Լրահոս
Օրվա լրահոսը

Արամ Սարգսյանի առաջարկած 3 կետերից 2-ը Րաֆֆի Հովհաննիսյանն ընդունեց

Մարտ 12,2013 18:30

Նա գտնում է, որ ընդդիմադիրները պետք է մանդատներն իսկապես վայր դնեն:

 

«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը 3 քայլ է առաջարկել Րաֆֆի Հովհաննիսյանին՝ հացադուլը, որն արդեն սկսել է Րաֆֆի Հովհաննիսյանը, ընդդիմադիր պատգամավորների մանդատների վայր դնելը եւ ուրբաթ օրը հնարավորինս շատ մարդ հավաքելը:

Այսօր Ազատության հրապարակում բացօթյա ասուլիսում Aravot.am-ը Րաֆֆի Հովհաննիսյանից հետաքրքրվեց, թե ի՞նչ է պատասխանել Արամ Սարգսյանին եւ իր դիտարկմամբ՝ ի՞նչ կտա այս պայքարին մանդատները վայր դնելը: Նա պատասխանեց, որ Արամ Սարգսյանն էլ Մեծ պահքի մեջ է, եւ դա էլ է նրան  հնարավորություն տվել Րաֆֆի Հովհաննիսյանին այսօր գնահատել. «Ինքը ինձ տեղյակ պահեց դրա մասին: Առաջին կետն արդեն կատարվել է, երրորդը՝ ուրբաթ օրը կտեսենք, թե քանի հոգի է հավաքված: Մենք ոչխարի հոտ չենք, որ մեզ գլխաքանակով  հաշվեն: Մենք ամեն տեղ ենք: Ինչ վերաբերում է երկրորդ կետին՝ որպես առաջարկ, հայեցակետ, ինձ համար ընդունելի է, եթե բոլոր խմբակցությունները դուրս գան, որովհետեւ շատ շուտով պիտի տեղի ունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ, եւ նրանք, ովքեր փոքրամասնության մեջ են, պիտի դառան մեծամասնություն»: Իսկ թե դա ինչ կտա պայքարին՝ Րաֆֆի Հովհաննիսյանի խոսքերով՝ «Մենք արդեն համալիր լուծումների ենք գնում եւ դա կլինի ոչ շատ ուշ»:

Հարցին՝ այս անգամ սպասո՞ւմ եք Լեւոն Տեր-Պետրոսյանին, որովհետեւ նախորդ հացադուլի ժամանակ սպասում էիք, Րաֆֆի Հովհաննիսյանն ուղղեց. «Ես ոչ մի հացադուլի ժամանակ չեմ սպասել որեւէ մեկին: Ով եկել է, եկել է կամովի: Ոչ մեկը պարտադիր չի եկել: Եկել է մի պահ, երբ Սողոմոն Թեհլերյանի տարեդարձին ես եկա դրոշով, մի քանի օր անց հրապարակ մտան մյուս գործընկերները, ակնկալիք կար, որ կլինի ձեռքսեղմում: Դա չկայացավ, բայց դա չի նշանակում, որ սպասում էի»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031