Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱԿ անդամ. «Շնորհավորենք մեր ազգին, այս հասարակությունն արժանի է Սերժ Սարգսյանին»

Դեկտեմբեր 25,2012 12:22

«Միանգամայն հարգանքով ու պատկառանքով եմ վերաբերվում այդ որոշմանը: Ես, անկեղծ ասած միշտ ասել եմ եւ մնում եմ նույն կարծիքին` ինձ համար քաղաքական դաշտում միակ թեկնածուն Լեւոն Տեր-Պետրոսյանն է: Շարունակում է մնալ այդպիսին: Իսկ դա նշանակում է, որ իմ պատկերացրած նախագահի թեկնածուն չի կարող գոնե ավելի պակաս հատկանիշներով օժտված մեկը լինել, քան Լեւոն Տեր-Պետրոսյանն է: Տարիքի առումով էլ հարգանքով եմ վերաբերվում կրկին: Հիմնավոր է: Ավելի լավ բացատրություն, քան կարող էր նախագահը տալ` ես չեմ կարող ասել: Ես հավատում եմ դրան»,- Aravot.am-ի հետ զրույցում ՀԱԿ առաջնորդի չառաջադրման հայտարարությունն այսպես մեկնաբանեց ՀԱԿ անդամ, «Ժողովրդի իշխանություն» նախաձեռնության նախագահ  Զոյա Թադեւոսյանը:

Մեր հարցին` բացի տարիքից չկա՞ր այլ պատճառ, որը հիմք հանդիսացավ այդ որոշմանը` տիկին Թադեւոսյանն ասաց, որ նրա փոխարեն չի կարող իրեն իրավունք վերապահել եւ պատասխանել այդ հարցին:

Եթե ԲՀԿ-ն այնուամենայնիվ այլ որոշում կայացներ, Լեւոն Տեր-Պետրոսյանը կհիշե՞ր իր տարիքը` նա դժվարացավ պատասխանել. «Չեմ կարծում, որ…Լեւոն Տեր-Պետրոսյանը իր հարցազրույցում տվել է դրա պատասխանը` որ նա ասում էր` եթե ընտրվեմ, ապա 3 տարի եմ կառավարելու: Ես կարծում եմ, որ մենք պետք է նրան հավատանք: Ես հավատում եմ»:

Համամի՞տ է արդյոք, որ ՀԱԿ առաջնորդը քաղաքական դաշտն ամայացրել էր եւ երիտասարդներին տեղ չէր տալիս` Զոյա Թադեւոսյանն ասաց, որ շատերն են քննադատել, շատերի կողմից է եղել նման արտահայտություն. «Դե, թող, ինչպես ասում են` կանաչ լույս` նման քաղաքական գործիչների ճանապարհին: Հուսանք, որ երկրորդ տեղի համար պայքարը բավականին սուր կլինի»:

Լեւոն Տեր-Պետրոսյանը եւ ՀԱԿ անդամները միշտ հանրահավաքներին ժողովրդին վստահեցնում էին, որ երկրում ծայրահեղ վիճակ է, որ ավելի վատ չի լինում, որ անպայման ելք է պետք, իսկ վերջին իր հայտարարության մեջ ասում է, որ այնպիսին չէ վիճակը, որ ինքը միջամտի: Մեր հարցին` հակասություն չկա՞` Զոյա Թադեւոսյանը պատասխանեց. «Երկիրը ծայրահեղ վիճակում է, բայց եթե հասարակության 90 տոկոսը այդ վիճակն ընդունում է որպես կանոն, հաշտվել է այդ վիճակի հետ, չի բողոքում իր այդ վիճակից կամ բողոքում է ընդամենը արտագաղթով, ուրեմն  այս հասարակությունն արժանի է այս վիճակին: Արժանի չեն` թող ապացուցեն, որ արժանի չեն: Ես այդպես կարող եմ մեկնաբանել: Հնարավոր է  առաջին նախագահն այլ մեկնաբանություն կտար, բայց ես գտնում եմ, որ մեր հասարակությւոնը հենց այս վիճակին է  արժանի: Հենց Սերժ Սարգսյանին է արժանի: Ուրեմն, շատ լավ է, շնորհավորենք մեր ազգին, որ իր կամքով գնաց այնպիսի ճանապարհով, որը հանգեցրեց այս գնահատականներին: Գիտեք ինչ, երկրում եթե իրավիճակ է փոխվում` իրավիճակ է փոխում միայն ժողովուրդը: Եթե ժողովուրդը չի ուզում իրավիճակ փոխել, ուրեմն այդպիսի իրավիճակի է արժանի:  Ես նախագահի ջանքերը այս 5 տարիների ընթացքում գնահատում եմ ավելի, քան կարող էին անել բոլոր քաղաքական գործիչները միասին վերցրած: Բայց  պարզվում է` ուրիշներն ավելի շատ են հասկանում ու անում, քան նախագահն էր անում»:

Մենք հետաքրքրվեցինք, թե այս պարագայում ո՞ւմ է սատարելու Զոյա Թադեւոսյանի հիմնադրած նախաձեռնությունը: Նա ասաց, որ ամսի 28-ին հիմնադիր անդամների ժողով կլինի, որոշում կկայացնեն եւ հայտարարությամբ հանդես կգան. «Մենք համբերատար սպասում էինք մեր նախագահի որոշմանը: Հիմա արդեն մենք կփորձենք կողմնորոշվել, թե ինչ ենք անելու»:

Զոյա Թադեւոսյանի մեկնաբանությամբ, քաղաքականությունը միջոցառում չէ, որ պասիվություն կամ ակտիվություն լինի. «Քաղաքական ակտիվության հիմնական նախաձեռնողը եղել է ՀԱԿ-ը: ՀԱԿ-ի պասիվությունն էր այս ժամանակահատվածում, որ բոլորի մոտ թողեց այդ տպավորությունը, որ քաղաքական դաշտը պասիվ է: Սպասել, որ առաջիկայում կամ երբեւէ քաղաքական ակլտիվությունն ավելի բարձր մակարդակի վրա կլինի, քան եղել է մինչեւ այժմ ՀԱԿ-ի նախաձեռնությամբ, հավատացեք, որ այդպես այլեւս երբեք չի կարող լինել: Ես այս խոսքերի համար պատասխան կտամ հետո, երբ կհամոզվեք, որ ես ճիշտ եմ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31