Դեֆանս Հաուզինգ Ինվեստ ընկերությունը հանդիսանում է Դեֆանս Հաուզինգ թաղամասի կառուցապատողը, որի հետ պայմանագրային իրավահարաբերության մեջ են գտնվում բուն շինարարական աշխատանքներն իրականացնող տասնյակ կազմակերպություններ։
Յուրաքանչյուր կազմակերպություն պայմանագրային հիմունքներով իրեն հատկացված տեղամասում իր աշխատակիցներով իրականացնում է մասնագիտացված աշխատանքներ, որոնց վերապահված է շինարարական աշխատանքների կազմակերպումը, կատարումը և աշխատանքի անվտանգության նորմերի պահպանումը։
Ի պարզաբանում սեպտեմբերի 29-ին Դեֆանս Հաուզինգ թաղամասում տեղի ունեցած դժբախտ դեպքի վերաբերյալ շրջանառվող տեղեկությունների՝ Դեֆանս Հաուզինգը հայտնում է, որ երեք անձանց մահվան ելքով դժբախտ դեպքը չի եղել շինարարական աշխատանքի ընթացքում, այլ տեղի է ունեցել համապատասխան շինարարական աշխատանքներն ավարտած շինարարական ընկերություններից մեկի կողմից իրեն պատկանող աշտարակային կռունկի ապամոնտաժման ժամանակ, իսկ ողբերգական պատահարի հետևանքով մահացած երեք անձինք չեն հանդիսացել Դեֆանս Հաուզինգ Ինվեստ ընկերության աշխատակիցներ։
Ընկերությունն իր խորին ցավակցությունն է հայտնում մահացած անձանց ընտանիքներին և հարազատներին։
Դեֆանս Հաուզինգը հետաքրքրված է դժբախտ դեպքի օբյեկտիվ և բազմակողմանի քննությամբ և համագործակցում է պատկան մարմինների հետ։
Դեֆանս Հաուզինգի մամլո ծառայություն



















































