Լրահոս
Օրվա լրահոսը

Արամ Սիմոնյան. «Ակտիվիստներն ուզում են կազմաքանդել համալսարանը»

Օգոստոս 01,2013 11:15

«Բիզնեսի բանջարը ուսման հանճարին վնաս է» կարգախոսով շուտով բուհերի ուսանողները կսկսեն քաղաքացիական անհնազանդության ակցիաներ ընդդեմ վարձավճարների բարձրացման: «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում արդեն «Մենք դեմ ենք ուսման վարձավճարների թանկացմանը» խումբ է բացվել, որին այս կարճ ժամանակահատվածում միացել են բազմաթիվ քաղաքացիներ, առայժմ հաշվարկներ են անում ու պայքարի մեխանիզմները մանրակրկիտ քննարկում:
Թեմայի շուրջ երեկ «Հրապարակը» զրուցեց Երեւանի պետական համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանի հետ, ով վստահեցնում է, որ ուսման վարձավճարների թանկացման դեմ պայքարը ոչ մի հաջողություն էլ չի գրանցելու: Ըստ Սիմոնյանի, պետական բուհը պետությունից ֆինանսավորվում է 1/3-ի չափով, մնացածը բուհն է լրացնում վճարների, գիտական գրանտների, կրթական ծառայությունների միջոցով: Եվ ահա, որպես լրացուցիչ հանգամանք, այս տարի ուսման վարձավճարները բարձրացվեցին 50-100 հազար դրամով, ինչն Արամ Սիմոնյանը «փոքրիկ բան» է համարում, եւ դա, նրա խոսքով, չի կարող ազդել դիմորդի ծնողի գրպանի վրա:
– Վճարները բարձրացնելով՝ ինչպե՞ս եք ուսման որակը բարձրացնելու: Նոր գրքեր եք գնել, նոր տեխնիկայով եք համալրել, դասախոսներ եք արտասահմանից հրավիրել, ի՞նչ եք արել, որ անհրաժեշտ էր ուսման վարձավճարը թանկացնել:
– Աշխատավարձը մոռացե՞լ եք, դասախոսը չի՞ ուզում ապրի, թե՞ նրանք են ուզում ապրեն, ովքեր պայքարում են վարձն իջեցնելու համար: 3 հազար աշխատող ունի համալսարանը, նրանց ճակատագիրը ոչ մեկին չի՞ հուզում:
– Ակտիվիստների նախնական հաշվարկների համաձայն՝ շատ քիչ բարձրացնելով անգամ հնարավոր էր ապահովել այդ աշխատավարձը:
– Այդ ո՞վ է էդ «խելոքը», թող գա, մի հատ տեսնեմ՝ էդ ի՞նչ կախարդական փայտիկով հաշվարկներ է անում. ավազի վրա փայտիկով գրված հաշիվներ են դրանք, լուրջ տնտեսական հաշվարկ դրանցից ոչ մեկ չի արել, եթե անեն, կտեսնեն, որ վարձի բարձրացումները շատ քիչ տոկոս են կազմում, մեղմ բարձրացում է դա, ուսանողի գրպանին այնքան էլ չի խփում: Մի հատ թող գան, տեսնեն՝ ինչ սոցիալական փաթեթներ կան, ինչ զեղչեր, միայն թերթերում գրելով ու փողոց դուրս գալով չի, պետք է խորանալ պրոբլեմի մեջ, ոչ թե քաղաքական դիվիդենտներ շահելու համար… Թող լուրջ վերլուծություն անեն, բայց նրանց խելքը չի կտրում դա անեն, նրանք ուրիշ խնդիրներ են լուծում, թող նստեն, վերլուծեն, տեսնեն, թե ինչպիսի գործընթաց է ու ինչ ապահովություն պիտի ունենա:
– Իսկ կրթաթոշակներն ինչի՞ չեք բարձրացնում: Մոտ 2 տասնամյակ 5 հազար դրամ է:
– Դա պետության խնդիրն է, պետությունն է սահմանում թոշակը` ըստ անվճար ուսուցման ուսանողների քանակի: Ես կուզեի վերանայվեր, բայց եթե միջոցներ լինեին, կվերանայվեր:

Գայանե Սարիբեկյան
Հոդվածն ամբողջությամբ կարող եք ընթերցել այսօրվա «Հրապարակ» թերթում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031