Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

Գառնիկ Իսագուլյան. «Եթե դա չարվի՝ ուրեմն մենք պետություն չենք»

Հունիս 18,2013 15:23

Եթե Արշակ Սադոյանը այսօր «Հայելի» ակումբում կայացած քննարկման ժամանակ ստանձնել էր Տիգրան Սարգսյանի փաստաբանի դերը՝ փորձելով ամեն կերպ նրանից հեռացնել օֆշորային գոտում ընկերություն հիմնելու կասկածները, պնդելով, որ դա անապացուցելի է , ապա ակումբի մյուս հյուրը՝ «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը, մի քանի անգամ շեշտելով, որ Տիգրան Սարգսյանն իր լավագույն ընկերներից մեկն է, որոշեց գնալ դասական՝ «Պլատոնն իմ ընկերն է, բայց ճշմարտությունն ավելի թանկ է» ուղղությամբ, եւ ասաց. «Այո, դեռ առաջին Գերագույն խորհրդի ժամանակներից Տիգրան Սարգսյանն իմ լավագույն ընկերներից է, եւ կշարունակի իմ ընկերը մնալ՝ անկախ ամեն ինչից: Սակայն ունենք իրականություն. «Հետքը»  հրապարակել է մի փաստաթուղթ, որում մեր պետության երրորդ եւ մեր հոգեւոր իշխանության, ըստ էության, երկրորդ դեմքի անուններն են շոշափվում: Եվ այս դեպքում անպայման պետք է անցկացվի քննություն եւ դա կամ պետք է հերքվի, կամ հաստատվի: Մեր պետությունը եւ հոգեւոր իշխանությունը իրար հետ պարտավոր են ճշտել, թե այդ օֆշորում գրանցված ընկերության հետեւում մեր այդ այրե՞րն են, թե նրանց փոխարեն ուրիշներն են ստորագրել: Եթե դա չարվի, ուրեմն մենք պետություն չենք, էլ ի~նչ ազգային անվտանգության խորհուրդ, էլ ի~նչ ազգային ժողով, էլ ի~նչ կառավարություն, էլ ի~նչ ազգային անվտանգություն… »:

Ընդ որում, պարոն Իսագուլյանը լուրջ խնդիր է տեսնում անգամ այն դեպքում, եթե այդ օֆշորային ընկերությունը գրանցված լինի կեղծ Տիգրան Սարգսյանի եւ կեղծ Կճոյանի անուններով: «Այդ դեպքում որտեղի՞ց երաշխիք, որ վաղը Վեհափառ հայրապետի կամ նախագահի տվյալներով չեն գրանցի: Եթե այդքան հեշտ է ուրիշի անձնագրի տվյալները վերցրնել եւ գնալ գրանցելը, ուրեմն ո՞ւր է մեր ազգային անվտանգությունը:

Եթե մեր պետությունը չկարողանա ապացուցել, որ դա հանցագործություն է, որի արդյունքում վարկաբեկվում են մեր իշխանության եւ հոգեւոր իշխանության կարեւոր մարդիկ, ուրեմն մենք շատ լուրջ անվտանգության խնդիրներ ունենք: Կամ պետք է ապացուցվի, որ ինչ-որ հանցագործներ կատարել են այս ստոր գործարքը, կամ միջոցներ պետք է ձեռնարկվեն, որովհետեւ խոսքը մեր պետության եւ մեր եկեղեցու վարկի մասին է»:

Այստեղ Տիգրան Սարգսյանին պաշտպանելու նպատակով Սադոյանը դիմեց, կարելի է ասել, «գոտկատեղից ներքեւ» հարվածի, եւ ասաց. «Բնական է, որ մեր եկեղեցին միշտ ունեցել է միջոցներ, որոնք ներդրել է եկամտաբեր գործունեության մեջ, եւ այն, թե ինչ է կատարվում եկեղեցու համաշխարհային գործարքներում, մենք չենք կարող պնդել, որ ԱԱԾ-ն մինչեւ վերջ բացահայտի, առավել վտանգավոր է, որ դա լինի լայն հրապարակային»: Սակայն Իսագուլյանը, որպես ազգային անվտանգության պաշտպան եւ «Ազգային անվտանգության» ղեկավար՝ անմիջապես սաստեց Սադոյանին. «Եկեղեցին զերծ է նման բաներից՝ ներդնել, եկամուտներ ստանալ, այն գոյատեւում է մարդկանց նվիրատվությունների , մոմերի վաճառքի շնորհիվ, ուրիշ եկամուտներ չունի: Եվ եթե ինչ-որ անհատներ ինչ-որ գործարքներ են անում, դա եկեղեցու հետ կապ չունի»:

Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930