Լրահոս
Օրվա լրահոսը

Հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը ակնհայտ սխալ է. բժիշկները մեղավոր չեն քաղաքացու մահվան մեջ

Սեպտեմբեր 17,2012 18:19

 

 

Կրկնակի հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննության եզրակացությամբ, Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի այս տարվա մայիսի 30-ին կայացրած որոշման համաձայն, գրավով ազատ արձակված Վանաձորի թիվ 1 հիվանդանոցի մասնագիտացված բաժանմունքի վարիչ, կրծքային վիրաբույժ Գեորգի Իլոյանն ու նույն հիվանդանոցի ռենտգենաբան Վարդան Մխիթարյանը մեղավոր չեն քաղաքացի Վաչագան Մարկոսյանի մահվան մեջ:

ՀՀ ոստիկանության Լոռու մարզի քննչական բաժնում 2012թ. մարտի 23-ին հարուցվել էր քրեական գործ` հիվանդանոցի վիրաբույժի ու ռենտգենաբանի կողմից իրենց մասնագիտական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու դեպքի առթիվ:

Ըստ քրեական գործի նյութերի` 2011թ. հոկտեմբերի 11-ին Վ. Մարկոսյանն իր բնակարանի շքամուտքում անզգուշաբար ընկել էր` ստանալով մարմնական վնասվածքներ: Հաջորդ օրը` ժամը 14:00-ի սահմաններում, ահազանգել է շտապ բուժօգնություն եւ տեղափոխվել Վանաձորի թիվ 1 հիվանդանոց, որտեղ ախտորոշվել է. «ձախից 9-րդ կողի մեկ կոտրվածք եւ թոքերի տուբերկուլյոզ»: Բժշկական կենտրոնում ախտորոշումից եւ ցավազրկող դեղամիջոցներ ներարկելուց հետո Վ. Մարկոսյանին առաջարկվել էր դիմել մասնագիտացված բժշկի` թոքաբանի: Սակայն տուն վերադառնալով Վ. Մարկոսյանի վիճակը վատացել էր եւ նույն օրը` ժամը 23:10-ին, կրկին հիվանդանոց տեղափոխվել, որտեղ եւ մահացել էր:

Ի սկզբանե Վարդան Մխիթարյանի փաստաբան Ռուբեն Հակոբյանը մեզ հետ զրույցում հայտարարել էր, որ բժիշկները անմեղ են, նրանց ձերբակալությունն ապօրինի է, առանց հիմքերի, դատարանն էլ պետք է մերժեր կալանքի միջնորդությունը, ոչ թե այն փոխարիներ գրավով:

«Բժիշկներին առաջադրված մեղադրանքի հիմքում դրված էր հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը, համաձայն որի` ռենտգենաբան Վարդան Մխիթարյանը ոչ ճիշտ հետազոտություններ է կատարել, ճիշտ ախտորոշում չի տվել, իսկ բժիշկ Իլոյանը ճիշտ բուժում չի իրականացրել, ինչի հետեւանքով Վ. Մարկոսյանը մահացել է, եւ մահվան պատճառ էր նշվում հեմոռագիկ եւ տրավմատիկ շոկ եւ մի շարք այլ պատճառներ»,-ասում է Ռուբեն Հակոբյանը:

Համաձայն չլինելով հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննության եզրակացության հետ`փաստաբան Հակոբյանը միջնորդություն էր ներկայացրել` պահանջելով անցկացնել կրկնակի հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննություն:

Կրկնակի փորձաքննության եզրակացությունը կասկածի տակ է դրել նախկինում կատարված փորձաքննության արդյունքները: Համաձայն նոր փորձաքննության եզրակացության` Մարկոսյանի մահվան պատճառ հանդիսացել է սուր շնչառական անբավարարվածությունը, որը պայմանավորված է եղել թոքերի երկկողմանի տուբերկուլյոզով` խիստ արտահայտված թարախային միաձուլվող բրոնխոպլեւմանիայով: Մարկոսյանի հիվանդության պատճառը եղել է տուբերկուլյոզը, եւ նրա բժշկական հետազոտումն ու հետագա բուժումը բացարձակ որեւէ նշանակություն չի ունեցել, հիվանդի մահը պայմանավորված չի եղել բժիշկների գործողություններով:

«Այսինքն` եթե պաշտպանության կողմը չմիջնորդեր կրկնակի փորձաքննություն նշանակելու, եւ հիմք ընդուներ նախկին խայտառակ փորձաքննությունը, երկու բժիշկներ, շատ լավ մասնագետներ, լավ անձնավորություններ, պետք է դատապարտվեին կալանքի ձեւով կամ նույնիսկ ազատազրկման ձեւով, քանի որ նրանց դատապարտման հիմքում պիտի դրվեր փորձագիտական ակնհայտ սխալ եզրակացությունը»,- նշում է փաստաբան Հակոբյանը:

Նա տեղեկացնում է, որ հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննություն կատարած բժիշկները անգամ անփութություն էին ցուցաբերել եզրակացությունը կազմելիս. շփոթել էին անուն-ազգանուններ, ամսաթվեր, լուրջ չէին մոտեցել կատարվող աշխատանքին:

Փաստաբանի ունեցած տվյալներով` քննարկվում է երրորդ փորձաքննություն նշանակել- չնշանակելու հարցը:

«Եթե չնշանակվի, հարուցված քրեական գործը պետք է կարճվի, սպասում ենք»,-եզրափակում է փաստաբանը:

Անուշ ԲՈՒԼՂԱԴԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930