Լրահոս
Գաղթականներ
Օրվա լրահոսը

Սեյրան Օհանյան. «Քրտինք թափենք, որ վաղն արյուն չթափվի (Տեսանյութ)

Փետրվար 01,2013 16:40

Այսօր «Սինոփսիս Արմենիայի» գիտաարտադրական կենտրոնում Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում ՀՀ նախագահի ամենամյա կրթական պարգևի հաղթողների ակումբի անդամները և Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի (ՀՊՃՀ, Պոլիտեխնիկ) միկրոէլեկտրոնային սխեմաների ոլորտի ուսանողները հանդիպեցին ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ:

«Այսօր մեկնարկում է մեր բանակի ուսումնական տարին, ուստի հանդիպումներ են կազմակերպվում նաեւ զինվորների հետ: Ինձ համար պատիվ է հանդիպել այնպիսի մարդկանց, որոնք մեր ապագան են եւ մասնակցություն ունեն պաշտպանական համակարգի ձեւավորման գործում: Հակառակ դեպքում` անիմաստ կլինեին նրանց հաջողությունները եւ այն վստահությունը, որը երկիրը տածում է նրանց հանդեպ: Անշուշտ, կլինեն մարդիկ, ովքեր հետագայում կաշխատեն հենց պաշտպանական համակարգում` առաջ տանելով այն»,-ասաց նախարարը:

Նրա խոսքով. «Զինված ուժերի 21-րդ տարեդարձը հիմք  է ասելու, որ տարեցտարի մենք առաջընթաց ենք գրանցում, ինչը հիմնված է անցած ճանապարհի վրա: Հիմք, որը ձեւավորվել  է մեր հաղթական պատմության ընթացքում: Մեր բանակը երիտասարդ է, բայց հիմնված է մեր ժողովրդի բազմադարյան ռազմական փորձի վրա»:

Ներկայացնելով հայկական բանակի կայացման նախապատմությունը` պաշտպանության նախարարը փաստեց, որ առաջնահերթ կարեւոր էր Արցախյան գոյամարտում տարած հաղթանակը. «Իսկ 1994թ-ից հետո մենք վերականգնում էինք պատերազմի կորուստները, աստիճանաբար ստեղծում համապատասխան կառուցվածքներ, կատարում համալրում:  Մինչ 2007թ-ը մարտական պատրաստվածությունը լայն ընթացք ստացավ, իսկ արդեն 2007թ-ից  բարեփոխումներն ուղղվեցին բանակի զարգացմանը»:

Սեյրան Օհանյանը նաեւ ասաց, որ ՀՀ զինված ուժերի գերխնդիրն այս տարի նույնպես ԼՂՀ եւ ՀՀ ժողովրդի անվտանգության ապահովումն է, որն իրականացվում է մարտական հերթափոխի ձեւով. «1994թ-ից ի վեր մենք իրականացնում ենք այնպիսի գործառույթներ, որոնք, այսպես ասած, սահմանապահ ստորաբաժանումներինն են: Մեր զինվորները խրամատներում են եւ հերթապահություն են իրականացնում: Եթե սահմանին չլիներ լարվածություն, գուցե կառուցվածքային փոփոխություններ կատարվեին»:

Նախարարի համոզմամբ. «Երկրի զարգացման ակունքներում կանգնած է խելացի եւ կրթված քաղաքացին:  Երկրի պաշտպանությունը միահամուռ ուժերով պետք է իրականացնել: Ուստի քիտինք թափենք, որ վաղը արյուն չթափվի»:

 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728