Լրահոս
Օրվա լրահոսը

Գյուղատնտեսության փոխնախարար Գառնիկ Պետրոսյանը վստահեցնում է`«Սերմացուները կտրվեն անհատույց, իսկ վարկերի հարցն օրակարգում է»

Մայիս 17,2013 15:33

Այսօր «Մեդիա կենտրոնում» Արմավիրի տարածաշրջանում կարկուտի հետեւանքով առաջացած խնդիրների պատճառները եւ լուծումները թեմայով քննարկմանը ներկա էին ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Գառնիկ Պետրոսյանը, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությանը առընթեր «Մթնոլորտային երեւույթների վրա ակտիվ ներգործության» ՊՈԱԿ-ի տնօրեն Ռոբերտ Հովսեփյանը, ՀՀ ԱԻՆ «Հայպետհիդրոմետի» օդերեւութաբանական կանխատեսման բաժնի պետ Գագիկ Սուրենյանը, Արմավիրում գործող «Գյուղատնտեսական ասոցիացիա» ՀԿ-ի ներկայացուցիչ Լյովա Իսկանդարյանը:

Պետրոսյանի խոսքով` մայիսի 12-ին տեղի ունեցած կարկուտի հետեւանքով ահռելի վնաս է հասցվել, այժմ շարունակվում է եւ հավանաբար կավարտվի համայնքների աշխատանքը, որի արդյունքները կներկայացվի ՀՀ կառավարությանը` առաջարկությունների համար: «Երեկ կառավարության նիստում էլ անդրադարձ է եղել այս խնդրին, առաջնային քայլերն արդեն արվում է, խնդիր է դրվել աջակցել տուժածներին սերմացուների հարցով, քանի դեռ ժամանակահատվածը թույլ է տալիս կատարել կրկնացան, իհարկե պետք է նշեմ, որ բնականաբար այն բերքը չենք ստանա, ինչ առաջին անգամ էր ակնկալվում: Դրանք տրամադրվելու են անվճար եւ անհատույց: Խնդիր կա խաղողի այգիների սեփականատերերի հարցում, այգիներն ահավոր վնասվել են: Այցելել ենք բոլոր համայնքներ, խնդիրը քննարկվել է գյուղատնտեսության նախարարությունում: Այս պահին լուրջ քայլեր են ձեռնարկվել սերմացուների հետ կապված: Առաջարկություն ենք ներկայացրել համայնքներին՝ ներկայացնել իրենց առաջարկություններն առկա խնդրիների լուծման վերաբերյալ: Նշեմ, որ սրությամբ բարձրացվում են վարկերի հետ կապված խնդիրները, մարդիկ խնդիր են դրել երկարաձգել ժամկետները, կասեցնել տոկոսները ու այս խնդիրները պետք է քննարկվեն»:

Իսկանդարյանը հավելեց, որ փորձում են ներկրել սերմեր, բայց իրեն անհանգստացնում է դրանց որակը` «հետաքրքիր է ինչ սերմեր են ներկրում, որտեղից: Եթե օրինակ՝ ես մեկ հեկտար լոլիկ էի ցանել ու այն փչացել է, ապա չգիտեմ, թե այդ ինչ սերմ պետք է ցանեմ նորից, որ ստանամ այնքան լոլիկ, որքան որ պետք է ստանայի առաջին սերմացուից»: Իսկանդարյանը առաջացած խնդիրներից առանձնացրեց վարկերի հարցը:

Պետրոսյանի խոսքով`սերմացուների հարցում օգտագործողները կարող են անհոգ լինել, որովհետեւ դրանք ձեռք է բերվում մեր հանրապետությունում գործող սերմերի ներկրմամբ զբաղվող տնտեսվարող սուբյեկտներից, որոնցից հենց ձեռք էին բերում գյուղացիները. «Սերմացուների հարցում մտահոգություն չի կարող լինել, իսկ ինչ վերաբերում է դրսի սերմացուներին, ապա դրանք եւս խնդիրներ չեն առաջացնի: Խաղողի եւ պտղատու այգիներում լուրջ անելիքներ կան, իսկ մենք պետք է վաղվա` այսինքն եկող տարվա բերքի հիմքը այսօրվանից դնենք, արագ միջոցներ պետք է ձեռնարկենք: Շատերի մոտ կարծիք կա, որ պետք է վնասված վազը կտրել ու չորս տարի սպասել, բայց ես դրան դեմ եմ, որովհետեւ լուծումներ կան»:

Սուրենյանն էլ ավելացրեց, թե դեռեւս մայիսի ութին նախատեսված էր, որ լինելու է կարկուտ, սակայն կարկտային պրոցեսները բարդ են տեղայնացված, եւ դրանք կանխատեսել հնարավոր չէ:

Հովսեփյանի խոսքով էլ` «ՀՀ ԱԻՆ համակարգում ներառված են 154 հակակարկտային կայաններ, պաշտպանության տակ է գտնվում 13 հազ հա տարածք»:

Պետրոսյանը խոստացավ` «Մոտավորապես 24 տոննա սերմացու գյուղացիներին կառավարության կողմից կտրամադրվի անհատույց, իսկ վարկերի խնդիրն օրակարգում է եւ ուշադրության կենտրոնում:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031