Լրահոս
Օրվա լրահոսը

ԲՀԿ-ն Հմայակ Հովհաննիսյանի «երկնած հերթական սենսացիային» լուրջ չի վերաբերվում

Հոկտեմբեր 18,2012 13:36

Ըստ Ռուբեն Հակոբյանի՝ ճշմարտությունը ավելի համոզիչ է դառնում, երբ միասնական շտաբի կազմակերպիչներից մեկն է խոսում, թե ով էր շտաբի իրական տերը։

Նախօրեին Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը «Առավոտ»-ի հետ զրույցում հերթական սենսացիոն բացահայտումն է արել։ Նա նշել է, թե միասնական շտաբը եղել է ԲՀԿ-ինը, եւ Գագիկ Ծառուկյանն ամեն ամիս գումար է հատկացրել՝ շտաբը պահելու համար: «Իրականությունն այն է, որ միասնական շտաբը պետք է գործեր, ինչպես ես հայտարարում էի՝ նախընտրական, ընտրական եւ հետընտրական փուլում: Յուրաքանչյուր ամսի 8-ին Գ. Ծառուկյանը որոշակի միջոցներ էր հատկացնում, որ հնարավոր լինի իրականացնել շտաբի գործունեությունը: Մայիսի 6-ին ընտրություններ էին: Ամսի 8-ին պետք է առաջիկա ամսվա գործունեությունը ապահովեր նյութապես: Բայց Գ. Ծառուկյանը ինձ ասաց, որ միասնական շտաբը փակվում է, շտաբ չի լինելու, եւ այլն: Ես ստիպված եղա այն աշխատակազմին, որը կար, ուղարկել անժամկետ արձակուրդի»,- ասել է նա: «Առավոտ»-ի լրագրողի դիտարկմանը, որ ստացվում է՝ «Ժառանգությունը» ճիշտ էր, երբ հայտարարում էր, թե միասնական շտաբը փաստորեն իսկապես միայն ԲՀԿ-ի շտաբն է եղել, անկախ չի եղել, նա է ֆինանսավորել, եւ բնական է, որ ԲՀԿ-ն էլ պետք է թելադրեր՝ Հ. Հովհաննիսյանը պատասխանել էր. «Նրանք հավաքել էին 500 հազար ձայն, եւ վարչապետի պաշտոնի համար գնում էր խոսակցություն: Այդ ընթացքում անհրաժեշտ էր բանակցություններից առաջ այդ միասնական շտաբը Հ. Հովհաննիսյանի հետ միասին ցրել, որպեսզի այն չխոչընդոտի դրան: Որովհետեւ խնդիր էր դրվում՝ վարչապետի փոփոխությունը: ԲՀԿ-ն ապացուցեց, որ վարչապետի լծակը տնօրինելու հնարավորությունը առանցքային էր ԲՀԿ-ի համար»:

Այն, որ Հ. Հովհաննիսյանը ԲՀԿ առաջնորդին մեղադրում է «միջոցներ» հատկացնելու մեջ, ապա նրան չհավատալու հիմքեր չկան, որովհետեւ ամռանը ԲՀԿ- Հմայակ Հովհաննիսյան թեժ փոխհրաձգության ընթացքում ԲՀԿ-ն մի հայտարարություն տարածեց, որտեղ հստակ ամրագրել էր, որ ԲՀԿ առաջնորդը ֆինանսական աջակցություն է ցուցաբերել Հ. Հովհաննիսյանին։ Օգոստոսին տարածած ԲՀԿ-ի այդ հայտարարության մեջ ԲՀԿ-ն պարզ խոստովանել էր այդ մասին. «Հմայակ Հովհաննիսյանի դեպքում քաղաքական պարկեշտությունից խոսելը երեւի թե ավելորդ է, սակայն մարդ առնվազն տարրական երախտագիտության զգացում պիտի ունենա իրեն մշտապես եւ տեւականորեն անշահախնդիր ֆինանսական եւ նյութական աջակցություն ցուցաբերած, իրեն քաղաքական դիակ դառնալուց փրկելու փորձեր արած գործչի հանդեպ»։

Արդյոք Հ. Հովհաննիսյանի հայտարարությունը համապատասխանո՞ւմ է իրականությանը, արդյոք միասնական շտաբը նո՞ւյնպես ֆինանսավորվել է Գ. Ծառուկյանի կողմից: Երեկ այս հարցը պարզելու նպատակով «Առավոտ»-ը նախ դիմեց Գագիկ Ծառուկյանի մամլո խոսնակ Իվետա Տոնոյանին։ Վերջինս, սակայն, կեսկատակ-կեսլուրջ պատասխանեց. «Ձեր հարցադրմանն ի պատասխան՝ պարզապես կհետաքրքրվեմ՝ իսկ սենսացիոն ուրիշ էլ ի՞նչ բացահայտումներ է արել Հմայակ Հովհաննիսյանը՝ բացի միասնական շտաբի ֆինանսավորմանը վերաբերող հայտարարությունից…»։ Այնուհետեւ Իվետա Տոնոյանը հավելեց. «Դա Հմայակ Հովհաննիսյանի երկնած հերթական սենսացիան է»: Հ. Հովհաննիսյանին պարզապես խորհուրդ կտամ այդքան ջանք ու եռանդ չթափել «բացահայտումներ» անելու բարդ ու դժվարին գործում, ինչպես նաեւ՝ սենսացիաներ հրահրելու, ավելի լավ է՝ միանգամից, ոչ թե ժամանակ առ ժամանակ մտափայլատակումներ ունենալ։ Իսկ եթե ավելի լուրջ, ապա զերծ կմնամ այդօրինակ անլուրջ հայտարարությունները մեկնաբանելուց»։

«Առավոտ»-ը երեկ մեկնաբանություն խնդրեց նաեւ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանից, ով, ինչպես հայտնի է, մասնակցում էր միասնական շտաբի աշխատանքներին, իսկ «Ժառանգությունը» այդ շրջանում շտաբի գործունեության առնչությամբ առաջարկություններով էր հանդես գալիս եւ ներկայացնում էր իր վերապահումները։ Անդրադառնալով Հ. Հովհաննիսյանի հայտարարությանը՝ պարոն Հակոբյանը նշեց, թե չի ցանկանում չարախնդալ, բայց ի վերջո՝ այդ շտաբի ձեւավորման եւ նպատակների հետ կապված ճշմարտությունը պետք է բացահայտվեր։ «Եթե ընթերցեք ապրիլ ամսվա ընթացքում Հ. Հովհաննիսյանի, ՀԱԿ անդամների, «Ժառանգության» հայտարարությունները եւ հատկապես իմ հասցեին հնչած գնահատականները, որոնք ավելի շատ հերյուրանքներ էին, ապա հստակ երեւում է, թե այդ շտաբը ինչ նպատակ էր հետապնդում։ Թեեւ ասվում էր, որ այն ընտրությունների ազատ, արդար անցկացման համար է ձեւավորվում, բայց, ըստ էության, դա օգնում էր կոալիցիոն ուժերից մեկին լեգիտիմացնելու ընդդիմադիր դաշտում՝ ի դեմս ԲՀԿ-ի։ Եվ բնական է, որ ԲՀԿ-ն պետք է վճարեր ամբողջ ծախսերը: ԲՀԿ-ն իր խաղն էր խաղում, բայց փաստն այն է, որ իսկապես դրանով նպաստեցին, որպեսզի ընդդիմադիր դաշտից, նաեւ՝ այդ շտաբի օգնությամբ 15-20 տոկոս ձայն, այդ թվում ե՛ւ ՀԱԿ-ից, ե՛ւ ՀՅԴ-ից, ե՛ւ «Ժառանգությունից» անցներ ԲՀԿ-ին։ ԲՀԿ-ի ստացած ձայները կոալիցիոն ընկերների ձայներից չէին, այլ ընդդիմադիր դաշտի ձայներն էին»:

Ռ. Հակոբյանը հիշեցրեց նաեւ «Ժառանգության» առաջարկները. «Մենք առաջարկեցինք չխախտել Ընտրական օրենսգիրքը, համաձայն որի՝ այդ ընթացքում պետք է բացառել բարեգործությունը։ Մենք պետք է պայմանավորվեինք ընդհանրապես բացառել փող բաժանելը՝ նկատի ունենալով ԲՀԿ-ի ներկայությունը միասնական շտաբում։ Դրա երաշխավորը պետք է լիներ ԲՀԿ ղեկավարը, բայց, ցավոք, պարզ դարձավ, որ շտաբը այլ նպատակ է հետապնդում։ Հիմա՝ անկախ այն բանից, թե ինչ պատճառով է Հ. Հովհաննիսյանը բարձրաձայնում, իրականությունը պետք է բացահայտվեր, թեեւ ինձ համար այդ ճշմարտությունը վաղուց էր հայտնի, պարզապես հիմա այն ավելի համոզիչ է դառնում, քանի որ այդ շտաբի կազմակերպիչներից մեկն է խոսում այն մասին, թե ով էր այդ շտաբի իրական տերը»։ Ռ. Հակոբյանը հավելեց՝ ցավում է, որ միասնական շտաբը որոշակիորեն նպաստեց քաղաքական դաշտի եւ մասնավորապես ընդդիմադիր դաշտի թուլացմանը: Նա կանխատեսեց, թե հիմա էլ տեսնում է սերմեր, որ այդպիսի մի բան կարող է նաեւ նախագահական ընտրությունների նախաշեմին ձեւավորվել։

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031