2012 թվականին «Թրանսփարենսի Ինտերնեյշնլ» միջազգային հակակոռուպցիոն կազմակերպության ներկայացրած կոռուպցիայի ընկալման համաթվի համաձայն՝ Հայաստանը 176 երկրներից զբաղեցրել է 105 տեղը:
Երեւանի հակակոռուպցիոն կենտրոնի համակարգող Մարատ Ատովմյանն ասում է, որ իրենց կենտրոն դիմած քաղաքացիների մի ստվար հատված կոռուպցիայի մասին ունի «խոհանոցային» պատկերացումներ:
«Նման զրույցներ վարելիս մենք պիտի ունենանք հստակ ապացույցներ: Մեզ մոտ գալիս են մարդիկ, ովքեր ընդհանուր դժգոհություններ են հայտնում, բայց երբ որ ասում ես՝ խնդրում եմ գրեք դիմում, կոնկրետ փաստեր ներկայացրեք, նշեք ինչ-որ պաշտոնյաների, որ մենք կարողանանք ընթացք տանք, մարդիկ դրանից խուսափում են»,-Aravot.am-ի հետ զրույցում նշեց հակակոռուպցիոն կենտրոնի համակարգողը ու հավաստեց, որ փաստերի վրա հիմնված դեպքերում իրենց կենտրոնի աջակցությամբ քաղաքացիները ունեցել են որոշակի հաջողություններ:
Նրա խոսքով. «Ունեցել ենք դեպքեր, երբ վեց հարկային տեսուչներ ենթարկվել են տարբեր բնույթի կարգապահական պատասխանատվության, երկու հոգի ազատվել են աշխատանքից: Մեր կողմից հղված դիմումների հիման վրա ունեցել են դեպքեր, երբ ոստիկանների դեմ քրեական գործ է հարուցվել»:
Կարդացեք նաև
Մեր այն հարցին, թե որքանո՞վ է ազդում Հայաստանի՝ հետխորհրդային լինելու փաստն ու ազգային մտածելակերպը կոռուպցիայի մակարդակի բարձրացման վրա, Մ.Ատովմյանը պատասխանեց.
«Մեզ մոտ խիստ արմատավորված է կոռուպցիան: Նույնիսկ այն ժամանակ, երբ մարդիկ մտնում են կոռուպցիոն որոշ գործընթացների մեջ, նրանք դա չեն գիտակցում, մտածում են՝ նորմալ է: Ես չէի ասի, որ կա յուրահատուկ մտածելակերպ, որ միայն մեզ է բնորոշ»:
Պարոն Ատովմյանի խոսքով, Սինգապուրը, Հարավային Կորեան տարիներ առաջ ունեցել են այն նույն կոռուպցիոն վիճակը, որը հիմա ունի Հայաստանը:
«Իրենք կարողացել են հասարակական մտածելակերպը փոխել, պետական կառավարման աշխատաոճը փոխել, որն էլ կոռուպցիայի դեմ պայքարում թռիչքային աճ է ապահովել: Եթե ասիական այդ երկրները, ինչպես նաեւ եվրոպական մի շարք երկրներ կարողացել են այդ խնդիրները լուծել, ապա համոզված եմ, որ մենք էլ կարող ենք լուծել»:
Աշոտ ԱԹԱՅԱՆ


















































