Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՄՆ անկախության 250-ամյակն ու ամերիկահայ համայնքի կյանքը՝ Հայկ Դեմոյանի հավաքածուում

Սեպտեմբեր 29,2026 23:40 Share

Երևանում բացված «Տոնելով ժառանգությունը. ամերիկահայ համայնքի կյանքը 20-րդ դարի լուսանկարչական օբյեկտիվում» ցուցադրության մեջ ներկայացված է պատմաբան Հայկ Դեմոյանի հավաքածուից ընտրված 50 լուսանկար։

Դրանք պատմում են 20-րդ դարում ամերիկահայերի կյանքի, գործունեության և Միացյալ Նահանգների տարբեր ոլորտներում ունեցած ներդրման մասին։

Սեպտեմբերի 29-ին Երևանում բացվեց «Տոնելով ժառանգությունը. ամերիկահայ համայնքի կյանքը 20-րդ դարի լուսանկարչական օբյեկտիվում» խորագրով ցուցադրությունը։ Նախաձեռնությունը նվիրված է Միացյալ Նահանգների անկախության 250-ամյակին։

Ցուցադրությունը կազմակերպել է Ամերիկայի Հայկական Համագումարը՝ պատմաբան Հայկ Դեմոյանի հետ համագործակցությամբ, Հովնանյան ընտանիքի հիմնադրամի և «Դեպի Հայք» ծրագրի աջակցությամբ։ Երկու սրահներում ներկայացված են Դեմոյանի հարուստ հավաքածուից ընտրված 50 լուսանկարներ։

Լուսանկարներում ամերիկահայ համայնքի պատմությունը ներկայացվում է տարբեր դրվագներով՝ ընտանիք, աշխատանք, համայնքային կյանք, մշակույթ, գիտություն, սպորտ և հասարակական գործունեություն։ 50 լուսանկարների ընտրությունը ևս խորհրդանշական է՝ թիվը կապված է Միացյալ Նահանգների 50 նահանգների հետ։

Ամերիկայի Հայկական Համագումարի Հայաստանի գրասենյակի տնօրեն Արմեն Սահակյանի խոսքով՝ ցուցադրության միջոցով փորձ է արվում ներկայացնել ինչպես ամերիկահայ համայնքի ընդհանուր ներդրումը, այնպես էլ առանձին մարդկանց պատմությունները։

«Ընդհանրական համայնքի ներդրումն ենք ցույց տալիս, թե ինչպես են ինտեգրվել ամերիկյան առօրյա կյանքին, բայց նաև առանձին անհատների հաջողության պատմությունները, ովքեր էլ նպաստել ու նպաստում են հայրենիքի՝ Հայաստանի Հանրապետության զարգացմանը՝ ներդրումներ անելով։
Նմանատիպ ծրագրերը շարունակական բնույթ են կրելու, որով փորձելու ենք ճանաչողությունը մեծացնել երկուստեք»,– ասաց նա։

Բացմանը ելույթ ունեցավ նաև Հայաստանում ԱՄՆ դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենը։ Նա ընդգծեց երկու երկրների անկախության հոբելյանների կարևորությունը և նշեց, որ հայերն իրենց աննախադեպ ազդեցությունն են ունեցել ամերիկյան կյանքի բոլոր ոլորտներում։

Դեյվիդ Ալենն անկեղծացավ նաև անձնական հիշողությամբ՝ պատմելով, որ մանկության տարիներին իր ամենասիրելի մուլտֆիլմը «Alvin and the Chipmunks»-ն էր («Էլվինն ու աղնյուսները»), և միայն Հայաստանում է իմացել, որ դրա ստեղծողը հայազգի Ռոս Բաղդասարյանն է։

Իր հավաքածուի մասին խոսելիս պատմաբան Հայկ Դեմոյանը հայտնեց, որ այն ներառում է ամերիկահայ ժառանգությանն առնչվող շուրջ 400 նյութ, որոնք ձեռք է բերում eBay-ից և տարբեր աճուրդներից։

Նա պատմեց, որ հայկական հետքը գտնելը բավականին բարդ է, քանի որ աճուրդներում «հայկական» բառը նշված չի լինում, և ինքը ստիպված է լինում 100-ից ավելի հայկական ազգանունների տարբեր ուղղագրություններով ժամերով որոնումներ անել թանգարանային արխիվներում։

Խոսելով պատմական կապերի մասին՝ Դեմոյանը հիշատակեց նաև, որ Ջորջ Վաշինգտոնի մասին առաջին հայկական անդրադարձը եղել է դեռևս 1773 թվականին Կալկաթայում հրատարակված «Որոգայթ փառաց»-ում․ «Այնտեղ նշվում էր, որ այս մարդը, թերևս, կհաջողի ազատության համար իր պայքարում»։

Դեմոյանը նաև նշեց, որ ամերիկահայ ժառանգության ուսումնասիրությունն իր համար շարունակական աշխատանք է։ 2017 թվականին նա ԱՄՆ-ում գրել է «Armenian Legacy in America: A 400-Year Heritage» գիրքը, որը հրատարակվել է 2018 թվականին Նյու Յորքում։ Նրա խոսքով՝ հավաքածուի նոր նյութերով աշխատանքը շարունակվում է, և ապագայում հնարավոր է գրքի նոր՝ լրացված տարբերակի պատրաստումը։

Միջոցառման պաշտոնական մասի ավարտին տեղի ունեցավ խորհրդանշական նվերների հանձնում։

Արմեն Սահակյանը Հայկ Դեմոյանի «Armenian Legacy in America» գրքի մակագրված օրինակները հանձնեց երեկոյի բանախոսներին, այդ թվում՝ ԱՄՆ դեսպանության ներկայացուցիչ Դեյվիդ Ալենին և Հայաստանում Խաղաղության կորպուսի տնօրեն Ուիլյամ Օ’Ռուրկին՝ երկու երկրների ու ժողովուրդների կապերի ամրապնդման գործում ունեցած ավանդի համար։ Եվ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի հայրենադարձների ինտեգրման վարչության պետ Հովհաննես Ալեքսանյանը։

Իսկ Հայկ Դեմոյանը ստացավ հատուկ նվեր։ Քանի որ Ամերիկայի հայկական համագումարի գրասենյակը տեղակայված է պատմական այն շենքում, որտեղ գտնվում է Անկախության պատշգամբը (որտեղից 1918 թվականին հռչակվել է Հայաստանի Առաջին Հանրապետությունը), Արմեն Սահակյանը պատմաբանին նվիրեց այս տարվա սեպտեմբերի 21-ին Անկախության պատշգամբում ծածանված ՀՀ պետական դրոշը։

Անդրադառնալով ամերիկահայ համայնքի ներկայիս վիճակին՝ Դեմոյանը «Առավոտի» հետ զրույցում նշեց, որ այսօր նկատում է համախմբվածության և էներգիայի պակաս․

«Տեսնում եմ ծերացող համայնք, ոչ թե հասակակից, այլ արժեհամակարգի, համախմբման, պայքարի, էներգիայի պակաս եմ տեսնում։ Ոչ ճիշտ, ոչ գրագետ մոտեցում կա համազգային համախմբումների համար, ճառեր շատ կան, ծրագրեր ու ռազմավարական նախագծեր, բայց իրականում որպես այդպիսին այսօր ոչինչ տեղի չի ունենում։ Եվ հիմա ունենք այս հսկա ժառանգությունը ու պետք է մտածենք՝ ինչպես դա փոխել»,– ասաց նա։

Այցելուները բավականին տպավորված էին ներկայացված արխիվային լուսանկարներով ու ամերիկահայ համայնքի թողած հարուստ ժառանգությամբ։

«Ես բոլոր լուսանկարները հավանեցի, ինձ դուր եկավ, որ հայերը մեծ ներդրում են ունեցել Միացյալ Նահանգների կյանքի մեջ, գիտության մեջ, քաղաքականության մեջ, սպորտում, մշակույթում, աղջկան, որ բուժքույր էր։ Դա կյանքի մի ասպեկտ է և ուրախ եմ, որ այսօր մենք նշում ենք այն»,– նշեց այցելուներից մեկը։

Ցուցադրությունը բաց է այցելուների համար մինչև հոկտեմբերի 31-ը։

Արգինա Փահլևանյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել