Լրահոս
Օրվա լրահոսը

Ծառուկյանը մղում է Օսկանյանին

Հոկտեմբեր 10,2012 11:39 Share

Առաջիկա նախագահական ընտրությունների վերաբերյալ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառակյանի փոխարեն՝ նախօրեին «սպասված» հայտարարությամբ հանդես եկավ այդ կուսակցության երկրորդ դեմքը՝ նախկին արտգործնախարար, ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Օսկանյանը։

Վերջինս, հիշեցնենք, «Սիվիլնեթին» տված հարցազրույցում ասաց, թե Բարգավաճը նախագահական ընտրություններին միանշանակորեն պետք է մասնակցի սեփական թեկնածուով։ «Բնական է, որ առաջին հերթին այդ թեկնածուն պետք է լինի կուսակցության առաջնորդը՝ Գագիկ Ծառուկյանը։ Սակայն, եթե պարոն Ծառուկյանը չուզենա իր թեկնածությունը դնել, եւ կուսակցությունը կանգնի իմ թեկնածության վրա, ես պատրաստ եմ ինձ վրա վերցնել այդ պատասխանատվությունը»,- ասաց Օսկանյանը։ Այսինքն, Ծառուկյանը, որն, ըստ մամուլում շրջող տեղեկությունների, երկուշաբթի պետք է պատասխան տար Սերժ Սարգսյանին՝ սատարելու է նրան առաջիկա նախագահական ընտրություններում, թե՝ ոչ, բոլորովին այլ հայտարարություն արեց (պնդեց, որ Օսկանյանին միայնակ չի թողել այն օրերին, երբ ԱԺ-ն բավարարում էր նրան անձեռնմխելիությունից զրկելու գլխավոր դատախազի միջնորդագիրը), իսկ նախագահական ընտրությունների մասին խոսեց Օսկանյանը։ Ինքը՝ Ծառուկյանը, ինչպես արդեն տեղեկացրել ենք, Սերժ Սարգսյանի հետ մասնակցել է ԱԺ պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանի որդու հարսանիքին։ Կոալիցիոն նախկին գործընկերները նստած են եղել նույն սեղանի շուրջ։ Ավելին, ինչպես հայտնում են մեր աղբյուրները, Ծառուկյանը հոտնկայս խմել է Սերժ Սարգսյանի կենացը, իսկ վերջում էլ բաժակը ցուցադրաբար շրջել է՝ ցույց տալով, որ ոչ մի կաթիլ տակը չի թողել։ Մի խոսքով, Ծառուկյանը, փաստորեն, առաջ է մղում Վարդան Օսկանյանին, որը նախագահական ընտրությունների ժամանակ մրցակցության ֆոն կապահովի Սերժ Սարգսյանի համար, իսկ Ծառուկյանը, քաղաքական պատեհությունից եւ իրավիճակից ելնելով, կարող է ճիշտ ժամանակին համագործակցել Սերժ Սարգսյանի հետ։ Ու, թերեւս, պատահական չէր, որ ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը երեկվա իր ասուլիսում կրկին հիշեցրեց, որ Ծառուկյանը՝ կոալիցիոն վերջին հուշագրից բացի, որտեղ նշված է, որ նախագահական ընտրություններում ԲՀԿ-ն սատարելու է գործող նախագահին, այլ փաստաթուղթ չի ստորագրել եւ այլ հայտարարություն չի արել։ Երեկ, երբ Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանին հարցրինք, թե ինչ էր նշանակում Վարդան Օսկանյանի նախօրեին արած հայտարարությունը, արդյո՞ք այն, որ Ծառուկյանը չի առաջադրվելու, այլ ինքը՝ Օսկանյանն է առաջադրվելու, նա պատասխանեց.  «Դա դեռ ոչինչ չի նշանակում, Գագիկ Ծառուկյանը նախագահական ընտրությունների հետ կապված որոշում դեռ չի հայտնել»։ Տոնոյանն ասաց նաեւ, թե նախագահական ընտրությունների վերաբերյալ Ծառուկյանի հայտարարության մասին ժամկետները շրջանառության մեջ է դրել մամուլը, իսկ ինքը որեւէ ժամկետ չի կարող նշել, թե երբ է ԲՀԿ-ն պաշտոնապես քննարկելու նախագահական ընտրությունների հարցը։ Իսկ ինչո՞վ է պայմանավորված որոշման ձգձգումը՝ հարցին Տոնոյանը պատասխանեց. «Որեւէ հանգամանք չեմ կարող նշել»։ Երբ նշեցինք Շարմազանովի հիշեցման մասին, Ծառուկյանի խոսնակն ասաց, թե դա չի մեկնաբանի, քանի որ ՀՀԿ խոսնակն ասել է, որ չի մեկնաբանի Օսկանյանի հայտարարությունը։

Օսկանյանի 5 կետը

Մինչ ԲՀԿ-ն պաշտոնական որոշում կկայացնի առաջիկա նախագահական ընտրությունների մասնակցության վերաբերյալ, երեկ Վարդան Օսկանյանը հանդես է եկել «նախընտրական պլատֆորմով»։ «Facebook» սոցիալական ցանցի իր էջում նա, հիշեցնելով, որ ընտրությունները սարերի ետեւում չեն, գրել է, թե ներկայացնում է իր դիտարկումները մեր երկրի եւ ժողովրդի համաո ամենաճակատագրական խնդիրների շուրջ՝  5 հիմնական կետով։ Դրանք են՝ երկրի բարոյահոգեբանական մթնոլորտը, քաղաքական դաշտի առողջացումը, տնտեսական քաղաքականությունը, արտաքին քաղաքականությունը եւ Հայաստանի ինտեգրացիոն դաշտի ընտրությունը։ Օսկանյանը նաեւ բացատրել է, թե ինչ նկատի ունի՝ այդ խնդիրների մասին նշելիս։ Ուշագրավ է, որ Օսկանյանի ներկայացրած այդ 5 կետերը խիստ նման են ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի նշած 5 կետերին, որոնց մասին նա խոսեց սեպտեմբերի 21-ին, Սարյանի պուրակում Անկախության տոնի առթիվ հրավիրված հավաքի ժամանակ։ «Այսօր ես տեսնում եմ ընդամենը 5 խնդիր, 5 խնդիր է պետք լուծել, որ մեր պետությունը դառնա իսկապես ամուր, արժանապատիվ պետություն՝ ազգերի իրավահավասար ընտանիքում։ Որոնք են դրանք, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը, Ղարաբաղի հարցի լուծումը, շրջափակումների վերացումը, կոռուպցիայի արմատախիլ արվելը եւ օրինականության հաստատումը»։ Առաջին նախագահն ասել էր նաեւ, որ այդ խնդիրները պետք է բաժանել 2 մասի. «Առաջինը՝ հայ-թուրքական հարաբերությունների հաշտեցումը,   Ղարաբաղի հարցի լուծումը եւ շրջափակումների   վերացումը,   դժբախտաբար, միայն մեզնից կախված չէ (…): Բայց մյուս խնդիրը՝ չգողանալը, կոռուպցիան վերացնելը եւ օրինականության ապահովումը (ես ընդհանուր եմ ասում, օրինականության ապահովումը նշանակում է ամեն ինչ՝ եւ ժողովրդավարություն, եւ նորմալ ընտրություններ, եւ մարդու իրավունքների ապահովում եւ այլն) կախված են մեր իշխանավորներից»։   Հիշեցնենք,

որ խորհրդարանական վերջին ճեպազրույցների  ժամանակ լրագրողները փորձել էին Հայ ազգային կոնգրես խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանից ճշտել, թե արդյո՞ք Կոնգրեսը կսատարի Գագիկ Ծառուկյանին՝ իբրեւ նախագահի   միասնական   թեկնածու։ «Հայ ազգային կոնգրեսը չի սատարում իրենց առաջադրման մասին չհայտնած թեկնածուներին։ Առայժմ ոչ մի թեկնածու էլ չկա»,- պատասխանել էր Արամ Մանուկյանը։ Երեկ, երբ Կոնգրեսի խոսնակ Արման Մուսինյանին ասացինք, որ ԲՀԿ-ից արդեն նախագահի թեկնածուի հայտ է ներկայացվել, թեկնածուն Վարդան Օսկանյանն է լինելու եւ հարցրինք՝  արդյո՞ք Հայ ազգային   կոնգրեսը   կսատարի ԲՀԿ-ի թեկնածուին, նա պատասխանեց. «Կոնգրեսն ունի իր թեկնածուն՝ Լեւոն Տեր-Պետրոսյանը»։

Լուսինե ԲԱՐՍԵՂՅԱՆ

«Հայկական ժամանակ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031