Լրահոս
Օրվա լրահոսը

Անդրիաս Ղուկասյանը՝ Պարույր Հայրիկյանին. «Կոչ եմ անում Ձեզ դիմել ՍԴ նոր ընտրություններ նշանակելու պահանջով»

Փետրվար 02,2013 20:06

Բաց նամակ ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանին

Հարգելի պարոն Հայրիկյան,

Կիսում եմ մեր ժողովրդի մտահոգությունը Ձեր առողջության կապակցությամբ: Ձեր անձի նկատմամբ կատարված ոտնձգությունը եւս մի ապացույց է, որ մեր պետությունն ի վիճակի չի ապահովել ընտրությունների համար անհրաժեշտ քաղաքական պայմաններ: Դուք եք կանգնած եղել մեր երկրի անկախության եւ ազատության նորագույն գաղափարախոսության ակունքներում, եւ Ձեր ավանդն է ներդրված երկրի անկախության կերտման գործում:

Ձեր դեմ կատարված ոճրագործությունն օբյեկտիվորեն Ձեզ է վերապահել նաեւ մեր երկրում ազատ եւ արդար ընտրությունների իրավունքը հաստատելու առաքելությունը: Բնական է, որ քանի դեռ Ձեր դեմ կատարված հանցագործությունը բացահայտված չի, պահպանվելու է վտանգը Ձեր, ՀՀ նախագահի մյուս թեկնածուների եւ ողջ ժողովրդի համար: Դա նշանակում է, որ անհաղթահարելի խոչընդոտներն ակնհայտորեն չեն կարող վերացվել անգամ երկու շաբաթվա ընթացքում, քանի որ ընտրական գործընթացին շարունակում է մասնակցել այս վիճակի ընդհանուր պատասխանատու՝ ժողովրդի կամքը ճնշող կուսակցության թեկնածուն:

Ես կոչ եմ անում Ձեզ դիմել սահմանադրական դատարան նոր ընտրություններ նշանակելու պահանջով: Այդ դեպքում ես հնարավորություն եմ տեսնում ինձ համար, հետեւելով Ձեր հորդորին, դուրս գալ հացադուլից եւ մինչեւ նոր ընտրությունները ընկած ժամանակահատվածում միասնական պայքար սկսել՝ չթույլատրելու համար, որ ընտրակաշառք բաժանող եւ հակասահմանադրական գործունեություն իրականացնող կուսակցությունները մասնակցեն նոր նշանակված ընտրություններին: Համոզված եմ, որ սա է հանրության համար իր քաղաքական ապագան ազատ ընտրելու հնարավորությունը ապահովող ճանապարհը:

Հարգանքով՝
ՀՀ նախագահի թեկնածու 
Անդրիաս Ղուկասյան

Լուսանկարը՝ Հայրիկեան Նախագահ – Hayrikyan for President ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728