NEWS.am. Այսօր երեւանում կկայանան արդեն երկրորդ ավագանու ընտրությունները: Ամբողջ մայրաքաղաքում կբացվեն 464 ընտրատեղամասեր: Քաղաքացիները կկարողանան քվեարկել ժամը 08:00-20:00-ը: Ընտրացուցակներում ներառված քաղաքացիների ընդհանուր քանակը 816 457 է:
Ընտրապայքարին մասնակցում են Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, «Բարեւ Երեւան» դաշինքը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, Հայ Ազգային Կոնգրեսը, ՀՅԴաշնակցությունը, «Օրինաց Երկիրը» եւ «Առաքելությունը»:
ՀՀԿ համամասնական ընտրացուցակը գլխավորում է գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանը, «Բարեւ Երեւան»-ինը` «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ եւ Րաֆֆի Հովհաննիսյանի զինակից Արմեն Մարտիրոսյանը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը` ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը, ՀԱԿ-ինը` 90-ականներին քաղաքապետի պաշտոն զբաղեցրած Վահագն Խաչատրյանը, ՀՅԴ-ինը` խորհրդարանական խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը, «Օրինաց երկրինը»` ԱԻ նախարար Արմեն Երիցյանը, իսկ «Առաքելությանը»` Մեսրոպ Առաքելյանը: Ընտրություններն անցկացվում են միայն համամասնական համակարգով` ըստ կուսակցական ցուցակների:


















































