Լրահոս
Օրվա լրահոսը

«Իրենք են ինձ թելադրում, թե որին ինչ շոր հագցնեմ, ինքը ով կարող է դառնալ». Վանաձորցի տինիկագործը փայփայում է իր աշխատանքները

Հոկտեմբեր 18,2012 20:58

 

Նստելով պատուհանի տակ դրված աթոռին` տիկնիկագործը ձեռքն է առնում թել ու ասեղն ու շտապում մարդկային մարմին հիշեցնող բամբակով լի կտորին շունչ ու հոգի պարգեւել:

Ձեռքերի ճարպիկ շարժումներով նա ուղղում է  իրանի ներքեւի հատվածում տեղ-տեղ առաջացած անհարթությունները, ապա  նախօրոք բամբակով լցված մարդկային ոտք հիշեցնող կտորը ամրացնում  իրանին: Մի քանի օր, եւ տիկնիկն արդեն կհագնի նորից ձեռքի աշխատանքի արդյունքում պատրաստված զգեստը կամ տարազն ու տեղ կգտնի իրենից առաջ ստեղծվածների` թումանյանական հերոսների ու այլ տիկնիկների  կողքին:

«Կերպար է դառնում, երբ քիթն եմ կարում: Աչքերց էլ է շատ բան կախված. եթե մոտ եմ դնում, ծիծաղաշարժ է ստացվում, հեռու` հայացքը լրիվ փոխվում է»,-ասում է տիկնիկագործ, ժողովրդական վարպետ Նարինե Մխիթարյանը:

Տիկինիկների աշխարհը  դեռ 10 տարի առաջ անծանոթ էր վանաձորցի կնոջը: Սակայն այժմ 48-ամյա  Նարինեն առանց նրանց չի  պատկերացնում իր կյանքը: «Շատ դժվար  կլիներ, եթե չլինեին այս տիկնիկները: Կյանքս շատ գորշ կլիներ, սա խայտաբղետ գույներով է  լցնում  իմ կյանքը, հարստացնում է այն: Տիկնիկներն ինձ ուժ են  տալիս, ոգեւորում են, ապրելու ցանկություն են հաղորդում: Դա իմ աշխարհն է»,-ասում է նա:

Երբ 1996 թվականին մասնագիտությամբ նկարիչ-մոդելյոր Նարինե Մխիթարյանը  հրավեր ստացավ «Դավ-Գար» կարի ֆաբրիկային կից ստեղծելու փափուկ խաղալիքների արտադրամաս, չէր էլ պատկերացնում, որ խաղալիքների աշխարհը իր հետքը կթողնի ողջ կյանքի վրա. «Արտադրամասը շուտով փակվեց, սակայն տիկնիկներ ստեղծելու հաճույքից չկարողացա հրաժարվել, այն դարձավ յուրօրինակ հոբբի»:

Նրա ստեղծած տիկնիկների աշխարհում առանձնանում են Լոռու տարազով, փափախները գլխին ու երկար բեղերով գյուղացիները: Անշունչ թվացող տիկնիկները, սակայն, վարպետի խոսքերով, ունեն իրենց բնավորությունը, դեռ չստեղծված` իրենց պայմաններն են թելադրում:  «Հետաքրքիր է, բայց շատ է եղել, որ նախնական կտրվածքները անելիս ցանկացել եմ մի բան ստեղծել, սակայն համառորեն չի ստացվել, լիրվ ուրիշ բան է ստացվել: իրենք են ինձ թելադրում, թե որին ինչ շոր հագցնեմ, ինքը ով կարող է  դառնալ: Միայն  ստեղծգործ մարդը  կհասկանա դա »:

Ժողովրդական վարպետը նշում է, որ սիրելի տիկնիկներից դժվարությամբ է բաժանվում, կարծես հոգու մի մասնիկն է կորցնում նրանց վաճառելիս. «Կան գործեր, որ երբեք չեմ վաճառի, որքան էլ վճարեն, մի տեսակ դավաճանություն եմ համարում իմ սիրելի տիկնիկներից բաժանվելը, ժամանակի ընթացքում իմ երեխաներն են կարծես դարձել»:
Սակայն, ինչպես ինքն է նշում, վաճառքներն էլ տարին մեկ անգամ են լինում, երբ մասնակցում է ցուցահանդես-վաճառքի.«Տիկնիկագործությունը կարող է լինել ապրուստի միջոց, սակայն դեռեւս Վանաձորում դա անհնար է: Չկան համապատասխան պայմաններ` զարգացնելու համար այս արվեստը»:

 

Անուշ ԲՈՒԼՂԱԴԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031