Լրահոս
Օրվա լրահոսը

Րաֆֆի Հովհաննիսյան.«Ես այսպիսով ինքնամաքրվում եմ նաև, ինչը խորհուրդ կտայի պարոն Սարգսյանին և Վեհափառին» (տեսանյութ)

Մարտ 12,2013 22:21

Այսօր Ազատության հրապարակը կրկին լեցուն էր  մարդկանցով, ովքեր եկել էին սատարելու Րաֆֆի Հովհաննիսյանին: Ժամանակ առ ժամանակ մարդիկ մոտենում էին Ր. Հովհաննիսյանին և քաջալերում նրան. «Րաֆֆի ջան, քո առողջության մասին մտածի, վերջ տուր հացադուլին ու պինդ կաց»:

Հավաքվածները շատ ուշադիր էին Րաֆֆիի հանդեպ և նրան մոտեցողներին հորդորում էին պարոն Հովհաննիսյանին շատ չանհանգստացնել, թողնել, որ նա խնայի ուժերը: Հավաքվածներից մեկը հարցրեց պարոն Հովհաննիսյանին, թե արդյոք հացադուլով նա կհասնի՞ իր ուզածին. «Հացադուլը թույլ մարդու համար է, պարոն Հովհաննիսյան»:

Պարոն Հովհաննիսյանը պատասխանեց, որ դա էլ պայքարի մի ձև է. «Ես այսպիսով ինքնամաքրվում եմ նաև, ինչը խորհուրդ կտայի պարոն Սարգսյանին և Վեհափառին»:

Րաֆֆիին ժամը 13:00-ի սահմաններում այցելեց «Երկիր մեդիա» հեռուստաընկերության լրագրող Արթուր Կիրակոսյանը, ով Րաֆֆի Հովհաննիսյանի մոտ եկել էր քաղաքացիներից ստացած եւ պարոն Հովհաննիսյանին ուղղված հարցերով: Հարցերը հիմնականում վերաբերվում էին պարոն Հովհաննիսյանի հետագա անելիքներին: Հարցին, թե հնարավո՞ր է, որ պարոն Հովհաննիսյանը հացադուլը ժամանակից շուտ դադարեցնի, նա պատասխանեց. « Հնարավոր է միայն այն դեպքում, եթե Սահմանադրական դատարանը արդար որոշում կայացնի, կամ էլ Սերժ Սարգսյանի խիղճն արթնանա, և նա հաղթանակը փոխանցի ժողովրդին»:

Րաֆֆի Հովհաննիսյանին այցելության էր եկել ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, ով պարոն Հովհաննիսյանի հետ առանձնազրույց ունեցավ, որի մասին երկու կողմերն էլ մեկնաբանություններ չտվեցին:

Րաֆֆին նաև շրջում էր հրապարակով, զրուցում հավաքված երիտասարդների հետ, ովքեր նույնպես եկել էին սատարելու նրան: Երիտասարդների մի խումբ էլ շարունակում էին նստացույցը արդեն երրորդ օրը: Մի աղջիկ էլ , մոտենալով պարոն Հովհաննիսյանին, խնդրեց նրան ստորագրել իր անձնագրի մեջ:

Րաֆֆիին սատարելուն էին եկել մոդել Անի Քոչարն իր ամուսնու հետ. «Ամենակարևորը Ձեզ առողջություն ենք մաղթում, պարոն Հովհաննիսյան»:

Ազատության հրապարակում էր նաև քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը:

PrevPhoto
NextPhoto

 Մարինե ՂԱԶԱՐՅԱՆ

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031