Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք ուզում ենք, որ մեր կանայք լինեն հայ». Գալիս են Հայաստան՝ ամուսնանալու

Փետրվար 13,2013 18:23

23-ամյա Քնարիկը փախել է այն տղայի հետ, ում ճանաչել է ընդամենը մեկ շաբաթ: Այդ քայլի համար չի զղջում, պատմում է. «20 տարեկան էի, նա Մոսկվայից ժամանել էր հենց ամուսնության նպատակով, մեզ ծանոթացրեց մեր ընդհանուր ծանոթը: Մի քանի օր շփվեցինք, հասկացա, որ ընտանիքի տղա է, քձիբ չէ, կնամեծար է,-ասում է նա և հավելում,-նա էլ ինձ էր հավանել, բայց վստահ կարող եմ ասել, որ մեր մեջ սեր չկար, սակայն տարիների ընթացքում ծագեց»: Մեր հարցին, թե ինչը ստիպեց նրան փախչել մի տղայի հետ, ում համարյա չէր ճանաչում, աղջիկը պատասխանում է. «Պիտի մնայի գյուղում, ուրիշի համար քոձություն անեի, որոշեցի մեկնել, գոնե էդպես կյանքս ինչ-որ չափով լավ կընթանար»: Ի դեպ, Քնարիկը Շիրակի մարզի բնակչուհի էր: Մի քանի օր հետո տղան առաջարկում է նշանանդրվել, ապա մեկնել և պսակադրվել Մոսկվայում, սակայն աղջկա ծնողները կտրականապես դեմ են լինում՝ մտահոգվելով, որ «անծանոթը» կարող է խաբել իրենց աղջկան:
Քնարիկը, այնուամենայիվ, համաձայնում է. միասին պլանավորում են փախչել: Աղջկա ծնողները երկար ժամանակ չէին հաշտվում իրականության հետ, անգամ մեկնելուց առաջ աղջիկը հրաժեշտ չտվեց ծնողներին, սակայն որոշ ժամանակ անց կրքերը հանդարտվեցին: Զույգը հարսանեկան արարողությունը կազմակերպեց Ռուսաստանում: Այժմ ընտանիքը համալրվել է երկուսով, Քնարիկը մշտապես պահպանում է կապը ծնողների հետ:
Տարածված երևույթ է՝ այլ երկրներից ժամանած մեր հայրենակիցները այստեղ փնտրում են իրենց հարսնացուներին: «Առավոտ երիտասարդականը» այսօր անդրադառնում է նրանց պատմություններին: Հերոսուհիները հիմնականում համարձակ կանայք են, ովքեր, սակայն, մտավախություն ունեցել են: 29-ամյա Լուսինեն որոշ ժամանակ չէր կողմնորոշվում՝ ի՞նչ անել. «Նրա հանդեպ անտարբեր չէի, զգում էի, որ նա էլ, բայց վախ կար, բացի այդ՝ ինչ-որ բան վանում էր. գուցե այն, որ պիտի շատ կարճ ժամանակահատվածում լրջացնեինք մեր հարաբերությունները, քանի որ նա գործեր ուներ»,-պատմում է Լուսինեն: Հավելում է ՝ նախ ծանոթացել են պատահաբար՝ ավտոբուսում, ապա կազմակերպել են իրենց հանդիպումները: Երբ նկատել են, որ պատրաստ են ընտանիք կազմել, հրավիրել են տղայի ծնողներին և այստեղ նշել իրենց հարսանիքը: Լուսինեի խոսքով՝ զույգն այժմ շատ երջանիկ է, միակ նպատակը երեխա ունենալն է:
Հայ աղջկա հետ ամուսնանալու նպատակը շատ տղաների պես 33-ամյա Գրիգորը բացատրում է այսպես. «Նախ մենք ուզում ենք, որ մեր կանայք լինեն հայ, հետևեն ադաթներին, պահպանեն ավանդույթները, անձամբ ես գերադասեցի ամուսնանալ հենց այդպիսի մեկի հետ: Հայ կինը ընտանիքի պահպանողն է, հնազանդ է, համեստ, խնայող, երեխասեր, իսկական մայր»,-ասում է նա: Գրգորը ևս այդ նպատակով էր ժամանել Հայաստան, ամուսնացել և մշտապես տեղափոխվել հայրենիք:
Պատահում է նաև, որ հայ աղջիկներն են արտասահմանից ժամանում ՝փեսացու գտնելու հույսով: Բացատրում են՝ հայ տղաները որքան էլ խիստ են, պատասխանատու են և ընտանիքին նվիրված: Մեր հերոսուհիներից 26-ամյա Արմենուհին, ով այժմ բնակվում է Գերմանիայում և ով անցյալ տարի այդ նպատակով այցելել է հայրենիք, ցավոք չկարողացավ «հասնել մուրազին». «Երևի պատճառն այն է, որ շատ քիչ մնացի այստեղ՝ ընդամենը մեկ ամիս: Բացի այդ՝ տղերքի համար դա շատ ավելի հեշտ է, իսկ աղջիկը չի կարող միանգամից ասել իրական նպատակը»,-ասում է Արմենուհին: Առանձնացնում է նաև մեկ այլ պատճառ. շատ տղաներ, իմանալով, որ աղջիկը ամուսնանալու դեպքում մեկնելու է ետ, խուսափում են նրանից: «Ես հիմա սովորում եմ, բայց մտադիր եմ վերադառնալ ու բնակվել հայրենիքումս, երևի սպասեմ, ավարտվեմ, որ էսքան չբարդանա խնդիրը»,-հավելում է նա:
Շատերը ողջունում են «օտար ափերից» ժամանած և այստեղ իրենց երկրորդ կեսին գտած հայերի քայլը, սակայն երբեմն այն պսակվում է դժբախտությամբ: Առհաարակ յուրաքանչյուր քայլ գործելուց առաջ անհրաժեշտ է լավ կշռադատել այն:

Նազենի Բաղդասարյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728