Լրահոս
Օրվա լրահոսը

Գարու սերմնացուն արդեն ներկրվել է Սյունիքի մարզ, բայց գյուղացիներն ասում են, որ ուշացել է

Ապրիլ 10,2013 21:26

Կապանի տարածաշրջանի գյուղացիական տնտեսությամբ զբաղվողներն ինչքան ժամանակ է սպասում էին գարու սերմնացուի ներկրմանը՝ գարնանացան իրականացնելու համար: Վերջապես սերմնանյութը մարզ է ներկրվել:

Սյունիքի մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Սամվել Թանգյանը տեղեկացրեց, որ 40 տոննա գարի է ներկրվել Սյունիքի մարզ: Ըստ գյուղվարչության պետի՝ առաջինը Կապանի տարածաշրջանում է բաշխվում սերմնացուի պաշարը, քանի որ այստեղ եղանակն ավելի շուտ է տաքացել՝ գարնանացան իրականացնելու համար եղանակային պայմանները հարմար են: Սակայն, ֆերմերներն ու գյուղացիները պնդում են, որ սերմնանյութը  բավականին  ուշացրել են, եւ այն պետք է ավելի շուտ տրամադրեին գյուղացիներին:   «Ապրիլ ամսվա կեսն ա, պիտի արդեն գարնանացանն արած-վերջացրած լինեինք, լավ ա հիմա էլ բերել են  էսքան ուշացրած…», – դժգոհում են գյուղացիները:

Գյուղվարչության պետն ընդունում է, որ ինչ-որ տեղ ուշացրել են գարու սերմնացուի ներկրումը, Կապանի ու Մեղրու տարածաշրջաններին բաշխելուց հետո Գորիսի եւ Սիսիանի տարածաշրջաններին արդեն կսկսեն սերմնանյութը տրամադրել:

«40 տոննա գարի է ներկրվել մարզ, բերել ենք Կապանի տարածաշրջան, Մեղրիում պահանջարկը քիչ է՝ ընդամենը 3 տոննա, այն եւս  կուղարկենք Մեղրի, որտեղ վերջացնելուց հետո Սիսիան ու Գորիս ենք արդեն  սկսելու բաշխել: Հաշվի առնելով, որ գարունը Կապանում ավելի շուտ է գալիս եւ տարածաշրջանի  համար արդեն ուշ է՝ առաջինը սկսել ենք Կապանից: Գարու սերմնացուի պահանջարկը Կապանում 70 տոննա է, 170 տոննա՝ Գորիսում, 160 տոննա՝ Սիսիանում: Քանի որ սերմնացուի գինը շուկայականից էժան է, պահանջարկը կարող է շատ լինել, բայց  400 տոննան համապատասխանաբար բաշված է: 1 կգ գարին արժե 200 դրամ, որից 100 դրամը պարոն մարզպետի եւ պարոն Հակոբյանի կողմից օժանդակվում է գյուղացուն, իսկ մյուս 100 դրամը վճարելու է  հենց գյուղացին»,- ասաց Ս. Թանգյանը:

Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930