Լրահոս
Օրվա լրահոսը

Foreign Policy. «Երիտասարդ կովկասցի սպաները շահեկանորեն տարբերվում են ավագ ծառայակիցներից»

Օգոստոս 21,2012 22:27

Հայկական, ադրբեջանական եւ վրացական Զինված ուժերում ծառայող երիտասարդ սպաները շահեկանորեն տարբերվում են ավագ ծառայակիցներից: Հեղինակավոր Foreign Policy  հանդեսում նման կարծիք է հայտնել ամերիկացի ամենաբարձրաստիճան գործող զինվորականներից մեկը` Եվրոպայում տեղակայված ԱՄՆ ուժերի հրամանատար, գեներալ-լեյտենանատ Մարկ Հերթլինգը:

Հատուկ հանդեսի համար գրված հոդվածում, որ նվիրված է ՆԱՏՕ-ի եւ Հարավային Կովկասի պետությունների համագործակցությանը, գեներալը պնդում է, որ Հայաստանի, Վրաստանի եւ Ադրբեջանի երիտասարդ սպաների շրջանում տարեցտարի ավելի ու ավելի գերակշիռ է դառնում պրոֆեսիոնալ բանակի գաղափարը:

«Այդ սպաների մի զգալի մասը արդեն իսկ Արեւմուտքում մասնակցել է «Ռազմական անհատական ուսուցման ու վարժանքների ծրագրին» (IMET): Տարբերությունն այդ երիտասարդ սպաների, որոնց մի մասն արդեն իսկ առանցքային հրամանատարական պաշտոններ է զբաղեցնում, եւ խորհրդային տարիներին ուսում ստացած գեներալների միջեւ զգալի է: Օրինակ, Վրաստանի Զինված ուժերի հրամանատարը բավական երիտասարդ է, սակայն երկու տարվա շփումների ընթացքում ես ականատեսը դարձա, թե ինչպես այդ զինվորականը վերածվեց համեմատաբար փոքրաթիվ վրացական բանակի փորձառու եւ նվիրված ղեկավարի», – գրում է ԱՄՆ-ի բանակի Եվրոպական զորախմբի հրամանատարը` հավելելով. – «Հայաստանում եւ Ադրբեջանում գումարտակների եւ բրիգադների երիտասարդ հրամանատարներ կան, որոնցից շատերը կրթություն են ստացել Քարլայլի եւ Լիվենվորթի ռազմական քոլեջներում»:

Հեթրլինգը նաեւ ասել է. – «Տարածաշրջանի բանակներից մի քանիսը սկսել են լուրջ ուշադրություն դարձնել հատկապես պրոֆեսիոնալ ենթասպայական կազմի աճին: Դա առաջընթացի ամենաակնհայտ դրսեւորումներից մեկն է: Երիտասարդ, ապագայի հստակ տեսլական ունեցող քաղաքական առաջնորդները գիտեն, որ պրոֆեսիոնալ զինվորականության առկայությունը որոշիչ դեր կարող է կատարել հետագա ժողովրդավարացման, ինչպես նաեւ եվրաինտեգրման եւ ՆԱՏՕ-ին անդամակցելու ճանապարհին»:

Ի դեպ, գեներալն իր մասնագիտական կարծիքն է հայտնում Հայաստանի եւ Ադրբեջանի զինված ուժերի մասին` պնդելով, որ ամենալավ մարզված ու մարտունակ ստորաբաժանումները երկու երկրների զինված ուժերում  խաղաղապահ բրիգանդներն են: Ամերիկացի գեներալը հիշեցնում է, որ Կոսովոյում տեղակայված հայ խաղաղապահները համաձայնեցին գործել ամերիկյան հրամանատարության ներքո այն բանից հետո, երբ ֆինանսական խնդիրների պատճառով այստեղ տեղակայված հունական ստորաբաժանումը դուրս բերվեց:

Գեներալ Հերթլինգը նկատում է. – «Անգամ Լեռնային Ղարաբաղում առկա սառեցված հակամարտությունը չխանգարեց, որպեսզի Ադրբեջանն ու Հայաստանը մասնակցեն Աֆղանստանում ծավալված գործողություններին` ընդգրկվելով համապատասխանաբար թուրքական ու գերմանական սոտրաբաժանումների կազմում»:

«Ակնհայտ է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի կողմից ՆԱՏՕ-ի չափանիշներին համապատասխանող, բրիգադի մակարդակով գործող խաղաղապահ ստորաբաժանման ստեղծումը խիստ դրական իրողություն էր: Ուշագրավ է, որ երկու պետություններն էլ այս ստորաբաժանումները ստեղծեցին որպես առանձին ռազմական միավորներ, որոնց նպատակը բազմազգ գործողություններին մասնակցելն է: Այս ստորաբաժանումները, որոնք կապ չունեն Լեռնային Ղարաբաղում իրականցվող գործողությունների հետ, հիմնականում համալրված են պրոֆեսիոնալ, այլ ոչ թե  ժամկետային զինծառայողներով: Բացի այդ, խաղաղապահ ստորաբաժանումներում նրանց հրամանատարները անգլիախոս, Արեւմուտքում կրթություն ստացած սպաներ են», – նշում է ամերիկացի գեներալը:

«Իմ կատարած այցերի ընթացքում առաջին հայացքից տպավորություն էր ստեղծվում, որ այս ստորաբաժանումները շատ ավելի լավ են մարզված, քան այն զորամիավորումները, որ տեղակայված են Լեռնային Ղարաբաղում` շփման գծի երկայնքով», – հավելում է նա:

Foreign Policy-ի համար գրված հոդվածում Մարկ Հեթլինգը նկատում է, որ Կովկասը շարունակում է չլուծված հակամարտությունների մի իսկական կծիկ մնալ, ինչը, սակայն, չի խանգարում գեներալ-լեյտենանտ Հերթլինգին լավատեսությամբ նայել տարածաշրջանի ապագային. – «Իմ այդ լավատեսության հիմնական պատճառն այն առաջընթացն է, որ արձանագրել են Վրաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի անվտանգության ուժերը: Պետություններից ամեն մեկն իր հնարավորությունների սահմանում հիմքեր է ստեղծում պրոֆեսինալ բանակի եւ ռազմական բարեփոխումների համար»:

«Ազատություն» ռադիոկայան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031