Լրահոս
Օրվա լրահոսը

Օգոստոսին մայրաքաղաքում կանցկացվի «Երևանյան ամառ» ծրագիրը

Հուլիս 29,2013 15:30

Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, անդրադառնալով շինարարական հրապարակների կազմակերպման պայմանների պահպանման նկատմամբ իրականացվող աշխատանքներին, հանձնարարել է, դրանց միասնական տեսքի ապահովման նպատակով, ակտիվացնել աշխատանքները շինհրապարակները համապատասխան պաստառներով և անհրաժեշտ այլ պարագաներով կահավորելու ուղղությամբ: 
Ապօրինի շինարարությունների և հողազավթումների կանխման ու դրանց հետևանքների վերացման ուղղությամբ տարվող աշխատանքների հետ կապված քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության պետը զեկուցել է, որ իրականացված ամենօրյա հսկողության արդյունքում հայտնաբերված ինքնակամ շինարարության 3 դեպքի մասով կազմվել են համապատասխան արձանագրություններ, իրականացվել են նաև 3 ապօրինի շինության քանդման աշխատանքներ:
Լենինգրադյան փողոցը Իսակովի պողոտային կապող նոր ավտոմայրուղու և Ուլենցի-Ռուբինյանց փողոցները կապող ավտոճանապարհի կառուցման աշխատանքներին անդրադառնալով՝ «Երևանի կառուցապատման ներդրումային ԾԻԳ» ՊՈԱԿ-ի տնօրենը զեկուցել է, որ Իսակովի պողոտայում երթևեկությունն Էջմիածին-Երևան ուղղությամբ վերականգնվել է, առաջիկայում կբացվի նաև երկրորդ ուղղությունը: Ուլնեցի-Ռուբինյանց հատվածում էլ ավարտվել են ծրագրի երկրորդ փուլով նախատեսված աշխատանքները:
Մայրաքաղաքում շարունակվում են փողոցների և բակային տարածքների փոսանորոգման և ճաքալցման աշխատանքները: Շինարարության և բարեկարգման վարչության պետը զեկուցել է, որ աշխատանքների որակի և ժամկետների նկատմամբ քաղաքապետի հանձնարարությամբ սահմանված է խիստ հսկողություն:
Հանձնարարվել է քայլեր ձեռնարկել ուղետարների վերանորոգման աշխատանքների կազմակերպման ուղղությամբ:
Տրանսպորտի վարչության պետը զեկուցել է, որ շարունակվում են ընթացիկ ասֆալտապատման աշխատանքներ իրականացված փողոցների, ինչպես նաև մայրաքաղաքի մշակութային, կրթական, առողջապահական հիմնարկների հարակից փողոցների գծանշման աշխատանքներ: Ըստ այդմ, գծանշվել են 33 դպրոցների հարակից հատվածներ, տեղադրվել է 50 նոր, վերանորոգվել 16 ճանապարհային նշան: Անդրադառնալով հասարակական տրանսպորտի սպասարկման որակի նկատմամբ շարունակվող հսկողությանը՝ տրանսպորտի վարչության պետը զեկուցել է, որ հայտ է ներկայացվել ավտոբուսային երթուղիների մրցույթին մասնակցելու նպատակով:
Երևանի ներքաղաքային ավտոբուսային կանոնավոր փոխադրումների երթուղիների մրցույթների անցկացման գործընթացի հետ կապված՝ քաղաքապետը հանձնարարել է ԶԼՄ-ներով և հնարավոր այլ միջոցներով իրազեկել հանրությանը հայտարարված մրցույթների և դրանց անցկացման վերաբերյալ:
Տարոն Մարգարյանը հանձնարարել է նաև քայլեր ձեռնարկել կանոնավոր ուղևորափոխադրումների վարձը վերանայելու մասին Երևանի քաղաքապետի որոշման հետ կապված քննարկումներ կազմակերպելու նպատակով ձևավորվող հանձնաժողովի աշխատանքներում շահագրգիռ բոլոր կողմերի ներկայացուցիչներին ներգրավելու ուղղությամբ:
Զեկուցվել է, որ շարունակվում են օբյեկտներին հարակից ընդհանուր օգտագործման տարածքների պարտադիր բարեկարգման, սանիտարական մաքրման աշխատանքները: Նախորդ շաբաթ պարտադիր բարեկարգման նորմերը չպահպանելու համար կազմվել է 90 վարչական արձանագրություն:
Քաղաքապետի հանձնարարությամբ օգոստոսի 1-ից 31-ը մայրաքաղաքում կանցկացվի «Երևանյան ամառ» միջոցառումների ծրագիրը: Մայրաքաղաքում իրենց ամառային հանգիստ անցկացնող երեխաների առօրյան առավել բովանդակալից դարձնելու նպատակով կկազմակերպվեն մշակութային միջոցառումներ: Ծրագրի շրջանակում կանցկացվի նաև առողջապահական ակցիա:
«Հաշվի առնելով, որ օգոստոս ամիսը Երևանում, մշակութային միջոցառումների տեսանկյունից, համեմատաբար պասիվ շրջան է, իրենց հանգիստը մայրաքաղաքում անցկացնող մեր համաքաղաքացիների համար պետք է ապահովենք հնարավորին ակտիվ հանգիստ: Այդ նպատակով կազմակերպվող «Երևանյան ամառ» ծրագրի իրականացման ուղղությամբ պետք է ձեռնարկել համապատասխան քայլեր՝ այն բարձր մակարդակով կյանքի կոչելու համար: Ծրագրի շրջանակում քաղաքապետարանի ենթակայության բուժհաստատություններում կկազմակերպվի նաև առողջապահական ակցիա, որի շրջանակում մեր բնակչությունը հնարավորություն կունենա մի շարք ուղղություններով ստանալու անվճար բուժօգնության», – ընդգծել է Տարոն Մարգարյանը:
Քաղաքապետը հանձնարարել է նաև նախապատրաստական աշխատանքներ տանել ՀՀ սահմանամերձ գոտիներում և ԼՂՀ-ում երևանաբնակ ժամկետային զինծառայողների ծնողների, մասնավորապես, սոցիալապես անապահով ընտանիքների զորամասեր այցելությունները կազմակերպելու ուղղությամբ:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031