Լրահոս
Օրվա լրահոսը

Ստեփան Հակոբյանն ասում է, որ ինքը չի սպանել Զատիկյանին

Հունվար 22,2013 21:05

Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատարանում՝ դատավոր Տիգրան Պետրոսյանի նախագահությամբ, այսօր սկսվեց Մալաթիայի նախկին թաղապետ Վահան Զատիկյանի որդու՝ Սեդրակ Զատիկյանի սպանության գործով դատաքննությունը: Ամբաստանյալը մեկն է՝ Ստեփան Հակոբյանը, ով մեղադրվում է սպանությունը կազմակերպելու և ապօրինի ռազմամթերք պահելու մեջ: Ինչպես տեղեկացնում է «Փաստինֆո» գործակալությունը, ըստ մեղադրանքի, Ս.Հակոբյանը Նարեկ Խաչատրյանի հետ նախնական համաձայնությամբ, նախկինում ունեցած վեճի պատճառով վրեժխնդիր լինելու նպատակով, Արսեն Առուշանյանին նյութապես շահագրգռելով դրդել` պատվիրել են սպանել Սեդրակ Զատիկյանին: Բացի այդ Ստեփան Հակոբյանը մեղադրվում է նաև ռազմամթերք հանդիսացող փամփուշտներ ապօրինի կերպով ձեռք բերելու և մինչև 2006թ. հունիսի 23-ն ապօրինի կերպով պահելու մեջ՝ ըստ մեղադրական եզրակացության, դրանք հայտնաբերվել են 2006 թվականի հունիսի 23-ին` իրեն պատկանող տանը կատարված խուզարկությամբ:

Սեդրակ Զատիկյանը սպանվել էր 2006թ. հունիսի 22-ին` ժամը 14:45-ի սահմաններում, Սեբաստիա և Տիչինա փողոցների խաչմերուկում՝ «ԱԿՍ» տեսակի ինքնաձիգից արձակված կրակոցների հետևանքով:

Ամբաստանյալը հայտարարեց, որ ինքը ներկայացված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչում, որովհետև՝ «չեմ արել»: Ըստ դատարանի սահմանած ապացույցների հետազոտման կարգի, նախ կհարցաքննվեն վկաները, ապա տուժողի իրավահաջորդը, կհետազոտվեն գործի գրավոր ապացույցներն ու կհարցաքննվի ամբաստանյալը:

Առաջինը հարցաքննվեց վկա Արամայիս Սեդրակյանը՝ Ստեփան Պողոսյանի ընկերը: Նա հայտարարեց, որ 2007թ. ինքը բերման է ենթարկվել Շահումյանի ոստիկանության բաժին, որտեղ իրեն դաժան ծեծի են ենթարկել դիմակավոր անձինք, ովքեր «մտնում, ծեծում, դուրս էին գալիս»: Ծեծի հետևանքով նա նախաքննության ընթացքում ցուցմունք է տվել, որ Ստեփանը, Նարեկն ու Ահարոնը առանձնանում էին, խոսում: Նախաքննության ընթացքում նա հայտնել էր նաև, որ հավանաբար իր հեռախոսից Արսեն Առուշանյանին զանգել են իր ընկերները, քանի որ իր հեռախոսը sim քարտով հեռախոս էր, այդ պատճառով իր ընկերները երբեմն օգտվում էին իր հեռախոսից:

Դատաքննական ու նախաքննական ցուցմունքների միջև առկա էական հակասությունների պատճառով վերջիններս հրապարակվեցին: Ամբաստանյալը նորից հայտարարեց, որ դրանք իրականությանը չեն համապատասխանում՝ իր ընկերները չէին առանձնանում և Ստեփան Հակոբյանն իր հեռախոսից զանգահարելու կարիք չուներ՝ նրա հեռախոսն էլ էր sim քարտով:

Այսօրվա նիստում դատարանը մերժեց մեղադրող Մարուխյանի դեմ պաշտպանական կողմի բացարկի միջնորդությունը՝ անհիմն լինելու պատճառաբանությամբ: Դատարանը որոշեց նաև հունվարի 29-ին բերման ենթարկել վկա Ահարոն Հակոբյանին, ով պատշաճ ծանուցված լինելով՝ չի ներկայանում դատարան:

Հեղինակ՝ «Փաստինֆո»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031