Լրահոս
Օրվա լրահոսը

Պետական մարմինները կարո՞ղ էին կանխել Սաֆարովի արտահանձնումը

Նոյեմբեր 13,2012 18:50

«Բազմաթիվ անգամներ հունգարական կողմից ստացվել են միանշանակ հավաստիացումներ, որ նման քայլը՝ «Սաֆարովի արտահանձնում», բացառված է: Այդ հավաստիացումները տրվել են մեր հարցումներին ի պատասխան նաև օգոստոսի երկրորդ կեսին՝ ներառյալ օգոստոսի 22-ին, 23-ին, 24-ին՝ Հունգարիայի արտաքին գործերի, արդարադատության նախարարություններից, նաև՝ խորհրդարանից»,- սա ՀՀ արտգործնախարար Էդուարդ Նալբանդյանի հայտարարությունն է` արված սեպտեմբերի 5-ին, ԱԺ-ում:

Այն այսօր ԱԺ-ում հիշեցրեց ՀՅԴ խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը, հիշեցնելով, որ նույն նիստում ինքը խնդրել է արտգործնախարարին՝ տրամադրել այդ շփումների վերաբերյալ ամբողջական տեղեկատվություն: «Սեպտեմբերի 9-ին նամակ գրեցի ԱԳՆ: Ստացա պատասխան՝ հրավիրում ենք նախարարություն ծանոթանալու: Գնացի, կարդացի Եվրոպայի վարչության սեպտեմբերի 4-ին պատրաստած ծառայողական օգտագործման տեղեկանքը: Խնդրեցի մի օրինակ տրամադրել: Ասացին՝ չենք կարող: Վերադարձա, նոր նամակ գրեցի՝ խնդրելով տեղեկանքի կրկնօրինակը՝ ԱԳՆ աշխատանքն ավելի օբյեկտիվ գնահատելու համար: Պատասխան՝ չենք կարող տալ, նորից համեցեք, նշումներ արեք: Համբերատար այսօր նորից գնացի»,- պատմեց ՀՅԴ-ական պատգամավորը` հավելելով, որ միջանկյալ ակնկալում է ԱԺ նախագահի, կառավարության ղեկավարի պարզաբանումը, թե ի՞նչ հիմքով պատգամավորին չեն տրամադրում մի պարզ տեղեկանք, որի մեջ պետական գաղտնիքի նշույլ անգամ չկա: Ինչո՞ւ նախարարը, նրա տեղակալները, վարչության պետերը, բաժնի պետերը կարող են այդ տեղեկանքը ունենալ, պատգամավորը՝ ոչ:

Ապա Աղվան Վարդանյանը ներկայացրեց տեղեկանքի բովանդակությունը. Օգոստոսի 21-ին հունգարահայ Նիկողոս Հակոբյանից լուր է ստացվում. «Հունգարիայի Արդարադատության նախարարությունը պատրաստել է Սաֆարովի արտահանձնման նախագիծ, որը քննարկվելու է խորհրդարանում: 22-ին Վիեննայում մեր դեսպանատնից զանգում են Հունգարիայի ԱԺ երեք պատգամավորի: Արձակուրդում են: 23-ին զանգում են Հունգարիայի ԱԳՆ մի բաժնի պետի: Մարդը տեղյակ չէ: Նույն օրը զանգում են Արդարադատության նախարարի խորհրդականին: Խոստանում է պարզել: 24-ին Արդարադատության նախարարությունից ասում են գրավոր գրեք՝ կպատասխանենք: Դեսպանատնից նամակ են գրում: 27-ին զանգում են Արդարադատության նախարարի օգնականին՝ խնդրում ենք հանդիպում նախարարի հետ: Պատասխան՝ նախարարը խիստ զբաղված է, չի կարող: 28-ին մեր դեսպանատան մի աշխատակից գնում է Բուդապեշտ: ԱԳՆ-ում ասում են՝ լուր չունենք, ԱԺ-ում՝ մեր օրակարգում նման հարց չկա: Կապվում են Արդարադատության նախարարի խորհրդականին: Նախարարը զբաղված է, մոտ ժամանակներս գրավոր կպատասխանենք: Գրավոր պատասխանում են սեպտեմբերի 31-ին, երբ Սաֆարովը Բաքվում էր»:

Այս ամենից հետո պատգամավորը եզրակացրեց. «Ահա սա է մեր արտաքին գերատեսչության կատարած աշխատանքը: Դուք այստեղ հավաստիացում տեսա՞ք Հունգարիայի ԱԳՆ-ից, Արդարադատության նախարարությունից, թե նման քայլը բացառված է: Մի կողմում Վիեննայի մեր դեսպանատան աշխատողներն են, մյուս կողմում՝ ծանոթ պատգամավորներ, օգնականներ, խորհրդականներ: Ի՞նչ իմաստ ուներ օրեր ծախսել՝ պարզելու Հունգարիայի ԱԺ-ում նման հարց կա՞, թե՞ չէ: Դժվա՞ր էր հասկանալ, որ խորհրդարանը չի կարող կապ ունենալ: Կարո՞ղ էր մեր ԱԳՆ-ն նախազգուշացնող հայտարարություն անել: Կարո՞ղ էին՝ մեր արդարադատության նախարարը, մեր կառավարության ղեկավարը դիմել իրենց գործընկերներին: Կարո՞ղ էր մեր արտգործնախարարը հրապարակային դիմել Մինսկի խմբի համանախագահներին և զգուշացնել հետևանքների մասին: Չեն արել: Իրականում ոչինչ չեն արել, բայց այս ամբիոնից Էդվարդ Նալբանդյանը հակառակն էր պնդում: Դուք դատեք՝ որքա՞ն է մեր պետության օգուտը՝ կռվից հետո սուր ճոճողներից»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930