Լրահոս
Օրվա լրահոսը

Քննարկվեց հոգեկան առողջության պահպանման և բարելավման ռազմավարությունը

Մարտ 29,2013 20:03

ՀՀ առողջապահության նախարարին կից կոլեգիայի այսօր կայացած նիստում օրակարգային հարցերի քննարկումից առաջ Դերենիկ Դումանյանը ներկայացրեց կոլեգիայի նոր անդամ, սիրիահայերի հիմնախնդիրների համակարգման խորհրդի անդամ, բժիշկ Ջորջ Բարսեղյանին։

Այնուհետև կոլեգիան քննարկեց հոգեբուժական ծառայության  ներկա իրավիճակի վերլուծությունը, առկա հիմնախնդիրներն ու  հոգեկան առողջության պահպանման և բարելավման հայեցակարգը։

Ներկայացնելով այս ծառայության կառուցվածքն ու հնարավորությունները` ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր հոգեբույժ Սամվել Թորոսյանը շեշտեց, որ հոգեբուժական բժշկական օգնությունը և սպասարկումը մեր երկրում իրականացվում է պետական պատվերի շրջանակներում։ Բանախոսն անդրադարձավ վերջին 2 տարվա ընթացքում իրականացված ծրագրերի արդյունքներին, ներկայացրեց խնդիրներն ու անելիքները:

ՀՀ առողջապահության նախարարի հրամանով ստեղծված աշխատանքային խմբի ղեկավար, Հայկական հոգեբուժական ասոցիացիայի նախագահ Արմեն Սողոյանը ներկայացրեց հոգեկան առողջության պահպանման և բարելավման ռազմավարությունը, դրա կատարումն ապահովող միջոցառումների ցանկն ու ակնկալվող արդյունքները: Նշվեց, որ հայեցակարգի մշակմանը մասնակցել են ՀՀ առողջապահության նախարարության, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, ՀՀ կրթության և գիտության նախարարության, ՀՀ Ազգային ժողովի,  հոգեբուժական և հոգեբանական ծառայությունների, բարձրագույն կրթական համակարգի և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև Բաց հասարակության հիմնադրամներ կազմակերպության փորձագետ Ժոլթ Բուգարզկին:

Քննարկման ընթացքում կոլեգիայի անդամներն ու հրավիրվածներն ընդգծեցին խնդրի արդիականությունը:

Կարևորվեց, որ հարցին համակողմանի մոտեցում է ցուցաբերվել և ռազմավարության մեջ ընդգրկվել են տարբեր ոլորտների մասնագիտական  տեսակետները:

Նախարար Դումանյանը հավանության արժանացրեց խնամքի գործառույթներն ընտանիքի կամ հարազատների վրա դնելու գաղափարը` ընդգծելով այդ հիվանդների համար ընտանեկան մթնոլորտի կարևորությունը: Միաժամանակ առաջարկեց մշակել հստակ չափորոշիչներ, որոնցով կտարանջատվեն խնամքի կարիք ունեցողները:

Քննարկվեցին նաև ոլորտը բժշկական կադրերով ապահովելու, նրանց վերապատրաստելու,  ինչպես նաև կլինիկական հոգեբաններ պատրաստելու և այլ հարցեր:

«Այս քննարկումները վկայում են, որ հոգեբուժական ծառայության բարելավման ռազմավարության մշակումը, իրոք, կարևոր և արդիական է: Լուրջ անելիքներ ունենք նյութատեխնիկական, շենքային, կադրային, ֆինանսական և այլ ուղղություններով: Դժվար ու պատասխանատու այս ոլորտում բժիշկները, միջին բուժանձնակազմը և մայրապետները բավական ցածր աշխատավարձ են ստանում, որը պարտադրում է մտածելու ֆինանսական մեխանիզմները փոխելու մասին: Օպտիմալացման խնդիր ևս ունենք: Պետք է վերանայել  հոգեբուժության կառավարման ներկայիս համակարգը: Աշխատանքներ ենք տանում, որ դեղերի գնումների ընթացքում տնտեսված միջոցների հաշվին 100 տոկոսի մոտեցնենք հոգեմետ դեղերի տրամադրումը: Լուրջ անելիքներ կան դատահոգեբուժական փորձաքննությունների ասպարեզում», -ամփոփելով նիստը ասաց Դերենիկ Դումանյանը:

Նախարարը հանձնարարեց, որ կոլեգիայի անդամներն ու ոլորտի պատասխանատուներն առաջարկներ ներկայացնեն քննարկված հարցի առթիվ:

ՀՀ առողջապահության նախարարության մամուլի հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031