Լրահոս
Օրվա լրահոսը

Մանրումիջին պաշտոնյաները չեն ուզում, որ հատուկ դպրոցներն ու մանկատները փակվեն

Դեկտեմբեր 12,2012 14:10

Մեր երկրում այնքան ժամանակ պաշտպանված չեն լինի հաշմանդամ երեխաների իրավունքները, քանի դեռ հասարակության վերաբերմունքն ու պաշտոնյաների գիտակցությունը չի փոխվել հաշմանդամ մարդու նկատմամբ: Հասարակությունը չի հանդուրժում կողքին հաշմանդամ մարդ տեսնել, պաշտոնյաներն էլ գտնում են, որ հաշմանդամ մարդիկ ոչ մի բանի պիտանի չեն, եւ նրանք պետք է տանը նստեն եւ նպաստ ստանան: Այսպիսի եզրակացության են եկել հաշմանդամություն ունեցող երեխաների խնդիրների հետ ամեն օր բախվող քաղաքական եւ հասարակական գործիչները, որոնք վստահեցնում են, որ «հասարակության վերաբերմունքն ավելի է ազդում հաշմանդամ մարդու կյանքի վրա, քան նրա հաշմանդամությունը»: Երեկ հաշմանդամ երեխաների իրավունքների թեմայով խորհրդարանական լսումներ էին կազմակերպվել:

«Առավոտի» հետ զրույցում «Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպության նախագահ Սուսաննա Թադեւոսյանը փաստեց, որ մեր երկրում հաշմանդամություն ունեցող երեխաների խնդիրները դեռեւս «շատ-շատ» են: Տիկին Թադեւոսյանը, որպես ոլորտի մասնագետ, գտնում է, որ պետք է այս տարիների եղած փորձը հաշվի առնելով՝ մտածել այնպիսի ռազմավարության մասին, որը ոչ թե կիրականացվի երկարուձիգ տարիների ընթացքում, այլ արագ. «Որովհետեւ, երբ ընտանիքում ծնվում է հաշմանդամություն ունեցող երեխա, այդ ընտանիքն արագ արձագանքման, աջակցության կարիք է ունենում, այլապես նրանք սկզբում կարծում են, որ ամենադժբախտն են, որ սա դժբախտություն էր, որ տեղի ունեցավ հենց իրենց ընտանիքում, որ իրենք մենակ են իրենց դժբախտության հետ, եւ ընտանիքն ավելի է փակվում: Արդյունքում ունենում ենք այն, ինչ այսօր ունենք: Երեխան մեկուսանում է, ընտանիքն ամբողջությամբ դառնում է խոցելի իր համայնքում: Եթե ծնողը չի կարողանում հաղթահարել այդ մեկուսացվածությունը եւ սկսել ինքն իր երեխայի համար պայքարել, ապա գալիս է մի պահ, որ այդ ընտանիքը չի կարողանում հաշմանդամ երեխայի հոգսը տանել, եւ շատ օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներով երեխան հայտնվում է մանկատանը: Ընտանիքների մի ստվար զանգված էլ, երբ գալիս է երեխայի կրթության տարիքը, ընտրում են հատուկ դպրոցներ, որը ունի գիշերօթիկ ռեժիմ, այսինքն՝ դա նրանց համար մի տեղ է, որտեղ որոշակի ժամանակ իրենք իրենց պրոբլեմից, հոգսից հեռու են մնում, իսկ մի մասն էլ պարզապես հաշտվելով իր ցավի հետ՝ մեկուսացնում է երեխային ընտանիքում, ինչը գյուղական համայնքներում շատ ավելի ընդգծված է լինում: Այնտեղ ավանդական ընկալումներն ու պատկերացումները մի փոքր այլ են: Հաշմանդամ երեխայի ծնողները գտնում են, որ ընտանիքում ունենալով նման երեխա՝ դա կազդի մյուս երեխաների ապագայի, ճակատագրի վրա, եւ հնարավորինս թաքցնում են, որ ոչ ոք չիմանա: Պատկերացնո՞ւմ եք նման իրավիճակում ապրող երեխայի եւ վաղը՝ երիտասարդի, իսկ ապա՝ մեծահասակի կյանքը»: Ս. Թադեւոսյանը վստահ է, որ եթե արագ արձագանքման ծառայությունները հասանելի լինեն այդպիսի ընտանիքներին, ապա հաշմանդամություն ունեցող երեխաների 90 տոկոսի կյանքը բոլորովին այլ ուղղությամբ կընթանա:

Մասնագետը մեկ այլ խնդիր էլ է կարեւորում, որը դպրոց հաճախող հաշմանդամ երեխային զերծ կպահի սթրեսներից. «Նախադպրոցական կրթության մակարդակում ներառական կրթության ներդրումը պարտադիր է: Առհասարակ, յուրաքանչյուր երեխայի համար էլ, նախադպրոցական կրթության այդ փուլը չանցնելով, դպրոցի մուտքը շատ սթրեսային է լինում, առավել եւս՝ այն երեխաների, որոնք աջակցության կարիք են ունենում կրթական կարիքների բավարարման պրոցեսում եւ անպատրաստ մտնում են դպրոց, հաշմանդամ երեխաների համար այդ խնդիրը կրկնապատկվում է»:

Հաշմանդամ մարդկանց համար ամենահրատապ խնդիրը, տիկին Թադեւոսյանի համոզմամբ, շարունակում է մնալ միջավայրային անմատչելիությունը, տրանսպորտի բացակայությունն ու տեղաշարժվելու անհարմարությունները եւ հասարակության բացասական վերաբերմունքը. «Այս խնդիրները նույնիսկ դադարեցնում են բոլոր այն գործընթացները, որոնք այսքան տարի սկսված են: Եթե այսօր նույնիսկ բոլոր գործատուները, դպրոցները, բուհերը բացեն իրենց դռները, հաշմանդամ մարդիկ պետք է կարողանան տնից դուրս գալ, նստել տրանսպորտ եւ հասնել կրթության, աշխատանքի վայր: Այսինքն՝ դրանք լուրջ խնդիրներ են, որոնք շարունակում են մնալ»:

Ինչպե՞ս են մեր երկրում իրագործվում հաշմանդամ երեխաների իրավունքները՝ «Առավոտի» հարցին «Էմանուել» հատուկ կարիքներով երեխաների հ/կ ղեկավար Մանվել Գասպարյանը մեկ օրինակով ներկայացրեց: Նրա խոսքերով. «Ընդամենը վերջերս դիմել ենք թիվ 27 դպրոցի տնօրենին, որտեղ սովորում են հաշմանդամություն ունեցող 57 երեխա, որպեսզի դահլիճը տրամադրի այդ դպրոցի հաշմանդամ երեխաների համար բժշկական ֆիզկուլտուրա իրականացնելու համար: Տնօրենը շատ ուրախացավ եւ մեծ պատրաստակամություն հայտնեց, բայց քանի որ դպրոցը քաղաքապետարանի ենթակայությամբ է գործում, խնդրեց նրանց համաձայնությունը ստանալ, սակայն քաղաքապետարանից պատասխան ստացանք, որ մեր խնդրանքը մերժվել է: Մենք ընդամենն ուզում էինք այդ երեխաներին օգնել, մեր մասնագետն անվճար անցկացնելու էր այդ պրոցեդուրան, ես պարզապես զարմացած եմ այդ մարդկանց վրա: Այնպիսի տպավորություն է, որ այդ մարդիկ ղեկավարվում են Բաքվի քաղաքապետարանից եւ տեղյակ չեն ՄԱԿ-ի որեւէ կոնվենցիայից, որը որդեգրել է Հայաստանի կառավարությունը: Դա սովորական մի օրինակ է: Մենք տարբեր առիթներով դիմել ենք քաղաքապետարան, եւ բոլոր մեր դիմումները մերժվում են»:

ԱԺ նախկին պատգամավոր Անահիտ Բախշյանն էլ հաշմանդամ մարդկանց իրավունքների պաշտպանությունը որակեց ոչ բավարար. «Շատ դանդաղ ենք իրականացնում մեր ստանձնած պարտավորությունները: Ես հավատում եմ, որ կրթության եւ աշխատանքի ու սոցիալական ապահովության հարցերի նախարարներն այդ գաղափարների կրողն են, բայց, ցավոք, նրանցից ավելի ցածր օղակներում գտնվող պաշտոնյաները, որոնք պետք է այդ քաղաքականությունն իրականացնեն, դեռեւս հեռու են այդ գաղափարախոսությունից, հաշմանդամը նրանց համար մեկն է, որը ապիկար է, անկարող է, ոչ մի բանի պիտանի չէ եւ պետք է տանը նստի եւ նպաստ ստանա»: Մեր հարցին, թե փաստորեն՝ հաշմանդամ մարդուն հասարակություն չինտեգրելու պատճառը ոչ այնքան միջոցների բացակայությունն է, որքան գիտակցությա՞ն, տիկին Բախշյանն ասաց. «Հատուկ դպրոցում երեխան մի քանի անգամ ավելի է ֆինանսավորվում, քան հանրակրթական դպրոցի ներառական կրթության երեխան, մենք ասում ենք՝ այդ ֆինանսներն ուղղեք հատուկ դպրոցից դեպի հանրակրթական դպրոց: Մանկատներից՝ խնամատար ընտանիքներ: Պետությունն այնտեղ մի քանի անգամ ավելի գումար է տալիս, քան կտա հանրակրթական դպրոցի կամ խնամատար ընտանիքի պարագայում: Փողի ուղղությունը փոխելու ընթացքը չի կայանում: Ես սկսում եմ մտածել կոռուպցիայի այն աստիճանի մասին, որը ուղղակի ձեռք է տալիս այդ մարդկանց, որ այդ գումարները շարունակեն մնալ այդ հատուկ դպրոցներում կամ մանկատներում»:

ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31