Լրահոս
Օրվա լրահոսը

Կորյուն Նահապետյան. «Եղել են բավարար հիմքեր՝ չհրապարակելու Ռուբեն Հայրապետյանի հեռախոսազրույցի վերծանումները»

Նոյեմբեր 14,2012 22:16

«Ես նման տեղեկատվության չեմ տիրապետում: Որեւէ մեկնաբանություն չեմ կարող անել: Որպեսզի մենաբանություններ ներկայացնեմ իմ կողմից, պետք է փաստական հանգամանքների տիրապետեմ: Քանի որ այս միջադեպի փաստական հանգամանքներին չեմ տիրապետում, ձեռնպահ կմնամ մեկնաբանել այն»,- այսօր Aravot.am-ի հետ զրույցում ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կորյուն Նահապետյանն այսպես պատասխանեց, երբ խնդրեցինք մեկնաբանել «Հարսնաքարի» միջադեպից հետո Ռուբեն Հայրապետյանի անվան հետ առնչվող երկրորդ բժշկի ծեծի մասին լուրերը: Հիշեցնենք, որ Ռուբեն Հայրապետյանը հերքել է այդ լուրերը:

Մենք Կորյուն Նահապետյանից հետաքրքրվեցինք նաեւ, թե ինչու, ըստ իրեն, քաղաքական մեծամասնությունը մերժեց «Հարսնաքարի» գործով ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու նախաձեռնությունը: Նրա մեկնաբանությամբ. «Իսկ նման հանձնաժողովի ստեղծման անհրաժեշտությունը ո՞րն էր: Ինչո՞ւ եք դուք կասկածի տակ դնում արդարադատությունը: Եթե որոշ փաստաբաններ կոնկրետ քրեական գործի կապակցությամբ ունեն սեփական դիտարկումներ, ապա դրա արդյունքում պարտադիր պետք է ստեղծվի ժամանակավոր հանձնաժողո՞վ: Միանգամայն տարբեր հարթությունների մասին ենք խոսում: Եթե մենք արձանագրում ենք, որ քրեական գործով կատարվում է քննություն, ապա պետք է հնարավորություն տանք համապատասխան մարմիններին քննություն ապահովելու: Այդ գործով դուք գիտեք, որ իրականացվում է դատական քննություն, ու եթե որեւէ միջնորդություն դատարանը չի բավարարում, ուրեմն դրանից ինքը պետք է հետեւություն անի, որ արդար չէ եւ անպայման պետք է ԱԺ-ի կողմից ստեղծվի ժամանակավոր հանձնաժողո՞վ՝ բազմակողմանի եւ օբյեկտիվ քննություն անցկացնելու համար: Եկեք տարանջատենք ժամանակավոր հանձնաժողովի եւ քննություն իրականացնող մարմինների գործառույթները: Դրանք տարբեր են միանգամայն»:

Մեր հարցին՝ դուք վստահո՞ւմ եք այսօրվա դատական համակարգին, հավատո՞ւմ եք արդարադատությանը՝ Կորյուն Նահապետյանը պատասխանեց. «Իսկ ի՞նչ հիմք ունեմ կասածելու դատական համակարգի անաչառությանը»: Մեր հարցին՝ երբեւէ չե՞ք առնչվել այդ համակարգի հետ՝ նա պատասխանեց, որ նախկինում աշխատել է այդ համակարգերում: Դատախազության համակարգում եւ դատական դեպարտամենտում տարբեր պատասխանատու պաշտոններ է զբաղեցրել. «Եթե այդ համակարգում կան առանձին անբարեխիղճ աշխատողներ, դա չի նշանակում, որ պետք է ամբողջական հետեւություն անել եւ ասել, որ մենք ունենք մեծ խնդիրներ՝ այդ համակարգում: Որ խնդիրներ կան՝ բոլորը գիտեն դրա մասին: Գիտենք եւ բարձրաձայնում ենք, սակայն չի կարելի ամեն մի քրեական եւ քաղաքացիական գործով կասկածի տակ դնել, որ արդարադատություն իրականացնող դատարանն անաչառ չէ: Այդ տեսանկյունից ուրեմն նշանակում է՝ մենք ընդհանրապես պետք է դատական պաշտպանության մեր իրավունքից չօգտվենք»:

Եթե ամենն ինչ բաց է, թափանցիկ է, ինչո՞ւ Ռուբեն Հայրապետյանի հեռախոսազրույցի վերծանումները չհրապարակվեցին՝ նա պատասխանեց. «Տվյալ քրգործով կատարվել է քննություն: Վերջնական դատական ակտ չի կայացել: Եկեք դեռ չշտապենք եւ հապշտապ եզրահանգումներ չանենք: Ինչու չի հրապարակվել՝ դրա համար եղել են բավարար հիմքեր չհրապարակելու: Ես կառաջարկեի սպասել, թե ինչպիսի վերջնական արդյունք կլինի, եւ դրանից հետո արդեն հետեւություն անել»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930