ, իսկ կայքը ներբեռնելու ժամանակ բեռնվում էր խմբի երգերից մեկը:

Ռուսաստանյան լրատվամիջոցների փոխանցմամբ, Խամովնիչեսկի դատարանի կայքի աշխատանքն արդեն վերականգնվել է:

Այս ընթացքում Մարդու իրավունքների հարցերով Ռուսաստանի նախագահական խորհրդի ղեկավար Միխաիլ Ֆեդոտովը, որը այց է կատարում Հայաստան, «Pussy Riot»-ի գործով դատավճիռը «դատական սխալ» է անվանել:

«Դատավճիռը, որպես դատական սխալ, հետևանքներ կունենա. հուսով եմ, որ Մոսկվա քաղաքի դատարանը արագ կուղղի այս սխալը», – ասել է Ֆեդոտովը, որի համաձայն «նույնիսկ տասնիններորդ դարի չափանիշների հետ համեմատած՝ դատավճիռը բավականին տարօրինակ է»:

Մոսկվայում գործող Քարնեգի կենտրոնի կողմից հրապարակվող «Pro et Contra» ամսագրի գլխավոր խմբագիր Մարիա Լիպմանի համաձայն, իր հայտարարության մեջ Միխայիլ Ֆեդոտովը նվազեցրել է «արդարադատության նկատմամբ թույլ տված զարհուրելի ծաղրանքը, որը տեղի է ունեցել այս դատավարության ընթացքում»:
«Միխայիլ Ֆեդոտովը կարևոր պաշտոն զբաղեցնող անձ է, Մարդու իրավունքների խորհուրդ այժմ ծանր ժամանակներ է ապրում, և հնարավոր է, որ նա դիտավորյալ է ընտրում ոչ այնքան սուր արտահայտություններ՝ չխախտելով դիվանագիտական բառապաշարի սահմանները», – «Ամերիկայի Ձայն»-ին տված հարցազրույցում ասել է Լիպմանը:

Ամսագրի խմբագիրը սակայն համոզվածություն է հայտնել, որ խոսքը չի գնում դատական սխալի մասին: «Սխալը պատահականություն է, մի բան, որի համար այն թույլ տվածը կարող է զղջալ: Այս դեպքում գործ ունենք երկրի դատական համակարգի նպատակաուղղված վարկաբեկման հետ, ինչը, ըստ էության, ծառայում է որոշ շրջանակների քաղաքական նպատակներին», – նշել է լրագրողը:

«Ամերիկայի ձայն»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031