Լրահոս
Օրվա լրահոսը

Շաբաթվա սկանդալից մինչև բարի լուր

Ապրիլ 27,2013 21:54

Շաբաթվա սկանդալը եղավ երգչուհիներ Սոնա Շահգելդյանի և Վարսայի միջև: Վերջերս Սոնան որպես իր նոր երգ ներկայացրել էր «Le reve brise» ֆրանսալեզու երգը, իսկ օրերս Youtube-ում և հեռուստատեսությամբ հայտնվեց նույն երգի տեսահոլովակը, բայց արդեն Վարսայի կատարմամբ: Դա էլ դարձավ Սոնայի բարկության պատճառը, երգչուհին պնդում է, թե սա այսպես չի թողնի. «Շարունակում եմ զարմանալ ու զայրանալ…       Այսօր իմացա, որ կոմպոզիտոր Նարինե Զարիֆյանի նոր ֆրանսերեն ստեղծագործությունը, որն իմ մատուցմամբ շաբաթից ավել դիտվել է youtube-յան իմ ալիքում, արդեն ունի իր «տեսահոլովականման վիդեոն» ոմն երգչուհու կատարմամբ:

Երգի հեղինակը նույն ինքը Զարիֆյանն է, երգի ձայնագրված տարբերակն իմ մատուցմամբ է, և արդեն կար տեսահոլովակ նկարահանելու գաղափար և հանկարծ…

…վայ երգչուհին ու ռեժիսորը բուսնեցին և աղավաղեցին կոմպոզիտոր Զարիֆյանի արվեստը, ով այս առիթով նույնպես զայրացած է… Մենք սա այսպես չենք թողնի… », – իր ֆեյսբուքյան էջում գրել է Սոնան: esyes.am-ն  այս մասին զրուցել է Վարսայի հետ, ով նշել է, որ երգի համար վճարել է և այն գնել դեռևս տարիներ առաջ. «Ես շատ հարգում եմ Նարինե Զարիֆյանին, ուղղակի անձնական խնդիրներ են եղել, ինչը, չգիտես ինչու, ազդեց գործունեության վրա: Սակայն  ես այս երգը գնել եմ, այն իմն է և ոչ ոքի ոչինչ չունեմ ապացուցելու: Ես սիրում եմ այն, երգել եմ ու կերգեմ: Ինչ վերաբերում է մնացած  մեկնաբանություներին՝ ինձ համար դրանք զուտ ամբիցիաներ են, ագրեսիայի դրսևորում, ընդամենը՝ հիստերիա և դա ընդհանրապես չի հուզում ինձ»:

Շաբաթվա երաժշտական նորությունն էլ այն է, Հայաստանն այս տարի երիտասարդ կատարողների «Նոր Ալիք» երգի մրցույթի եզրափակիչ փուլում ներկայացնելու է «Հայաստանի ձայնը» նախագծի հաղթող Մերի Մնջոյանը: «Մանկական Նոր Ալիք»-ին Հայաստանը ներկայացնելու է Էլինա Չոլախյանը, այս մասին տեղեկացրել են «ՊանԱրմենիա» մեդիա գրուպի մամուլի ծառայությունից:

Panorama.am-ի փոխանցմամբ, ապրիլի 19-ին և 20-ին տեղի է ունեցել «Մանկական Նոր Ալիք» երգի մրցույթի կիսաեզրափակիչ փուլը, որին Հայաստանից մասնակցում էին Ռուդիկ Գրիգորյանը, Էլինա Չոլախյանը, Անգելինա Գասպարյանը, Տաթև Ենգիբարյանը, Կարապետ Կարապետյանը և Դավիթ Վարդանյանը: Իսկ ապրիլի 21-ին և 22-ին կայացել է երիտասարդական «Նոր Ալիք» մրցույթի կիսաեզրափակիչ փուլը, որտեղ մեր երկրից եզրափակչում հայտնվելուն հավակնում էին Մերի Մնջոյանը, Մարտ Բաբայանը, Նարեկ Մակարյանը, Նիկ Եգիբյանը, Աիդա Քալանթարյանը, Ելենա Տեր-Հովսեփյանը, Արծվիկ Հարությունյանը և Իվետա Մուկուչյանը: Կիսաեզրափակիչ փուլերի արդյունքում հայտնի դարձան այն մասնակիցների անունները, ովքեր եզրափակիչ փուլերում կներկայացնեն Հայաստանը «Նոր ալիք» ամենամյա միջազգային երգի մրցույթում:

Շաբաթվա բարի լուրը եղավ Մանե Հակոբյանի երկրորդ երեխայի ծնունդը: Մանեի քույրը` Սիլվա Հակոբյանը, esyes.am-ին  հայտնել է, որ Մանեն իրեն լավ է զգում, թեև ինքը դեռ չի կարողացել տեսնել նրան:  Սիլվան ասել է, որ ինքը, հայրն ու Մանեի ամուսինը`Հովհաննեսը,  արդեն տեսել են փոքրիկին: «Շատ ճվճվան բալիկ է, կարծում եմ`երգիչ է դառնալու: Ինձ թվում է` իրենց մոտ էլ է ընտանեկան աշխատանք լինելու, մեկը ստեղծագործելու է, մյուսը` երգելու»,- ասել է Սիլվան և հավելել, որ Անուլիկը` Մանեի առաջնեկը, շատ հանգիստ էր նոր ծնված ժամանակ:

Տիգրանուհի Թասլակյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930