Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրքագետ. «Ադրբեջանը կիրագործի ագրեսիվ նկրտումները, եթե Արեւմուտքն Իրանի դեմ ռազմական գործողություններ ծավալի»

Հունվար 15,2013 16:14

«Նախորդ տարվա ընթացքում Ղարաբաղի հարցում Ադրբեջանը շարունակում էր վարել իր ներկայիս ղեկավարի որդեգրած քաղաքականությունը, մասնավորապես`  ագրեսիվ հռետորաբանություն եւ սահմանի վրա լարվածության միտումնավոր ուժգնացում»,-այսօր «Փաստարկ» ակումբում ասաց ՀՀ ԳԱԱ Արեւելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը:

Նրա կարծիքով` Ադրբեջանի կողմից հարձակման շուրջ մտավախությունները հիմնավորված են. «Սակայն Ադրբեջանն իր ագրեսիվ նկրտումները կփորձի իրականություն դարձնել այն դեպքում, երբ Իրանի դեմ Արեւմուտքի կողմից ռազմական գործողություններ տեղի ունենան: Այդ առումով 2013-ը պետք է լինի մեր դիվանագիտության ակտիվացման տարի, մասնավորապես` բանակցային գործընթացում պետք է նոր առաջարկներ ի հայտ բերել, ակտիվ լինել մեր դաշնակիցների` Ռուսաստանի,  ԱՄՆ-ի եւ եվրոպական երկրների հետ  հարաբերություններում:  Այն վտանգը, որը  զգում ենք Ադրբեջանից, պետք է փոխանցենք նաեւ մեր դաշնակիցներին: Գուցե նրանք լավ չեն հասկանում, թե ինչ է կատարվում Ադրբեջանում: Վերջինիս ինֆորմացիոն վտանգը չեզոքացնելուց բացի, որպես ռազմական հենարան պետք է դիտարկենք ՀԱՊԿ-ը»:

Սաֆրաստյանի խոսքով. «Ադրբեջանում սպասվելիք նախագահական ընտրությունների շեմին կակտիվանա պատերազմի պրոպագանդան: Սահմանամերձ շրջաններում պրովոկացիաներ տեղի կունենան, որպեսզի ապահովեն Ալիեւի եւ նրա քաղաքական ուժի շուրջ ժողովրդի համախմբվածությունը: Հետեւաբար, Ադրբեջանի վարած քաղաքականության տեսանկյունից տարին մեզ համար ակտիվ կլինի»: Խոսելով Սիրիայի կոնֆլիկտից` թուրքագետն ասաց, որ երկրի իշխանությունները իրավիճակը կկարգավորեն այն ժամանակ, երբ դադարի դրսից եկող օժանդակությունը ապստամբներին:

Դիտարկելով Վրաստանում տեղի ունեցած ընտրությունները, Ռուբեն Սաֆրաստյանը նշեց, որ վերջիններս մի քանի կարեւոր եզրահանգման են բերել. «Այն քաղաքական ուժը, որն իր քաղաքականությունը կառուցում է իրադրությունը ոչ իրապես գնահատելով եւ երկրի ներսում ու դրանից դուրս եղած մանիպուլյացիայի միջոցներ օգտագործելով, չի կարող գոյատեւել որպես կառավարող ուժ: Իշխանափոխությունն ապացուցեց, որ վերոհիշյալ քաղաքականությունը սխալ է: Կարծում եմ` այս տարի կտեսնենք նոր Վրաստան, որն առավել իրական հիմքերի վրա կկառուցի իր քաղաքականությունը»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031