Լրահոս
Օրվա լրահոսը

Վրաստանում ՀՀ դեսպանը չի բացառում ազգամիջյան թշնամանքը քաղաքական նպատակների համար կարճաժամկետ ծառայեցնելու փորձերը

Ապրիլ 16,2013 21:06

Սակայն Հովհաննես Մանուկյանը վրացական հասարակության մեջ չի տեսնում բարենպաստ հող այդ վտանգավոր վարակի տարածման համար:

 

Ջավախքի հայերը ապրիլի սկզբին ցույց կազմակերպեցին Թբիլիսիի կենտրոնում: ԶԼՄ-ները հայտնում էին, որ Վրաստանի վարչապետի նստավայրի առջեւ 400 ցուցարարները պահանջում էին վերջ տալ Վրաստանում գործող որոշ քաղաքական ուժերի փորձերին` «թշնամանք սերմանել Վրաստանի ազգությամբ հայ եւ վրացի քաղաքացիների միջեւ»:

«Բազմազգ Վրաստան» կազմակերպության ղեկավար Առնոլդ Ստեփանյանը «Ազատություն» ռ/կ-ին օրերս տված հարցազրույցում նշել էր, որ դա որոշակի քաղաքական երանգ ունեցող պահանջ էր, քանի որ Ջավախքում իշխանությունը գտնվում է նույն այն մարդկանց ձեռքում, ովքեր նախկին իշխող կուսակցության` Ազգային միացյալ շարժման անդամներ են: «Նաեւ խնդրանք կար՝ ուշադրություն դարձնել վրացիների եւ հայերի միջեւ ազգամիջյան թշնամանք հրահրելու փորձերի վրա, որոնց հետեւում հստակ քաղաքական ուժեր կան կանգնած, մասնավորաբար` Ազգային միացյալ շարժումը», – ասել էր Ստեփանյանը՝ հավելելով, որ անզեն աչքով նկատելի է, որ բողոքի ակցիայի հիմնական թիրախը Միխեիլ Սաակաշվիլիի կողմնակիցներին էին, եւ որ բողոքի ակցիայի կազմակերպիչների թիկունքում նկատելի էին վարչապետ Իվանիշվիլիի կողմնակիցների մասնակցությունը:

Վրաստանում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Հովհաննես Մանուկյանին «Առավոտ»-ը հարց ուղղեց, թե Վրաստանի ազգությամբ հայ եւ վրացի քաղաքացիների միջեւ «թշնամանք սերմանելու» մասին ակնարկները, կամ ժամանակ առ ժամանակ Վրաստանի հայությանը ինչ-ինչ գործընթացների հետ կապելը, երկու ժողովուրդների հարաբերությունների միջեւ սեպ խրելու փորձերի վերաբերյալ շարունական հայտարարությունները հիմքե՞ր ունեն, եւ եթե այո, ապա ովքե՞ր են դրանում շահագրգռված:

«Չի կարելի բացառել, որ առանձին մարգինալ ուժեր կամ գործիչներ ազգամիջյան թշնամանքն իրենց նեղ քաղաքական նպատակների համար կարճաժամկետ ծառայեցնելու փորձեր կարող են անել: Սա քաղաքականություն է, եւ նման ռիսկերի հնարավորությունը միշտ պետք է հաշվի առնել: Սակայն վրացական հասարակության մեջ ես չեմ տեսնում բարենպաստ հող այդ վտանգավոր վարակի տարածման համար: Հայ եւ վրաց ժողովուրդների բարեկամությունը թրծվել է պատմական ամենաթեժ պայմաններում եւ մեր ժողովուրդների պատմական հիշողությունն անհաղթահարելի խոչընդոտ է հայ-վրացական բարեկամությանն սպառնացող որեւէ մարտահրավերի առջեւ», նշեց Հովհաննես Մանուկյանը:

Այնուհետեւ Վրաստանում Հայաստանի դեսպանը հավելեց, որ մեր արտաքին-քաղաքական առաջնահերթություններից մեկը Հայաստանի եւ Վրաստանի միջեւ բազմաոլորտ համագործակցության խորացումն է`ի նպաստ մեր ժողովուրդների բարեկեցության եւ տարածաշրջանային անվտանգության: «Բանիմաց քաղաքական գործիչներ եւ ուժեր իրենց գրագետ մոտեցումներով եւ գաղափարներով կարող են իրենց լուման ներդնել այդ համագործակցության հետագա ամրապնդման գործում, սակայն եւ ոչ մի ուժ չի կարող շրջել նրա ուղղությունը: Մեր տարածաշրջանը բազմաբնույթ ու բազմակողմ շահերի հանգույց է եւ տարածաշրջանի բոլոր երկրները կապված են միմյանց, մեր երկրներում տեղի ունեցող գործընթացներն այն աստիճան փոխկապակցված են, որ չեն կարող մնալ առանց փոխազդեցության: Այդ իսկ պատճառով մենք շահագրգռված ենք փոխադարձ կայունությամբ եւ զարգացմամբ», նկատեց Հովհաննես Մանուկյանը:

 

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

Վրաստանում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Հովհաննես Մանուկյանի հետ հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ վաղվա տպագիր «Առավոտ»-ում:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930