Լրահոս
Օրվա լրահոսը

Ֆեյսբուքցիները Տարոն Մարգարյանի ցուցապաստառի մասին. «Ոնց որ «Օդնոկլասնիկի» լոգոն լինի»

Ապրիլ 15,2013 17:51

Մինչ ՀՀԿ-ականները բառեր չեն խնայում գովաբանելու Երևանի ավագանու ընտրություններում իրենց կուսակցության ցուցակը գլխավորող Տարոն Մարգարյանին` կարծիք հայտնելով, որ նա է դարձյալ լինելու մայրաքաղաքի քաղաքագլուխը, այդ նույն ակտիվությամբ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի օգտատերերը քննադատում են թեկնածուի ցուցապաստառը:

Օրինակ` օգտատերերից մեկը գրում է. «Ժողովուրդ ջան, կատակ չեմ անում, ոչ էլ հետին միտք ունեմ, էս պաստառը իրոք հավանե՞լ եք: Օրինակ` բացի այն, որ դեղինը, մեղմ ասած, այլ էթնիկ խմբի հետ է ասոցացվում, պաստառի վրա նաև Օդնոկլասնիկի լոգոյին նմանվող ինչ-որ բան տեսա: Ասենք, իմ կարծիքով, կարելի էր ավելի երկար մտածել մինչև պաստառը ընտրելը, վերջը Երևանի գործող քաղաքապետն է պատկերված, չէ՞»:

Մեկ այլ օգտատեր էլ նկատում է. «Չստացված ու ռաբիս պաստառ է, ներառված են աշխարհի բոլոր տաք գույները, իսկ սա նշանակում է, որ պարոն Մարգարյանը չի դիմանում ոչ մի քննադատության»:

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը, ևս միանալով քննարկումներին, իր դժգոհությունն է հայտնում. «Անճաշակ գործ են արել` թե գունային էֆեկտը, թե մատուցման ձևն առհասարակ»:

Մեկ այլ օգտատեր էլ արձագանքում է. «Ինձ միանգամից հիշեցրեց ինչ-որ ձեթի էտիկետկա և չի բացառվում, որ Սամվել Ալեքսանյանի արտադրանքներից լինի»:

Ինչևէ, Aravot.am-ը ցուցապաստառի շուրջ մասնագիտական կարծիք հարցրեց լրագրող-վերլուծաբան Համլետ Մոսինյանից, որն ասաց. «Կոլխոզային թեմայով ինչ-որ բան եմ տեսնում, ոնց որ հասած ցորենի արտ լինի, որը, իհարկե, բացարձակապես կապ չունի մայրաքաղաքի ոչ ներկայի, ոչ էլ ապագայի հետ: Անորոշ, ոչինչ չասող ցուցապաստառ է: Ես բոլոր դեպքերում այն կարծիքին եմ, որ այդպիսի ճչացող, մեծ ցուցապաստառները մեր իրականությանը չեն համապատասխանում և հակառակ ռեակցիան են ստեղծում: Վանող նկարներ են, դրանք լինեն փակցված ԱԺ, թե նախագահական ընտրությունների ժամանակ, միևնույն է, ոչինչ չեն տալիս թեկնածուին, բացի վնաս նրա գրպանին: Քաղաքով շրջող երևանցին Տարոն Մարգարյանին ծիածանի այսպիսի գույների մեջ խեղդված պիտի տեսնի, որ հիշի՞ նրան:

Իմիջիայլոց, ես այն կարծիքին եմ, որ Տարոն Մարգարյանին այս անգամ այդքան էլ հեշտ չի լինի հաղթելը, վերջիվերոջ Երևանը գյուղ չէ, որ աչքից ու ականջից հեռու լցոնում անեն կամ խոպանից վերադարձողը գա ու գյուղացիներին իր կամքը թելադրի: Այդ պաշտոնին հավակնող քանի՞ քաղաքական ուժ է կանգնած նրա դեմ, թեև ես նրանց մեջ հզոր թեկնածուներ, վառ անհատականություններ չեմ տեսնում, Տարոն Մարգարյանին էլ հզոր թեկնածու չեմ համարում»:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Մարգար Մախսուդյան says:

    Սովետական ժամանակաշրջանում, երբ պլանները նախ կատարում էին, հետո՝ գերակատարում, հետո նորից կատարում ու գերակատարում, դրանց մասին հաշվետվությունները դարձել էին շատ տաղտկալի, և այն ժամանակվա ՓՐ-շիկները իրավիճակից դուրգալու համար մի գյուտ արեցին՝ անեն ինչին ավելացնում էին ՛՛էլ ավելի՛՛ և այդ ամեն ինչը՝ իր սնանկությամբ հանդերձ, դարձավ ինչ որ կերպ տանելի: Կարծում եմ՝ ՀՀԿ-ական նեոբոլշեվիկները եթե դասերը լավ սովորած լինեին, իրենց կարգախոսը կունենար հետևյալ տեսքը.
    …ԷԼ ԱՎԵԼԻ ԼԱՎ ԵՐԵՎԱՆ…
    Հ.Գ. Հնարավոր է, որ նրանք այդ վերջին փամփուշտը թողել են հաջորդ անգամավա համար, սակայն հաշվի չեն առել մի պարզ ճշմարտություն. ուրբաթը սովորաբար շաբաթից շուտ է գալիս…

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930