Լրահոս
Օրվա լրահոսը

Տեղաշարժման դժվարություններ ունեցող Անուշը ժամանակ էլ չունի մտածելու հոգնելու մասին

Դեկտեմբեր 13,2012 22:20

Երբ առաջին անգամ Անուշ Ասլանյանը ոտք դրեց Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտ, մտավախություններ ուներ, որ չի կարողանա հարմարվել ոչ ինստիտուտի շենքային պայմաններին, ոչ էլ անծանոթ ու նոր միջավայրին: «Մտածում էի` արդյոք ես կկարողանա՞մ աստիճանները բարձրանալ, արդյոք համապատասխան պայմաններ կլինեն, իսկ մյուս կողմից էլ, թեեւ շփվող անձնավորություն եմ, բայց եւ մտածում էի ` մարդիկ տարբեր են` հնարավոր է չընդունեն ,-Aravot.am-ի հետ հարցազրույցի ժամանակ հիշում է նա: Սակայն, հենց Անուշի անմիջական ու ակտիվ բնավորությունը շուտով ի չիք դարձրին նրա  բոլոր վախերն ու մտահագությունները:

21-ամյա դարպասեցի Անուշ Ասլանյանը տեղաշարժման դժվարություններ ունի: Բժիշկները բացատրել են, որ ծնվելիս երեխան թթվածնային քաղց է ունեցել, ինչն էլ պատճառ է դարձել մանկական ուղեղային կաթվածի: Մինչեւ 10-րդ դասարանը Անուշը միայնակ դպրոց չի հաճախել. մայրն է օգնել նրան` թեւանցուկ անելով: Սակայն, երբ  տնտեսագիտության օլիմպիադայում հաղթող ճանաչվեց ու միայնակ Ծաղկաձոր պիտի գնար, ձեռքն առավ անթացուպն ու կյանքում առաջին անգամ 7 օրով հեռացավ հայրենի գյուղից. «Քանի որ այդտեղ ուղեկցող չէին թույլ տալիս, փայտ վերցրի, առաջին փորձերս դա է եղել տնից հեռու: Հիանալի օրեր էին, հետաքրքիր. եւ վայրն էր լավը, եւ մարդիկ »: Այդ օրվանից նա որոշեց, որ կարող է եւ պարտավոր է ինքնուրույն` առանց մոր, տեղաշարժվել:

Դասերից հետո շաբաթական երկու օր անգլերենի պարապմունք, ուսանողական եռուն կյանք, պայքար ճշտի ու արդարության համար, հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրների վերաբերյալ ծրագրերի մշակում, իր սցենարի հիման վրա բեմականացված ներկայացում… քիչ չեն եւ ապագային ուղղված ցանկությունները` ուսումը մագիստրատուրայում շարունակելու պլաններ, հետագայում հայկական հեքիաթների մոտիվներով  սցենարների մշակում, որեւէ հասարակական կազմակերպությունում աշխատանքի անցնելու նպատակներ … ինչպես ինքն է ասում, ժամանակ էլ չունի մտածելու հոգնելու մասին:

Նրա բազում ցանկություններից մեկն էլ  բնակավայրերը հաշմանդամություն ունեցող անձանց հարմարավետ դարձնելն է: «Կուզեմ, որ տրանսպորտը թե տեխնիկապես, թե ֆինանսի առումով մատչելի լինի, որ սայլակով մարդիկ էլ կարողանան օգտվել հասարակական տրանսպորտից»:

Նա նաեւ նշում է, որ շատ հաճախ բաց է թողնում Վանաձորում տեղի ունեցող թատերական կամ այլ միջոցառումներ` հենց երեկոյան ժամերին քաղաքից գյուղ տրանսպորտ չլինելու պատճառով. «Ժամով է աշխատում մեր գյուղի ավտոբուսը, ստիպված ինձ հետաքրքիր շատ բաներից զրկվում եմ»:

Անուշը համոզված է, որ թեեւ հասարակությունը դեռ չի ձերբազատվել հաշմանդամություն ունեցող անձանց նկատմամբ կարծրատիպային մտածելակերպից, այնուամենայնիվ, այս հարցի լուծման մեջ փոքր չէ նաեւ պետության եւ հենց հաշմանդամություն  ունեցող անձանց  դերը. «Չնայած հասարակության կարծիքին` պետք է  մխրճվել հասարակության մեջ եւ ստիպել ընդունել: Իզուր եք տանը նստում, դուք այդպես միայն ձեզ եք վնասում»:

Նա նաեւ նշում է, որ պետությունն էլ իր հերթին աշխատանք ունի հասարակության հետ` այդ թվում նաեւ երեխաներին դեռ փոքրուց  սովորեցնելով  խտրական վերաբերմունք չդրսեւորել: «Պետությունը պիտի աշխատի հասաարակության հետ, որովհետեւ իր ձեռքում շատ բան կա: Պետությունը սխալ է, երբ դասագրքեր է տպում,սակայն, օրինակ, սայլակով մարդու նկար չի պատկերում: Եթե երեխան չգիտի` ով է այդ մարդը, բնականաբար, փողոցում տեսնելիս անկախ իրենից կնայի, կհարցնի:  Հասարակության բացթողումն էլ այն է, որ ծնողները ընտանիքներում երեխաներին փոքրուց չեն բացատրում, որ պետք չէ խտրական վերաբերվել,  այդ խնդրի մասին դաստիարակչական աշխատանքներ չեն տարվում »,-ասում է Անուշը:

 

Անուշ ԲՈՒԼՂԱԴԱՐՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31