Լրահոս
Օրվա լրահոսը

Հանքատեր ու գազալցակայանատեր ԲՀԿ-ական պատգամավորը իր բիզնեսը կտեղափոխի՞ Ռուսաստան

Հունիս 19,2013 22:45

Արթիկում տարածված խոսակցությունների համաձայն թիվ 36 ընտրատարածքից մեծամասնական կարգով ընտրված ԲՀԿ-ական պատգամավոր Մուշեղ Պետոյանի ընտանիքը որոշել է վաճառել իր բիզնեսը`քարհանքները, գազալցակայանները` այն տեղափոխելով Ռուսաստան: Ըստ այդ խոսակցությունների, հատկապես ոտքի է կանգնել պատգամավորի հայրը` Արթիկի ավագանու ամենատարեց անդամ Թուրինջ Պետոյանը, ով, ի դեպ, ընտրվել է ամենաշատ ձայներով:

Քիչ առաջ Aravot.am-ը պատգամավորից հետաքրքրվեց, թե որքանո՞վ են իրական նման խոսակցությունները, Պետոյան ընտանիքը մտադրություն ունի՞ բիզնեսը տեղափոխել Ռուսաստան: «Ես անկեղծ ասած այդ մասին չէի լսել, բայց վստահեցնում եմ, որ որեւէ բան վաճառքի հանված չէ, որեւէ հայտարարություն մենք չենք տվել, իհարկե, չէր խանգարի, որ Ռուսաստանում էլ բիզնես ունենայինք, բայց Աստծուն փառք, մենք մեր հայրենիքում էլ մեզ շատ լավ ենք զգում: Մեր բիզնեսները բոլորն էլ եկամտաբեր են, օրինակ` գազալցակայանը աշխատում է իտալական սարքավորումներով, առանց վառելիքի կորստի, եկամտաբեր է, նմանապես ուրիշները իրենց քարհանքներն են փակում, իսկ մերը սկսել է լավ հումք տալ, մենք բողոքելու տեղ չունենք: Իհարկե, եթե ճիշտն ասեմ եղբայրս Անապա է գնում-գալիս, ինչ-որ մտադրություներ ունի, բաց ես նոր եմ ընտրվել, նոր մի տարին լրացավ, ինչպե՞ս կթողնեմ ու կգնամ, կամ ինչո՞ւ: Վերջը սա մեր երկիրն է, մեր հայրենիքը, մեր երեխաների ապագան այստեղ է, եթե բոլորս թողնենք ու գնանք, վերջը ի՞նչ կլինի»,- ասաց պատգամավորը:

Նա նաեւ ասաց, որ ինքը այն պատգամավորներից չէ, ով կփախչի իր բնակիչներից, ընտրողները իրեն են դիմում ամենատարբեր սոցիալական հարցերով` շատ անգամ մտածելով, որ պատգամավորը բարեգործական հիմնադրամի նախագահ է: Սակայն, ըստ Մուշեղ Պետոյանի, ինքը չի կարողանում մերժել ու հնարավորինս օգնում է:

«Եթե էդ բիզնեսները փակենք, ես ո՞նց օգնեմ ասենք Երեւանում սովորող արթիկցի ու մարալիկցի ուսանողներին, տրանսպորտը նրանց համար անվճար է, մոտ 50-60 ուսանողի ամենշաբաթյա ճանապարհածախսը` 3000 դրամ ես եմ տալիս, ամսական կտրվածքով 15-20 հազար դրամ գոնե նրանց ընտանքիները շահում են: Այսօր Արթիկի բասկետբոլի պատանեկան թիմին ուղարկեցի Բաթումի`մրցումների, ես հո իմ պատգամավորի 250 հազար դրամով աշխատավարձով չե՞մ տալիս այս ծախսերը, բիզնեսի հաշվին եմ անում չէ՞: Մեր հիմնած բիզնեսի շնորհիվ մոտ 100 ընտանիք աշխատում է, ապրում է, նորից եմ ասում, հեչ վատ չէր լինի դրսում բիզնես ունենալ, բայց մենք նման մտադրություն չունենք»,-ասաց պատգամավորը:

Իսկ ո՞վ է նման խոսակցություններ տարածում, ո՞վ է Պետոյանների ճամփորդ լինելու մասին երազում, հարցրեցինք մենք: «Երեւի նրանք, ում պաշտոնը ձեռքերից վերցրել ենք»,-կատակեց պատգամավորը:

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930