Լրահոս
Օրվա լրահոսը

Տիգրան Մուկուչյանին անհանգստացրել է, երբ ընտրողը կերել է քվեաթերթիկը. «Քվեաթերթիկը պակասեց»

Մայիս 17,2013 21:22

Այսօր ԿԸՀ արտահերթ նիստում քննարկվեց 7/06 ընտրատեղամասում ՀԱԿ հանձնաժողովի անդամ Արշակ Մուսախանյանի դիմում-բողոքը՝ թիվ 7 ԸԸՀ-ի թիվ 74-Ա որոշումն անվավեր ճանաչելու վերաբերյալ:

Արշակ Մուսախանյանը բողոքով պահանջել էր 7/06 ընտրատեղամասի քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչել, քանի որ քվեաթերթիկները հաշվելիս գտել են քվեաթերթիկի չափսի դատարկ հասարակ թղթեր՝ 5 ծրարների մեջ դրված, որոնք համարվել են չսահմանված նմուշի քվեաթերթիկներ եւ պատռվել: Դրանք կասկած են հարուցում, որ «կարուսել» է եղել. «Կարուսելն իրենից ենթադրում է տեղամասից դուրս բերված քվեաթերթիկների վերահսկողություն, երբ դատարկ թերթիկը դուրս է բերվում տեղամասային կենտրոնից, վրան կատարվում է համապատասխան նշում, տրվում է վերահսկվող ընտրողին, վերջինս դա դնում է ծրարի մեջ, իսկ տեղամասից դուրս բերում դատարկ քվեաթերթիկները»: Այդ պայմաններում, ըստ ՀԱԿ ներկայացուցչի, այլեւս անհնար է պարզել քվեարկության արդյունքները, ուստի պետք է անվավեր ճանաչել այն: Արշակ Մուսախանյանը, որպես ապացույց ներկայացրել է տեսանյութ:

Տիգրան Մուկուչյանն ասաց, որ հանձնաժողովի անդամները դիտել են տեսանյութը եւ տեսել են հատվածներ այն պահերից, երբ իսկապես ծրարի միջից դուրս են բերվում դատարկ թղթեր:

Այդ տեղամասում Արշակ Մուսախանյանն ասաց, որ մասնակցել է քվեարկությունը 800 հոգուց ավելի ընտրող:

Տիգրան Մուկուչյանը փորձեց պարզել, թե օրվա ընթացքում ուշիուշով հետեւելով ընթացքին, գոնե մեկ դեպք տեսե՞լ են, որ ընտրողը գրպանից է հանում քվեաթերթիկը, ապացույց ունի՞, որ սա հենց «կարուսելի» արդյունք է. «Կարուսել ասածը գոնե 5-ից 1 հոգու պարագայում բռնվե՞լ է, ինչի՞ հիմքով եք պնդում, որ դա նպաստել է կարուսելին»: ԿԸՀ նախագահը մոտ 1 տասնյակ անգամ այս հարցը տարբեր ձեւակերպումներով ուղղեց ՀԱԿ ներկայացուցչին: Արշակ Մուսախանյանը ստիպված եղավ բազմաթիվ անգամ կրկնել, որ ցավոք, չեն բռնացրել ոչ մեկին, այլ ապացույցներ չունեն, ինչ ներկայացրել են, այնքան կատարյալ մեխանիզմ են կիրառել ընտրակեղծիքի, որ չի ստացվել արձանագրել:

Ըստ Տիգրան Մուկուչյանի, եթե քվեաթերթիկները դուրս են բերվել տեղամասից, իսկ տեղամաս բերվելու հետ կապված որեւէ ապացույց չկա, եթե անգամ  հետին նպատակով դա դուրս է բերվել, այնուամենայնիվ, չի բացառվում, որ վախեցել են եւ չեն իրականացրել: Հետեւաբար 800 ընտրողի քվեարկությունը չհարգել եւ այն անվավեր համարել՝ առանց ապացույց ունենալու, ԿԸՀ-ն համարեց ոչ հիմնավոր եւ մերժեց ՀԱԿ անդամի բողոքը:

«Տեսականորեն ամեն ինչ հնարավոր է, որոշեք ինքներդ: Ես իմ պարտքն եմ համարել ամեն դեպքում բողոքարկել»,- Տիգրան Մուկուչյանի վարկածին համաձայնեց Արշակ Մուսախանյանը:

Ուշագրավ էր, որ երբ վերջինս հարց ուղղեց ԿԸՀ նախագահին, թե ձեզ չի՞ անհանգստացնում այն փաստը, որ ընտրատեղամասում 5 ծրար է հայտնաբերվում՝ դատարկ թղթերով՝ Տիգրան Մուկուչյանը պատասխանեց. «Անհանգստացնում է, դրա համար եմ ուզում հասկանամ էությունը: Ինձ դա էլ է անհանգստացնում, նախորդ ընտրությունների ժամանակ եթե հիշում եք, մի քաղաքացի դուրս եկավ, քվեաթերթիկը հանրային կանգնեց, կերավ, օրինակ, էդ էլ էր քվեաթերթիկը պակասելու դեպք: Քվեաթերթիկը պակասեց՝ դա էլի անհանգստացնող է»:

Ամեն դեպքում ԿԸՀ-ն իր որոշման մեջ մնաց անսասան եւ մերժեց դիմումը՝ գտնելով, որ թիվ 7 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի որոշումը ճիշտ է եղել, անհրաժեշտ է ապացույց՝ գնահատական տալու համար:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031