Լրահոս
Օրվա լրահոսը

Գեւորգ Մելքոնյան. Ադրբեջանը կհայտնվի տարածաշրջանային մեկուսացման մեջ

Դեկտեմբեր 12,2012 15:12 Share

Պատմաբան Գեւորգ Մելքոնյանը խոսելով ռուս-ադրբեջանական հարաբերությունների սրացումից, նաեւ Ռուսաստանի կողմից Գաբալայի ռադիոլոկացիոն կայանի շահագործման դադարեցումից, կարծիք հայտնեց, որ այսօր Ադրբեջանում ռուս-ադրբեջանական հարաբերությունների սրացման հետ կապված լուրջ խուճապ կա. «Նրանք բարձր պաշտոնյաների մակարդակով անընդհատ հայտարարում են, որ սա չի կարող վնասել իրենց հարաբերություններին, իրենք ցանկանում են այդ լավ հարաբերությունները պահպանել, բայց նման դիրքորոշման արտահայտում չկա Ռուսաստանի կողմից: Բացի այդ՝ բոլորի համար էլ պարզ է, որ ստեղծված իրավիճակը մեծ մասով հարվածելու է ռուս-ադրբեջանական հարաբերություններին. մանավանդ որ, այսօր տարածաշրջանում ի դեմս Իրանի, ինչպես նաեւ Սիրիայում կատարվող իրադարձությունների, որին Ռուսաստանը լուրջ հետեւում է, եւ նման կարեւոր պատմական պահի հրաժարվել թեկուզ եւ թույլ ռադիոլոկացիոն կայանից՝ նշանակում է, որ Ադրբեջանը թիկունքից հարվածում է Ռուսաստանին, հնարավորություն չտալով հարավային սահմանների պաշտպանական գոտին ամրապնդել»:

Մելքոնյանի ձեւակերպմամբ՝ նման պայմաններում ենթադրվում է, որ Հայաստանի դերը տարածաշրջանում Ռուսաստանի համար մի քանի անգամ ավելանալու է. «Ռուս փորձագետներն էլ բազմիցս նշել են, որ հնարավոր է Հայաստանում կառուցվի ռադիոլոկացիոն կայան, ինչից Ադրբեջանում շատ են վախենում, իսկ սա ենթադրում է, որ Հայաստանի անվտանգությունը կավելանա, իսկ դերը տարածաշրջանում, ռազմական առումով կամրապնդվի»:

Պատմաբանը հնարավոր համարեց այն, որ Ադրբեջանը Գաբալայի ռադիոլոկացիոն կայանը տրամադրի Թուրքիային կամ ԱՄՆ-ին, ինչն էլ կբերի նրան, որ Ռուսաստանի ու Ադրբեջանի հարաբերությունները ճգնաժամ կապրեն: Ըստ պատմաբանի՝ «Ադրբեջանը հրաժարվելով Ռուսաստանին հնարավորություն տալ շահագործել այդ կայանը, կենթարկվի Մոսկվայի ու Իրանի ճնշումներին, ինչպես նաեւ տարածաշրջանային մեկուսացման մեջ կհայտնվի: Այսօր արդեն դրա հետեւանքները կան ու այն արտոնությունները, որ ուներ Ադրբեջանը ժամանակին, Ռուսաստանից զինատեսակներ գնելու պարագայում, այսօր կզրկվի դրանից»:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31