Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուբեն Թովմասյան. «Մենք` կոմունիստներս, հպարտությամբ ենք նայում այդ պատմությանը»

Հունիս 22,2013 22:27

«Աշխարհի պատերազմների պատմության մեջ երբեք չի եղել այնպիսի պատերազմ, որի ժամանակ այդքան տարբեր ազգերի եւ ազգությունների ներկայացուցիչներ համաժողովրդական պայքար մղեին գաղափարի, տվյալ դեպքում, Սովետական միությունում սոցիալիզմ կառուցելու համար: Որը նման մասսայական հերոսացումների պատճառ լիներ»,- անցյալ դարի այս օրը սկսված Հայրենական մեծ պատերազմի առիթով Aravot.am-ի հետ զրույցում արդեն հպարտությամբ է նկատում Հայաստանի կոմունիստական կուսակցության կենտկոմի առաջին քարտուղար Ռուբեն Թովմասյանը: Ընկեր Թովմասյանն առանձնակի հպարտությամբ է արտասանում իր սիրած նախադասությունը. «Այսօր մեզ դասեր տվող Եվրոպան ընդամենը 116 օրում ծնկի իջավ Հիտլերի առջեւ»: Մեր զրուցակիցը այդպես էլ չի ընդունում Հայաստանի ձգտումը` Եվրոպական միության անդամ լինելու:

Հիշեցնենք, որ Հայրենական մեծ պատերազմին մասնակցել են 600 հազար հայորդիներ, որոնցից 300 հազարը զոհվել են: Հայ ժողովուրդն այդ պատերազմում ունեցավ 5 մարշալ, 110-ից ավելի ՍՍՀՄ հերոսներ, որից երկուսը կրկնակի: Այս թվերը ՀԿԿ ԿԿ առաջնորդին հիմք են տալիս փաստելու, որ Հայաստանն ու հայ ժողովուրդը ոչ թե Հայրենական պատերազմին մասնակից ժողովուրդ է, այլ հաղթանակը կռած ժողովուրդ: Հայրենական մեծ պատերազմում զոհվեց 27 միլիոն մարդ, 8 միլիոն 700 հազարը պատերազմական գործողություններում, մնացյալը համակենտրոնացման ճամբարներում:

Պատմական էքսկուրս կատարելով, մեր զրուցակիցը նկատում է, որ պատերազմի առաջին օրերին Սովետական միության պատրաստվածությունը թույլ էր ու միայն դա էր պատճառը, որ Հիտլերին հաջողվեց հասնել Մոսկվայի մատույցներ: Բայց սովետական ժողովրդի ոգին, հետեւաբար դիմադրությունն ուժեղ էին, ինչը Հիտլերին ստիպեց նահանջել: Ապա Ստալինգրադ, Կուրս, Լենինգրադի հերոսացում… «Ոտքի ելան բոլորը` երգիչներ, բանվորներ, գիտնականներ, դպրոցականներ, կոմոզիտորներ, գրողներ: հանուն հայրենիքի` ամեն ինչ արվեց: Արդյունքում ֆաշիստական կեղտոտ սապոգին թույլ չտվեցին ոտք դնել Լենինի անվան հրապարակ»,- ասում է ընկեր Թովմասյանը` հավելելով, որ այս պատերազմում փայլեց նաեւ Ստալինի կերպարը, ով կարողացավ լավագույնս կազմակերպել եւ վարել ազատագրական պատերազմը` կռելով հաղթանակ: Ընկեր Թովմասյանը, թեպետ այսօր արդեն հպարտությամբ է պատմում Հայրենական մեծ պատերազմի տարիների մասին, բայց ընդգծում է, որ դրանք դաժան տարիներ էին սովետական ժողովրդի կյանքում, որոնք մարդիկ պատվով հաղթահարեցին: «Ոչ մի քայլ ետ, ետեւում Մոսկվան է»,- ընկեր Ստալինի խոսքերն է հիշեցնում ընկեր Թովմասյանը: Հիշեցնում է նաեւ հայտնի արտահայտությունը, որ ռազմաճակատ մեկնելիս արել են մարդիկ, որոնք դեռ կուստոմս էլ չէին ստացել` «Եթե զոհվեմ, համարեք ինձ կոմունիստ»: Հիշեցնում է շրջկոմների փակ դռները` մակագրությամբ` «Բոլորը մեկնել են ռազմաճակատ» ու փաստում. «Ահա այսպիսին էր Կոմունիստական կուսակցությունը, որը հաղթական կռեց: Պատերազմը քանդեց երկիրը, որը հետագայում կարողացանք շատ արագ վերականգնել` մեր աշխատասիրությամբ: Մենք բոլորս պարտավոր ենք հիշելու եւ այդ պաշտպանական պատերազմի կազմակերպիչներին եւ այն մարդկանց, ովքեր իրենց կյանքը տվեցին հանուն Հայրենիքի»:

Այսօր ՀԿԿ շրջանային կոմիտեների ներկայացուցիչներն այցելել են համայնքներում գտնվող Հայրենական մեծ պատերազմի զոհերի հուշարձաններ, ծաղիներ դրել ի հիշատակ զոհվածների: ՀԿԿ ԿԿ անդամներն էլ ծաղիներ են դրել ՍՍՀՄ կրկնակի հերոսներ Բաղրամյանի, Նելսոն Ստեփանյանի, Զաքյանի, ադմիրալ Իսակովի հուշարձաններին: «Թող լույս իջնի այդ պատերազմի զոհերի երբեմն նաեւ անհայտ գերեզմաններին: Թող ամբողջ ժողովուրդը միշտ հիշի այդ պատերազմում իրենց կյանքը տված իր զավակներին: Նաեւ շնորհավորում եմ մեր վետերաններին, նրանք արդեն ընդամենը 1800-ն են: Ես ուզում եմ, որ նրանք գլուխները բարձր լինեն, որ կոմունիստ են եղել, որ նրանք միշտ հպարտ լինեն` անկախ այն սոցիալական պայմաններից, որում այսօր ապրում են` միայն թոշակի կամ առանձին օգնությունների հաշվին: Մենք` կոմունիստներս, հպարտությամբ ենք նայում այդ պատմությանը»:

Անդրադառանալով ԵՄ-ին «ասոցացվելու» կամ անդամագրվելու ներկայիս խոսակցություններին էլ, ընկեր Թովմասյանն ասում է. «Այդ բոլորը կեղծ են: Հայաստանը միայն Եվրասիական միության մեջ կարող է գոյատեւել: Այդ միությունն է, որը դառնալու է Հայաստանի փրկությունը` միայն այդ միությամ մեջ իրեն զգալով իր երկրի լիիրավ տերը»:

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930