Լրահոս
Օրվա լրահոսը

Արտաշատցի 18-ամյա մարզիկը նվաճել է ջիու-ջիթսուի աշխարհի չեմպիոնի կոչումը

Մայիս 03,2013 14:27

Ապրիլի 26-ից 28-ը Ռուսաստանի Սուզդալ քաղաքում անցկացված մարտական ջիու-ջիթսուի աշխարհի առաջնությունում, որին մասնակցում էր 24 երկիր, Հայաստանի ներկայացուցիչ, արտաշատցի 18-ամյա Արսեն Մանուկյանը, հանդես գալով մինչեւ 56 կգ քաշային կարգում, նվաճել է աշխարհի չեմպիոնի կոչումը:

Հայ մարզիկը անցկացրել է երեք մենամարտ: Նախնական մարտերում պարտության է մատնել Տաջիկստանի եւ Ղազախստանի ներկայացուցիչներին, իսկ եզրափակչում վստահ առավելության հասել դաղստանցի մրցակցի նկատմամբ, որը երկու անգամ եղել է 16-17 տարեկանների աշխարհի չեմպիոն:

Այսօր «Ուրբաթ» մամուլի ակումբում, լրագրողների հետ հանդիպմանը, նորընծա չեմպիոնի մարզիչ, Հայկական ջիու-ջիթսուի միջազգային ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Ծատուրյանն ասաց, որ մասնակցության նպատակը աշխարհի առաջնությունում հզոր երկրների հետ մրցակցելն էր եւ ապացուցելը, որ լինելով փոքր ազգ` կարող ենք պայքարել, հաղթել եւ բարձրացնել Հայոց եռագույնը: «Ուրախ եմ, որ մենք դա արեցինք», – ասաց Ռ. Ծատուրյանը: Նրա խոսքերով, աշխարհի առաջնությանը մասնակցելու իրավունք տրվում է միայն այն մարզիկներին, որոնք հաղթահարել են վարկանիշային համապատասխան սանդղակը: Արսենը Հայաստանի բազմակի չեմպիոն է, մասնակցել է Իրանում անցկացված միջազգային սեմինարների, ինչը նրան մասնակցելու իրավունք էր տալիս: «Այսպիսի խիստ սահմանափակումներ դրվում են այն պատճառով, որ ջիու-ջիթսուն բարդ մարզաձեւ է, որտեղ կան հարվածներ, ցավեցնող, խեղդող հնարքներ եւ այն արեւելյան մարտարվեստների հիմքն է», – տեղեկացրեց մարզիչը:

Իսկ Արսեն Մանուկյանն ասաց, որ հավատում էր մարզչին եւ իր ուժերին: «Հինգ տարի է, ինչ մարզվում եմ ջիու-ջիթսուով: Մինչ այդ զբաղվում էի ձյուդոյով: Բայց երբ մեզ մոտ` Արտաշատ եկավ իմ մարզիչ Ռուբեն Ծատուրյանի ամենաանվանի սանը` 2005 թվականին Ճապոնիայում աշխարհի չեմպիոնի կոչումը նվաճած Էդգար Քոլյանը, որը ներկայումս այս մարզաձեւի համաշխարհային լեգենդ է եւ առաջարկեց ուժերը փորձել ջիու-ջիթսուում, հետեւեցի նրա խորհրդին»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031